Թուրքերը չեն կողմնորոշվում իրական աշխարհում, ասել է Լավրովը - Mediamax.am

7654 դիտում

Թուրքերը չեն կողմնորոշվում իրական աշխարհում, ասել է Լավրովը


Սերգեյ Լավրովը եւ Ահմեդ Դավութօղլուն
Սերգեյ Լավրովը եւ Ահմեդ Դավութօղլուն

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «թուրք ղեկավարները բացարձակ կորցրել են իրական աշխարհում կողմնորոշվելու ընդունակությունը»:

«Աստիճանաբար ավելի ոչ ադեկվատ դարձող Թուրքիայի գործողություններին մենք ուշադրություն էինք հրավիրում դեռ այն ժամանակ, երբ մեր ռազմատիեզերական ուժերը չէին սկսել աշխատանքները Սիրիայում: Միայն այն պատճառով, որ մենք կտրականապես դեմ էինք Բաշար Ասադի պաշտոնաթողությունը պահանջող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին, թուրքերը սկսել էին մեզ մեղադրել աշխարհի բոլոր մեղքերի համար», - ասել է Լավրովը «Московский комсомолец» թերթին տված հարցազրույցում:

 

«Անցած տարվա ամռան սկզբին Էրդողանը հայտարարել էր, թե «մենք կարող ենք ռուսներին փոխարինել՝ գտնելով այլ առեւտրային գործընկերներ»: Անցած տարվա սեպտեմբերին Մոսկվայի Սոբորնայա մզկիթի բացմանը գտնվելիս, Թուրքիայի նախագահը իրեն որոշ արտահայտություններ թույլ տվեց, որոնք ոչ մի հյուր իրեն թույլ չի տա բարեկիրթ հասարակությունում», - նկատել է ռուսաստանցի նախարարը:

 

«Թուրքիայում շարունակվում են խոսակցությունները, որ պետք է Սիրիայի տարածքում ISIS-ից ազատ անվտանգության գոտի ստեղծել: Բոլորը հասկանում են, որ խոսքը գնում է երկու քրդական անկլավների արանքում գտնվող սահմանի հատվածի մասին, որոնց ուժերի միավորումը Թուրքիան իր համար անթույլատրելի է համարում: Տեղեկություններ կան, որ ISIS-ի ղեկավարությունը շարունակում է գաղտնի շփումներ ունենալ Թուրքիայի ղեկավարության հետ: Նրանք քննարկում են ներկա իրավիճակում գործողությունների տարբերակները, երբ մեր հարվածների պատճառով մաքսանենգության ավանդական երթուղիների հնարավորությունները էապես սահմանափակվել են», - հայտարարել է Սերգեյ Լավրովը:

 

Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը կարծիք է հայտնել, որ Թուրքիան չի իրագործի իր սպառնալիքը եւ լայնածավալ ներխուժում Սիրիայի տարածք չի իրականացնի:

 

«Չեմ կարծում, թե ամերիկացիների կողմից ղեկավարվող կոալիցիան, որի մեջ մտնում է նաեւ Թուրքիան, կգնա նման անխելամիտ քայլերի», - ասել է Լավրովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին