«Լավրովի փաստաթուղթ» գոյություն չունի, ասել է Լավրովը - Mediamax.am

5920 դիտում

«Լավրովի փաստաթուղթ» գոյություն չունի, ասել է Լավրովը


ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հարցով «Լավրովի փաստաթուղթ» գոյություն չունի:

Այդ մասին Սերգեյ Լավրովն ասել է Մոսկվայում՝ մեկնաբանելով լուրերն այն մասին, թե բանակցային սեղանին դրվել է այսպես կոչված «Լավրովի փաստաթուղթը կամ առաջարկը»:

 

«Լավրովի փաստաթուղթ գոյություն չունի: Կան մի շարք փաստաթղթեր՝ շուրջ 5-ը, որոնք համանախագահները պատրաստել են բանակցությունների տարբեր փուլերում, երբ խոսքը կարգավորման հիմնական սկզբունքների ձեւավորման մասին էր: Այնուհետեւ այդ սկզբունքների հիման վրա պետք է մշակվեր խաղաղության պայմանագիրը, որն իրավական պարտադիր ուժ կունենար:

 

2007-ից ի վեր մշակվող այդ փաստաթղթի որոշ տարբերակներ համանախագահների կողմից ի պահ հանձնվել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին եւ պահվում են այդ կազմակերպության սեյֆերում:

 

Դրանք միակ թղթերն են, որ կարելի է փաստաթուղթ համարել, հաշվի առնելով, որ դրանցից եւ ոչ մեկը չի հանգեցրել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի բոլոր բաղադրիչների լուծմանը, իսկ աշխատանքները տարվում են «ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ» սկզբունքով: 

 

Ռուսաստանյան կողմը դեռ 2010-ից, երբ նախագահն էր Դմիտրի Մեդվեդեւը, ջանքեր էր գործադրում, որպեսզի լուծումներ գտնվեն այն հարցերի շուրջ, որոնք կողմերը դեռ չեն համաձայնեցրել: Դա օգնեց որոշ հարցերում առաջ գնալ, իսկ հետո բավական տեւական դադար տեղի ունեցավ, այն բանից հետո, երբ Կազանի գագաթաժողովում 2011թ. հունիսին, հակառակ սպասումներին, չհաջողվեց պայմանավորվել հիմնական սկզբունքների մասին փաստաթղթի շուրջ:

 

Երբ նախագահ Պուտինը հերթական անգամ ընտրվեց իր պաշտոնում, նա հանդիպեց Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ, եւ երեք նախագահների հանձնարարականի համաձայն՝ մենք փորձեցինք վերսկսել լուծումների որոնման աշխատանքները: Նման լուծումներ այժմ փնտրվում են գաղափարների, բարձրաձայն մտորումների մակարդակով: Ես մի քանի հանդիպում ունեցա իմ՝ հայաստանցի եւ ադրբեջանցի գործընկերների հետ, մենք այդ ամենը քննարկում ենք ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համանախագահների հետ: ԵԱՀԿ-ին փոխանցվածներից բացի այլ փաստաթղթեր գոյություն չունեն»,- ասել է Լավրովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին