Ճնշումը Ալիեւների վրա սաստկանում է - Mediamax.am

9913 դիտում

Ճնշումը Ալիեւների վրա սաստկանում է


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը կոչ է արել հետաքննել այն քաղաքական գործիչներին, բանկերին եւ ընկերություններին, որոնք օգնել են Եվրոպայում Ադրբեջանի համբավը մաքուր ցույց տալու համար, եւ, հարկ եղած դեպքում, պատժել հանցագործներին:

ԹԻ-ն հայտարարել է, որ մեկնարկելու է ազգային եւ միջազգային ջատագովության արշավներ` թիրախավորելով փողերի լվացման դեմ պայքարը` բացահայտելու կոնկրետ հանցագործությունը եւ կոչ անելու միջազգային կազմակերպություններին, ներառյալ Եվրոպայի խորհրդին, հետաքննելու ոչ պատշաճ վարքագիծը եւ ձեռնարկելու ուղղիչ գործողություններ:

 

Կոչին նախորդել է վեց երկրների (Չեխիա, Դանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Միացյալ Թագավորության եւ ԱՄՆ) լրագրողների կողմից իրականացված հետաքննությունը կասկածելի ֆինանսական ցանցի վերաբերյալ, որը գումար է փոխանցել ազդեցիկ անձանց կաշառելու համար ստեղծված ադրբեջանական 2,9 միլիարդ ԱՄՆ դոլարանոց հիմնադրամից: Վերջինիս միջոցներով գումարներ են վճարվել որոշումներ կայացնողներին եւ  եվրոպացի ազդեցիկ անհատներին:

 

«Վրդովեցուցիչ է տեսնել, թե ինչպես են այնպիսի պատկառելի հաստատություններում, ինչպիսին է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, որոշ քաղաքական գործիչներ վաճառքի հանվում եւ գումարի դիմաց աչք փակում կոռուպցիայի, ինչպես նաեւ մարդու իրավունքների ոտնահարումների վրա: Նրանք պետք է պատժվեն, եւ մենք ճնշում կգործադրենք իշխանությունների վրա, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն: Պատմությունն այստեղ չի ավարտվում»,- ասել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի նախագահ Խոսե Ուգասը:

 

Հետաքննությամբ պարզվել է, որ ֆինանսական ցանցի կենտրոնը Դանիայում ազդեցիկ «Դանսկե» բանկն է եւ հատկապես այդ բանկի մասնաճյուղը Էստոնիայում: Նաեւ մատնանշվում են չորս կեղծ ընկերություններ, որոնք հիմնադրվել են Միացյալ Թագավորությունում` գաղտնի օֆշորային սեփականատերերով, ովքեր փող են ստացել ազդեցիկ անձանց կաշառելու համար ստեղծված հիմնադրամից: Բացի դրանից, հայտնի է, որ անհատներն ու քաղաքական գործիչները վճարումներ են ստացել Գերմանիայի եւ ՄԹ այս ընկերություններից:

 

Զեկույցները ցույց են տալիս, որ այդ փողն ստացած քաղաքական գործիչներն ու խորհրդականներն այնպիսի դիրք ունեն, որ ազդում են Ադրբեջանում մարդու իրավունքների չարաշահման վերաբերյալ փաստաթղթերին առնչվող որոշումների կայացման վրա ԵԽԽՎ-ում: Վճարումների նպատակն է սահմանափակել մարդու իրավունքների ոտնահարմանը եւ ընտրակեղծիքներին առնչվող այն տեղեկատվությունը, որ կարող է վնաս հասցնել երկրի համբավին:

 

«Այս հետաքննությունները ցույց են տալիս, որ անգամ այն երկրներում, որտեղ կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի են հասցված, ինչպես Դանիայում է, որը ԹԻ կոռուպցիայի ընկալման համաթվի արժեքով աղյուսակի առաջատար դիրքերում է գտնվում, կարգավորող մարմինները դեռեւս ձախողում են փողերի լվացման դեմ օրենսդրության կիրառումը», - ավելացրել է Ուգասը:

 

Թրանսփարենսի Ինթերնեշնլը, որն այդ պատմությունը բացահայտած` Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագծի գործընկերն է, ճնշում կգործադրի համապատասխան իշխանությունների վրա՝ ապահովելու, որ ցանկացած իրավախախտում հետաքննվի եւ պատժվի եւ կարգավորման սողանցքերը փակվեն:

 

Որպես առաջին քայլեր Թրանսփարենսի Ինթերնեշնլը՝

 

- ապացույց կներկայացնի ԵԽԽՎ-ի կոռուպցիան հետաքննող հատուկ խմբին սեպտեմբերի 7-ին եւ կպահանջի լիարժեք, թափանցիկ հետաքննություն;

 

- կապահովի ԱՄՆ իշխանություններին վերաբերող հետաքննությանն առնչվող փաստաթղթեր, քանի որ Ադրբեջանի Միջազգային բանկը տեղակայված է Միացյալ Նահանգներում;

 

Ազդեցիկ անձանց կաշառելու համար ստեղծված հիմնադրամը նաեւ սատարում է Ադրբեջանի իշխող ընտանիքի եւ մերձավոր մեղսակիցների ցանցի, այդ թվում` Գերմանիայի եւ այլ երկրների ընկերությունների առաջնորդների եւ քաղաքական գործիչների շռայլ կենսակերպը: Հետաքննությունների արդյունքում պարզվել է, որ գումարն օգտագործվել է Չեխիայում ֆուտբոլի ակումբ, թանկարժեք իրեր, եւ կարեւոր անշարժ գույք գնելու համար:

 

Թրանսփարենսի Ինթերնեշնլը նաեւ՝

 

- կոչ կանի Չեխիայի, Դանիայի, եւ Գերմանիայի իշխանություններին՝ հետաքննելու գաղտնի սեփականատերերով կեղծ ընկերությունների դերը եւ կպահանջի վերանայել իրական սեփականատերերի հանրային ռեգիստրերը;

 

- կոչ կանի այդ երկրների իշխանություններին՝ խստացնել եւ գործադրել փողերի լվացման դեմ ընթացակարգերը;

 

- կոչ կանի, որ լիակատար հետաքննություն իրականացվի նրանց նկատմամբ, ովքեր «կեղտոտ փողեր» են ստանում միջազգային, տարածաշրջանային եւ ազգային մակարդակներում;

 

- կպահանջի, որ Եվրոպայում քաղաքացիները դիմեն իրենց երկրների այն պատգամավորներին, որոնք մասնակցում են ԵԽԽՎ աշխատանքներին, որ նրանք ընդունեն ավելի խիստ բարեվարքության չափորոշիչներ կոռուպցիայի եւ չարաշահումների մեղադրանքի լույսի ներքո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին