ԵՄ հայտարարությունը ՀՀ ընտրական բարեփոխումների վերաբերյալ - Mediamax.am

4631 դիտում

ԵՄ հայտարարությունը ՀՀ ընտրական բարեփոխումների վերաբերյալ


ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին
ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը հայտարարել է, որ «ընտրական օրենսգրքի փոփոխությունը պետք է իրականացվի ներառական կերպով, եւ այդ գործընթացի շահագրգիռ բոլոր կողմերը պետք է ներդնեն բոլոր ջանքերը՝ ընդգրկուն համաձայնության հասնելու համար»:

Այս մասին ասված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանրաքվեի փորձագիտական թիմի վերջնական զեկույցի վերաբերյալ ԵՄ պատվիրակության հրապարակած հայտարարության մեջ, որը համաձայնացվել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ:

 

«Իշխանությունների՝ հանրության վստահությանն ուղղված ջանքերի միջոցով պետք է համաձայնություն գտնել այնպիսի առանցքային հարցերի շուրջ, ինչպես ընտրողների գրանցումը, ընտրություններից հետո ընտրողների ցուցակի հրապարակման հնարավորությունը կամ այլ տարբերակները, որոնք կանդրադառնան առկա կարծրատիպերին, համաձայն որոնց՝ Հայաստանում չգտնվող քաղաքացիների ներկայությունն ընտրացուցակներում կարող է անդրադառնալ ընտրությունների արդյունքների ամփոփման վրա»,-  ասված է հայտարարության մեջ:

 

Պատվիրակությունը նշել է, որ պետք է բարելավել ընտրողների ռեգիստրի ճշգրտությունը, ներդնել արդյունավետ ու հետեւողական երաշխիքներ՝ բազմակի քվեարկությունը բոլոր միջոցներով բացառելու համար:

 

Բողոքների եւ բողոքարկումների իրավական շրջանակները պետք է վերանայվեն՝ երաշխավորելով առավել արդյունավետ միջոցներ չարաշահումների դեմ:  

 

«Մենք վերահաստատում ենք մեր մոտեցումն առ այն, որ բոլոր կեղծարարությունների թափանցիկ հետաքննության եւ դրանց դեմ միջոցներ չկիրառելու դեպքում հանրաքվեն կարող է լինել բաց թողնված հնարավորություն ՝ Հայաստանում ընտրական գործընթացի վերաբերյալ վստահությունն բարելավելու տեսանկյունից»,- ասված է հայտարարության մեջ:

 

ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանում ներքաղաքական, սոցիալական եւ տնտեսական բարեփոխումներին՝  հիմնված երկկողմ համագործակցության նոր իրավական շրջանակի եւ Արեւելյան գործընկերության ավելի լայն համատեքստի վրա:  

 

ԵՄ-ն հորդորել է 2017թ. խորհրդարանական ընտրություններին ապահովել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության, ինչպես նաեւ տեղական դիտորդների մասնակցությունը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին