ԵՄ-ն պատրաստ է աջակցել ընտրությունների կազմակերպման հարցում - Mediamax.am

7278 դիտում

ԵՄ-ն պատրաստ է աջակցել ընտրությունների կազմակերպման հարցում


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Եվրամիության միջեւ գործընկերության խորհրդի անդրանիկ նիստի արդյունքներով այսօր Բրյուսելում ընդունվել է համատեղ մամուլի հայտարարություն:

Խորհուրդը Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում ստեղծված բարձրագույն մարմին է, որը կոչված է վերահսկելու Համաձայնագրի իրականացումը եւ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: 

 

Ներկայացնում ենք հատվածներ համատեղ մամուլի հայտարարությունից.

 

Հայաստանի վերջին իրադարձությունների մասին

 

Գործընկերության խորհուրդը ողջունեց Հայաստանում վերջերս տեղի ունեցած բողոքների խաղաղ բնույթը, որոնք հանգեցրին Սահմանադրության շրջանակներում կառավարության ժողովրդավարական փոփոխությանը: Եվրամիությունը բարձր գնահատեց բոլոր կողմերի ցուցաբերած ընդհանուր զսպվածությունը եւ կոչ արեց քաղաքական շահագրգիռ ուժերին, այդ թվում նաեւ քաղաքացիական հասարակությանը, շարունակական եւ ներառական երկխոսության։ Եվրամիությունը ողջունեց Հայաստանի կառավարության հստակ հանձնառությունը պայքարել կոռուպցիայի դեմ եւ այս ուղղությամբ կառավարության ձեռնարկած հստակ գործողությունները: ԵՄ-ը վերահաստատեց իր աջակցությունը բարեփոխումներին, այդ թվում տեխնիկական եւ ֆինանսական օժանդակության տեսքով, ուղղված ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, Հայաստանում բարեկեցության եւ սոցիալ-տնտեսական աճի ավելացմանը:

 

Արտահերթ ընտրությունների մասին

 

Գործընկերության խորհուրդը ընդգծեց Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու կարեւորությունը՝ համահունչ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին` ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման համար: ԵՄ-ը պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանին նոր ընտրությունների կազմակերպման եւ դիտարկման հարցում: 

 

Դատական համակարգի մասին

 

Գործընկերության խորհուրդը նաեւ շեշտեց, որ արդյունավետ եւ անկախ դատական համակարգը կարեւոր է օրենքի գերակայության համար եւ արժեքավոր նախապայման՝ տնտեսական եւ սոցիալական զարգացման համար: Խորհուրդը նաեւ մատնանշեց նոր քրեական օրենսգրքի եւ նոր քրեական դատավարության օրենսգրքի մշակման արագ առաջընթացի անհրաժեշտությունը եւ ընդգծեց հակակոռուպցիոն բնագավառում համապարփակ օրենսդրության կարեւորությունը:

 

ԼՂ կարգավորման մասին

 

ԵՄ-ն վերահաստատեց իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

 

Սիրիահայերի մասին 

 

Գործընկերության խորհուրդն ընդգծեց, որ Սիրիայում հակամարտության տեւական եւ վստահելի քաղաքական հանգուցալուծման հասնելը բացառիկ կարեւորություն է ներկայացնում: Սիրիայի փախստականներին Հայաստանում ինտեգրվելու նպատակով Եվրամիությունը «Մադադ» հիմնադրամի շրջանակներում կենտրոնացրել է 3 միլիոն եվրո:

 

Հայ-թուրքական հարաբերությունների մասին

 

Եվրամիությունը վերահաստատեց իր հանձնառությունը աջակցելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը եւ հորդորեց կողմերին ներգրավվել այս գործընթացի մեջ առանց որեւէ նախապայմանի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին