Ներկայացվել է Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի բնույթը - Mediamax.am

Հունվար 17, 2026
7359 դիտում

Ներկայացվել է Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի բնույթը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն այսօր ասել է, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր համաձայնագրում կպահպանվեն առեւտրատնտեսական համագործակցության բոլոր 28 ոլորտները, որոնք ավելի վաղ տեղ էին գտել ՀՀ-ԵՄ միջեւ բանակցված Ասոցացման համաձայնագրում:

Գարեգին Մելքոնյանն ասել է, որ ոլորտային 28 ուղղությունները կվերանայվեն, սակայն դրանցից որեւէ մեկը դուրս չի մղվի նոր համաձայնագրից:

 

«Ասոցացման համաձայնագրում կային քաղաքական, իրավապայմանագրային եւ 28 տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ բլոկներ: Դրանցից առանձին կար նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիր (ԽՀԱԱՀ-DCFTA), որը ենթադրում էր մաքսերի փոխադարձ զրոյացում: ԽՀԱԱՀ-ին վերաբերող որոշ տարրեր, ինչպես օրինակ տարիֆային արտոնությունը, մաքսերի զրոյացումը, նոր համաձայնագրում չեն ներառվի՝ հաշվի առնելով ՀՀ պարտավորությունները ԵՏՄ շրջանակում: Սակայն մի քանի ոլորտներ համաձայնագրի առեւտրատնտեսական հատվածից կպահպանվեն, օրինակ՝ համագործակցությունը գիտության, բնապահպանության, հանքարդյունաբերության, տնտեսական երկխոսության, էներգետիկայի, ֆինանսական ծառայությունների, տուրիզմի, գյուղատնտեսության, տարածքային զարգացման եւ այլ ոլորտներում: ԽՀԱԱՀ-ից կներառվեն նաեւ մտավոր սեփականության պաշտպանության, որակի ենթակառուցվածքների, սննդի անվտանգության, մաքսային համագործակցության, վեճերի կարգավորման ոլորտներում համագործակցությունը»,- ասել է Գարեգին Մելքոնյանը:

 

Նա հիշեցրել է, որ դեռեւս այս տարեսկզբին ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ անցկացվել են մասնագիտական քննարկումներ:

 

«Այդ աշխատանքների նպատակն էր քննարկել, հասկանալ, թե Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո ինչպիսի՞ օրակարգ է հնարավոր ձեւավորել: Բանակցային տեսանկյունից այդ քննարկումներն օգտակար էին, քանի որ հիմա մենք ունենք այն ընկալումը, թե ինչի շուրջ ենք խոսելու եւ նոր համաձայնագրում ինչ կարող ենք ներառել»,- ասել է փոխնախարարը:

 

«Հիմնվելով նախկինում բանակցված փաթեթի վրա՝ այսօր ունենք լավ նախադրյալներ այս բանակցություններն արագ տեմպերով առաջ տանելու համար:  Հուսով եմ` մինչեւ տարեվերջ կտրվի բանակցությունների մեկնարկը»,- հավելել է Գարեգին Մելքոնյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին