ԵԽԽՎ-ում հայ պատվիրակների հայտարարությունը - Mediamax.am

1700 դիտում

ԵԽԽՎ-ում հայ պատվիրակների հայտարարությունը


Լուսանկարը` PACE/Photolure


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակությունը հաղորդագրություն է տարածել՝ կապված այսօր վեհաժողովում խնդրահարույց երկու բանաձեւերի քվեարկության հետ:

«Հարցի առնչությամբ հայկական կողմը նախապես իրականացրել էր համապատասխան աշխատանք, այդ թվում՝ հանդիպումներ էր ունեցել ԵԽԽՎ պատվիրակների հետ ու ներկայացրել իր դիրքորոշումներն ու մտահոգությունները բանաձեւերում տեղ գտած ձեւակերպումների առնչությամբ, որոնք համահունչ չէին միջազգային հանրության ու, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիայի, ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի կողմից արտահայտած դիրքորոշումներին ու հայտարարություններին»,- ասված է հաղորդագրությունում:

 

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունն ընդգծել է, որ բանաձեւերը մեծապես խեղաթյուրում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմությունն ու էությունը եւ անթույլատրելիորեն միջամտում խաղաղ կարգավորման գործընթացին, ինչի մասին են վկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունվարի 22-ի ու ավելի վաղ արված մյուս հայտարարությունները, ինչպես նաեւ լիագումար նիստում բազմաթիվ պատվիրակների ելույթները:

 

«Խորհրդարանական վեհաժողովի անդամները, ըմբռնելով պահի պատասխանատվությունը, քվեարկության արդյունքում մերժեցին Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» տխրահռչակ բանաձեւը:

 

Ինչ վերաբերում է Սարսանգի վերաբերյալ բանաձեւին. ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ, անտեսելով միջազգային հանրության կարծիքը, դրսեւորելով միակողմանի մոտեցում, քվեարկեցին դրա ընդունման օգտին՝ այդպիսով հումանիտար-տեխնիկական բնույթի զեկույցին տալով քաղաքական բովանդակություն»,- նշել են ԵԽԽՎ-ում հայ պատվիրակները:

 

Նրանք երախտագիտություն են հայտնել ԵԽԽՎ այն պատվիրակներին, որոնք «իրենց վճռական դիրքորոշմամբ մերժել են Ռոբերտ Ուոլթերի՝ ԼՂ կարգավորման համար վտանգավոր զեկույցը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին