Չհանձնված դիվանագիտական անձնագրերը կհայտարարվեն անվավեր - Mediamax.am

5899 դիտում

Չհանձնված դիվանագիտական անձնագրերը կհայտարարվեն անվավեր


ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը
ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն ասել է, որ օրենսդրության համաձայն պաշտոնավարության ավարտից հետո պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը պետք է հանձնեն ՀՀ արտաքին գործերի նախարարություն։

«Մենք այդ մասին տեղեկացրել ենք համապատասխան պետական մարմիններին եւ շահագրգիռ անձանց։ Հաշվի առնելով, որ ոչ բոլորն են հանձնել իրենց անձնագրերը, հորդորում ենք այդ գործընթացն իրականացնել մինչեւ ս․թ․ հուլիսի 31-ը՝ որից հետո չհանձնված, ինչպես նաեւ կորած դիվանագիտական անձնագրերը կհայտարարվեն անվավեր», - տեղեկացրել է Տիգրան Բալայանը:

 

Մեդիամաքսը նշում է, որ ՀՀ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 49 հոդվածի համաձայն, ՀՀ դիվանագիտական անձնագրեր տրվում են ՀՀ նախագահին, Ազգային ժողովի պատգամավորներին, վարչապետին, կառավարության անդամներին, սահմանադրական դատարանի նախագահին, վճռաբեկ դատարանի նախագահին, գլխավոր դատախազին, Ամենայն Հայոց կաթողիկոսին, նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի անդամներին, կենտրոնական բանկի նախագահին, մշտապես գործող հանձնաժողովների (խորհուրդների) նախագահներին, մարզպետներին (Երևանի քաղաքապետին), դիվանագետներին, իսկ առանձին դեպքերում` այլ անձանց` ՀՀ նախագահի թույլտվությամբ:

 

Դիվանագիտական անձնագրեր են տրվում նաև ՀՀ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, սահմանադրական դատարանի նախագահի ընտանիքի անդամներին:

 

Դիվանագիտական անձնագրեր տրվում են օտարերկրյա պետություն դիվանագիտական ծառայության մեկնած դիվանագետի ամուսնուն, ինչպես նաև մինչև 21 տարեկան չամուսնացած և խնամքի տակ գտնվող երեխաներին` դիվանագետի հետ օտարերկրյա պետություն մեկնելիս:

 

Նույն օրենքի 50 հոդվածի համաձայն, պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը հանձնում են ՀՀ արտաքին գործերի նախարարություն:

 

Չհանձնված, ինչպես նաև կորած դիվանագիտական անձնագրերը ԱԳՆ-ը հայտարարում է անվավեր եւ այդ մասին սահմանված կարգով տեղեկացվում են ՀՀ եւ օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին