Մնացականյանն ու Մոգերինին կարեւորել են ՀՀ-ԵՄ կապերի ընդլայնումը - Mediamax.am

5875 դիտում

Մնացականյանն ու Մոգերինին կարեւորել են ՀՀ-ԵՄ կապերի ընդլայնումը


Զոհրաբ Մնացականյանը եւ Ֆեդերիկա Մոգերինին
Զոհրաբ Մնացականյանը եւ Ֆեդերիկա Մոգերինին

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը եւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին այսօր վերահաստատել են երկկողմ պատրաստակամությունը՝ ամրապնդելու եւ ընդլայնելու համապարփակ փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը նշել են, որ այս ուղղությամբ առաջնահերթությունները համընկնում են:

 

ԵՄ Բարձր ներկայացուցիչը նկատել է, որ հանդիպումը տեղի է ունենում ճիշտ ժամանակին՝ հնարավորություն ընձեռելով առաջին ձեռքից ծանոթանալու Հայաստանում ընթացող գործընթացներին, մտքեր փոխանակելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացման շուրջ։

 

Զոհրաբ Մնացականյանն էլ կարեւորել է ԵՄ-ի հետ ձեւավորված սերտ գործընկերային համագործակցությունը եւ վերահաստատել այն առավել ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը:

 

Արտգործնախարարն ընդգծել է նաեւ, որ սա առաջին հանդիպումն է, որը Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո հանգամանալից անդրադարձ է կատարելու դրա դրույթների իրագործմանը։

 

 

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները եւ նշել, որ ժողովրդի ուժեղ մանդատը վայելող նոր կառավարությունն իր գործողություններով ցուցաբերել է մեծ կամք ու պատասխանատվություն՝ կյանքի կոչելու հասարակության բարձր ակնկալիքները:

 

Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին։

 

Անդրադառնալով տարածաշրջանային եւ միջազգային մարտահրավերներին՝ զրուցակիցներն առանձնացրել են համագործակցության այն ոլորտները, որոնք հնարավորություն կընձեռեն համատեղ աշխատել այդ մարտահրավերներին արձագանքելու ուղղությամբ։

 

ԼՂ հիմնախնդրի մասով Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումն ու առաջնայնությունները՝ ընդգծելով խաղաղությանը նպաստող մթնոլորտի եւ նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրականացման կարեւորությունը։

 

Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին