ԵՄ-ն ընդլայնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը - Mediamax.am

3370 դիտում

ԵՄ-ն ընդլայնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի եւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի գլխավորությամբ այսօր Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը:

ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ՝ խորհուրդը վերահաստատել է Հայաստանի եւ Եվրամիության հանձնառությունն արդյունավետորեն կիրարկելու Համապարփակ եւ ընդլայնված գործակցության համաձայնագիրը (ՀԸԳՀ): 

 

Մեդիամաքսը հատվածաբար ներկայացնում է խորհրդի ընդունած համատեղ հայտարարությունը։

 

Դատական համակարգի բարեփոխում

 

Խորհուրդն ընդգծել է անկախ, արդյունավետ եւ հաշվետու դատական համակարգի կարեւորությունը, որը նպաստում է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությանը, այլ նաեւ տնտեսական զարգացմանը եւ օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ բիզնես միջավայրին։ 

 

Խորհուրդը ողջունել է ներկայումս Հայաստանում համապարփակ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը` Հայաստանի սահմանադրությանը եւ միջազգային չափանիշներին համապատասխան։ 

 

ԵՄ-ն պատրաստակամ է հետագա աջակցություն տրամադրել արդարադատության բարեփոխման ռազմավարության հիման վրա համապարփակ դատական բարեփոխումների իրականացման համար։

 

Աշխատանքի ստուգման համակարգ

 

Խորհուրդը ողջունել է աշխատանքի ստուգման լիարժեք համակարգ ստեղծելու Հայաստանի մտադրությունը, որը կարող է ապահովել միջազգային չափանիշներին համախատասխան վերահսկողություն, ինչպես նաեւ հսկողություն աշխատանքային չափանիշների, իրավունքների եւ աշխատանքային պայմանների նկատմամբ:

 

Վիզաների ազատականացման երկխոսություն

 

Քաղաքացիների շարժունակությունը եւ մարդկանց միջեւ շփումները բարելավելու նպատակով ԵՄ-ն եւ Հայաստանը շարունակելու են քաղաքացիների շարժունակության խթանումը Մուտքի արտոնագրերի դյուրացման եւ Հետընդունման մասին համաձայնագրերի միջոցով, ինչպես նաեւ պատեհ ժամանակին դիտարկելու են Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ պայմանով, որ լավ կառավարվող եւ անվտանգ շարժունակության պայմաններն ապահովվեն:

 

Հավելյալ 25 մլն եվրո

 

Խորհուրդը ընդգծել է, որ ԵՄ ավելի քան 160 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին 2017-2020 թվականների համար: Արժեւորելով բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու եւ ՀԸԳՀ արդյունավետորեն կիրարկելու Հայաստանի վճռականությունը՝ ԵՄ հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցության 2019թ. տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում: 

 

Խորհուրդն ընդգծել է այդ ռեսուրսների՝ հնարավորինս արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը։

 

Հակամարտության ջրբաժանը

 

Խորհուրդը քննարկել է տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: ԵՄ-ն վերահաստատել է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: 

 

ԵՄ-ն պատրաստակամ է աջակցելու հակամարտության ջրբաժանը հաղթահարելուն եւ ժողովրդներին խաղաղությանը պատրաստելուն ուղղված նախաձեռնություններին: 

 

Սիրիայի հարցը

 

Հայաստանը հաստատել է իր մտադրությունը՝ շարունակելու տեղում Սիրիայի ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրել, ինչպես նաեւ սերտորեն աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ Սիրիայից Հայաստան տեղափոխված անձանց կենսապայմանները բարելավելու նպատակով: ԵՄ-ն հաստատել է, որ կշարունակի աջակցել Սիրիայի ժողովրդին ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: 

 

Իրանի հարցը

 

Իրանի հարցում ԵՄ եւ Հայաստանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական եւ արդյունավետ շարունակական իրագործմանը: 

 

Թուրքիայի հարցը

 

Թուրքիայի հարցում ԵՄ վերահաստատել է իր աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը եւ շեշտել է երկու կողմերի` այդ գործընթացի մեջ առանց նախապայմանների ներգրավվելու անհրաժեշտությունը: 

 

Հայաստանը վերահաստատել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ իր՝ վաղուց հայտնի դիրքորոշումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին