Հայաստան-Եվրամիություն կապերի մեկ տարին՝ ամփոփ - Mediamax.am

2011 դիտում

Հայաստան-Եվրամիություն կապերի մեկ տարին՝ ամփոփ


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական միությունն այսօր զեկույց է հրապարակել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների եւ 2018թ. հունիսից 2019թ. մայիսն ընկած ժամանակահատվածում ԵՄ-ՀՀ հարաբերությունների մասին:

Մեդիամաքսը հատվածներ է առանձնացրել զեկույցից։

 

ԵՄ կարեւոր դերը հայաստանյան բարեփոխումներում

 

Հայաստանն ավելացրել է ԵՄ-Հայաստան գործընկերության ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված ջանքերը եւ հետեւողականորեն ճանաչել է, որ Եվրամիությունը կարեւոր դեր կարող է կատարել երկրի բարեփոխման օրակարգի սահուն իրականացման գործում:

 

Այդուհանդերձ, բարեփոխումների գործընթացն իր վաղ փուլում է մնում: ՀՀ կառավարության կողմից ներկայացված՝ ԵՄ-ՀՀ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը կարեւոր գործիք է բարեփոխման ծրագրերի առաջխաղացման համար:

 

Մոգերինի. Հայաստանը կարեւոր գործընկեր է

 

«Եվրոպական միությունը եղել է եւ կշարունակի մնալ ՀՀ կառավարության ստանձնած՝ ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ամրապնդմանն ու երկրում մարդու իրավունքների խթանմանը միտված հավակնոտ բարեփոխումների ծրագրի ամենամեծ աջակիցը:

 

Հայաստանը կարեւոր գործընկեր է Եվրամիության համար եւ մենք կենտրոնացած ենք մեր լայնածածկույթ երկկողմ համաձայնագրի իրականացման, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակում կոնկրետ արդյունքների ապահովման  վրա:

 

Մշտապես կայուն համոզմունք ունենք, որ մեր նպատակները շոշափելի օգուտներ են բերում մեր քաղաքացիներին»,- նշել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

 

ՀՀ-ԵՄ առեւտրի ծավալն ավելացել է

 

Նախորդ տարվա ընթացքում Եվրամիության եւ Հայաստանի միջեւ առեւտրի ընդհանուր ծավալն ավելացել է 15 տոկոսով՝ հասնելով ընդհանուր 1,1 մլրդ եվրոյի:

Հայաստանն օգտվում է Եվրամիության Արտոնությունների ընդհանրացված համակարգ պլյուսի հնարավորություններից, որը կայուն զարգացման եւ լավ կառավարման ապահովման համար նախատեսված հատուկ նախաձեռնություն է:

 

Կրթության ոլորտում երկխոսություն

 

Կրթության ոլորտի բարեփոխումների աջակցության նպատակով 2019 թվականի մարտին մեկնարկ է տրվել կրթության ոլորտում ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությանը: Էրասմուս+ կարողությունների զարգացման ծրագրերի շնորհիվ հայկական բուհերը կարողացել են բարելավել իրենց վարչական եւ կազմակերպչական կառուցվածքը եւ արդիականացնել ուսումնական ծրագրերը:

 

EU4Innovation ծրագիրը

 

2018 թվականին մեկնարկել է 23 մլն եվրո արժողությամբ նոր EU4Innovation ծրագիրը՝ միտված համալսարանների շրջանավարտների հմտությունների  համապատասխանեցմանն աշխատաշուկայի պահանջներին: Ծրագրի միջոցով կստեղծվի EU4Innovation համալիր համալսարանների համար եւ ԵՄ կոնվերգենցիայի կենտրոն, որը կմիավորի համալսարաններն ու մասնավոր հատվածը եւ կհամալրի ինկուբատոր փոքր տեխնոլոգիական ստարտափների համար:

 

ԵՄ-ն կշարունակի աջակցել ՀՀ-ին

 

Եվրոպական միությունը Հայաստանի ֆինանսական օժանդակության խոշորագույն մատակարարն ու բարեփոխման առանցքային գործընկերն է: ԵՄ-ն պատրաստ է շարունակել ներգրավվածությունը Հայաստանում եւ ցուցաբերել աջակցություն քաղաքական երկխոսության, ֆինանսական եւ տեխնիկական օժանդակության միջոցով եւ աջակցել ՀՀ կառավարության հավակնոտ բարեփոխումներին՝ ի բարօրություն ՀՀ  քաղաքացիների եւ ի նպաստ ԵՄ-Հայաստան համագործակցությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին