ՀՀ-ն կոչ է արել կանխել գրոհայինների ներհոսքը Մերձավոր Արեւելք - Mediamax.am

Հոկտեմբեր 03, 2025
7632 դիտում

ՀՀ-ն կոչ է արել կանխել գրոհայինների ներհոսքը Մերձավոր Արեւելք


Էդվարդ Նալբանդյանը
Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ասել է, որ Հայաստանը խորապես մտահոգված է Մերձավոր Արեւելքում ծավալվող իրադարձություններով:

Այս մասին ՀՀ ԱԳՆ ղեկավարն ասել է Փարիզում՝ Մերձավոր Արեւելքում կրոնական եւ ազգային փոքրամասնությունների դեմ բռնությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովին:

 

«Սիրիայում եւ Իրաքում ահաբեկչական ուժերի կողմից հետապնդվող էթնիկ եւ կրոնական խմբերի պաշտպանությունը պահանջում է գործողությունների համադրում եւ համակողմանի աջակցություն, այդ թվում՝ հումանիտար օգնության տրամադրում ինչպես փախստականներին, այնպես էլ՝ այն վտանգված համայնքներին, որոնք ահաբեկիչների թիրախ են դարձել։ Միջազգային աջակցությունը չպետք է տարանջատվի առաջնային եւ երկրորդական ուղղությունների եւ պետք է տրամադրվի բոլոր տուժածներին»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

 

Նա պատահական չի համարել, որ ահաբեկչական խմբավորումները պատերազմ են վարում այս տարածաշրջանի ժողովուրդների մշակութային ժառանգության դեմ:

 

«Բազմաթիվ իսլամական սրբավայրերի, հնամյա Պալմիրայի եւ Նիմրուդի մշակութային կոթողների ավերումը, Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող Դեյր էլ Զորի Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումը եւ նմանօրինակ այլ վայրագությունները քաղաքակրթության դեմ գործված հանցանքներ են»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

 

Էդվարդ Նալբանդյանը կոչ է արել անհապաղ կերպով մշակել մեխանիզմներ՝ զրկելու ահաբեկիչներին միջոցներից, ֆինանսական աղբյուրներից եւ խոչընդոտելով օտարերկրյա գրոհայինների ներհոսքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին