Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները բանակցել են Թբիլիսիում - Mediamax.am

5107 դիտում

Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները բանակցել են Թբիլիսիում

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Երեւան: Մեդիամաքս: Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր այցելել է Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, այնուհետեւ ուղեւորվել կառավարություն: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցը, որի ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի վարչապետերն անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին եւ դրանց զարգացման հեռանկարներին:

Վարչապետերի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որի ժամանակ Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ իր գլխավորած կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել՝ ընդլայնելու երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում եւ նոր ազդակ հաղորդելու հայ-վրացական կապերին:

«Մենք մեծ ուշադրությամբ էինք հետեւում Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Մեր բարեկամ հայ ժողովուրդը ցուցաբերեց միասնականություն, ինչի արդյունքում ժողովրդավարական ճանապարհով տեղի ունեցավ իշխանության խաղաղ փոխանցում: Ցանկանում եմ վստահեցնել, որ կանենք ամեն ինչ մեր հարաբերություններին նոր թափ հաղորդելու եւ առկա ողջ ներուժն իրացնելու համար: Ունենք լավ հնարավորություն երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների նոր փուլը սկսելու համար»,- ասել է Վրաստանի վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը եւ Վրաստանը պատմական խորը արմատներ ունեն:

«Պատահական չէ, որ իմ առաջին օտարերկրյա պաշտոնական այցը կատարում եմ եղբայրական Վրաստան, որի հետ մեզ կապում են հազարամյակների պատմական սերտ առնչությունները, բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը: Հավատացած եմ, որ մեր երկու երկրների ու ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող ջերմ հարաբերություններով պայմանավորված՝ միջպետական երկխոսությունն ամուր հիմք կստեղծի մեր համագործակցության առավել ամրապնդման համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Վրաստանի իր գործընկերոջ հետ երկկողմ հարաբերությունների մասին մտածում են միանման:

ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների վերընթաց զարգացումը շարունակելու է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում: Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանի նոր կառավարությունը շահագրգռված է գործադրել հնարավոր ջանքերը Վրաստանի հետ հարուստ փոխգործակցությանը նոր որակ հաղորդելու ուղղությամբ: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այս այցի ընթացքում կողմերը կնախանշեն համագործակցության նոր հնարավորությունները եւ ուղղությունները՝ ի շահ երկու պետությունների եւ ժողովուրդների:

«Կցանկանայի ընդգծել, որ մենք պատրաստ ենք անկեղծ եւ անկաշկանդ մթնոլորտում քննարկել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչը հարիր է երկու հարեւան եւ եղբայրական պետություններին: Վստահ եմ, որ մեր հարաբերություններում շարունակելու ենք առաջնորդվել այն սկզբունքով, որ մեր միջեւ անլուծելի հարցեր չկան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը Գիորգի Կվիրիկաշվիլիին հրավիրել է Հայաստան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին