ՀՀ դեսպանը ՄԱԿ-ում խոսել է արցախահայության ինքնորոշման մասին - Mediamax.am

6558 դիտում

ՀՀ դեսպանը ՄԱԿ-ում խոսել է արցախահայության ինքնորոշման մասին


ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում խոսել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին:

Մասնակցելով  «ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների եւ սկզբունքների նկատմամբ հարգանքը՝ որպես միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման առանցքային տարր» խորագրով ԱԽ բաց քննարկմանը՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ ինքնիշխանության, չմիջամտելու եւ տարածքային ամբողջականության պահպանման քողի տակ հաճախ խեղաթյուրվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

 

Ըստ դեսպանի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նվաճել է իր ինքնորոշման իրավունքը, մինչդեռ Ադրբեջանի ատելության եւ ագրեսիայի, մարդու իրավունքների ոտնահարման մշակույթը, շարունակվող ռազմատենչությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ խաղաղ բանակցային գործընթացի մերժումը սպառնում է ԼՂ ժողովրդի ֆիզիկական գոյությանը:

 

ՀՀ դեսպանը կարեւորել է միջազգային հանրության համախմբված աջակցությունը բանակցային գործընթացին:

 

Անդրադառնալով ինքնիշխանության սկզբունքին՝ ՀՀ դեսպանը նշել է, որ այն իր մեջ կրում է պատասխանատվություն, իսկ անպատասխանատու ինքնիշխանությունը սպառնում է միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը: Ըստ նրա՝ խաղաղ եւ ներառական հասարակություն կառուցելու պետությունների պատասխանատվությունը նույնքան կարեւոր է, որքան ինքնիշխանությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին