Դեյվիդ Մքալիսթեր. ԵՄ-ն աջակցում է կոռուպցիայի դեմ պայքարին ՀՀ-ում - Mediamax.am

4688 դիտում

Դեյվիդ Մքալիսթեր. ԵՄ-ն աջակցում է կոռուպցիայի դեմ պայքարին ՀՀ-ում


Դեյվիդ Մքալիսթերը եւ Անգելա Մերկելը
Դեյվիդ Մքալիսթերը եւ Անգելա Մերկելը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերն ասել է, որ հիմա շատ կարեւոր ժամանակաշրջան է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման համար։

Այս մասին նա ասել է հունիսի 18-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը ՝ ամփոփելով Եվրախորհրդարանի պատվիրակության այցի արդյունքները։

 

«Մենք ուշադիր հետեւում էինք Հայաստանում ապրիլին եւ մայիսին տեղի ունեցող իրադարձություններին։ Քաղաքացիները խաղաղ ցույցերի միջոցով փոփոխություն էին ուզում, պայքարում էին ավելի լավ ապագայի համար։ Տեղի ունեցավ կառավարության փոփոխություն, որը կատարվեց սահմանադրության շրջանակում եւ առանց զոհերի։ Մենք եկել ենք Հայաստան հասկանալու համար, թե ինչպես կարող ենք օգնել իրագործել քաղաքացիների ակնկալիքները»,- ասել է նա։

 

Դեյվիդ Մքալիսթերն ընդգծել է, որ Եվրոպական միությունը ամբողջապես սատարում Հայաստանի կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարին եւ մշտապես պատրաստ է աջակցել։

 

Նա հայտնել է, որ հուլիսի 4-ին Եվրոպական խորհրդարանը  իր վերջին քվեարկությունը կանցկացնի ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի վերաբերյալ։

 

«Կասկած չունեմ, որ այն ձայների մեծամասնությամբ կընդունվի»,- նշել է Դեյվիդ Մքալիսթերը։

 

Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ «այդ կարեւոր համաձայնագրի ստորագրումը եւ վավերացումը միայն սկիզբն է, եւ դրա հաջող կյանքի կոչումը շատ ավելի կարեւոր է։

Դա կօգնի Հայաստանի արդիականացմանը, կնպաստի ԵՄ-ից ներդրումների ավելացմանը, կխթանի առեւտուրը ԵՄ-ի հետ եւ կօգնի կոնկրետ օգուտներ արձանագրել հայ ժողովրդի համար», - ասել է նա։

 

Անդրադառնալով ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին, Եվրախորհրդարանի անդամն ասել է, որ պատրաստ են աջակցել երկխոսության մեկնարկին։

 

«Սակայն դեռ շատ անելիքներ կան։ Մենք կցանկանայիք տեսնել ԵՄ անդամ երկրներում ՀՀ միգրանտների քանակի նվազեցում, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար եւ այլ բարեփոխումներ», - ասել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին