Աբխազիայում կրկին թերահավատ են երկաթուղու վերականգնման հարցում - Mediamax.am

3495 դիտում

Աբխազիայում կրկին թերահավատ են երկաթուղու վերականգնման հարցում


Լուսանկարը` www.novostink.ru


Երեւան: Մեդիամաքս: Աբխազական կողմը դեռեւս չունի հաշվարկներ, որոնք կվկայեն Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնման առեւտրային նպատակահարմարության մասին:

Այդ մասին Կոմերսանտի հետ հարցազրույցում ասել է Աբխազիայի արտաքին  գործերի նախարարի տեղակալ Իրակլի Խինտբան:

 

«Մի բան կարող եմ ասել` եթե երբեւէ որոշում կայացվի Ռուսաստանից Հայաստան երկաթուղու վերագործածման մասին, երկաթգծի աբխազական հատվածի քաղաքական եւ իրավական իրավասությանը վերաբերող ոչ մի հարց չի կարող շահարկման առարկա լինել: Սա Աբխազիայի երկաթուղին է, մեր պետության սեփականությունը, եւ այլ դիրքորոշում լինել չի կարող», - ասել է Իրակլի Խինտբան:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ ս.թ. հունվարին Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբն ասել էր, որ երկաթուղու ամբողջական վերականգնման համար «միլիարդավոր ներդրումներ» են անհրաժեշտ:

 

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Աբխազիան հետաքրքրված է այդ հարցի լուծմամբ, նա ասել էր.

 

«ԽՍՀՄ ժամանակ Անդրկովկասյան երկաթուղու մեր հատվածով անցնում էր Անդրկովկասի համար նախատեսվող բեռների 13-15%-ը: Բավական ծանրաբեռնված հատված էր: Իսկ ի՞նչ է հիմա՝ դժվարանում եմ ասել: Մասնագետները պետք է հաշվարկեն, թե դրանից աբխազական կողմը օգուտ կունենա, թե՞ ոչ: Առայժմ ամեն ինչ չափազանց մշուշոտ է: Ծախսերն ահռելի են», - ասել է Անկվաբը:

 

Նա նշել է, որ բավարար վիճակում է գտնվում միայն Փսոու-Սուխում երկաթգծի հատվածը:

 

«Օչամչիրայից հետո ընդհանրապես ոչինչ չկա: Այդպիսով, ամբողջական երկաթուղի ունենալու համար անհրաժեշտ են բազմամիլիարդանոց ներդրումներ», - ասել էր Աբխազիայի նախագահը:

 

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հունվարին հայտարարել էր, որ Աբխազիայի տարածքով երկաթգծի վերականգնումը Ռուսաստանի շահերից է բխում եւ այդ հարցի առաջադրումն առանց դեօկուպացիայի համատեքստի «հանցավոր, հակապետական եւ հակավրացական գործողություն է»:

 

Վրաստանի նախագահն այդ մասին ասել էր, մեկնաբանելով հունվարի Երեւանում վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի արված հայտարարությունը:

 

Միխայիլ Սահակաշվիլին ասել էր, որ «այդ հայտարարությունը մի քանի տարրեր է պարունակում եւ դրանք բոլորն էլ շատ մտահոգիչ են»: «Առաջին հերթին, այդ հայտարարությունն ընդհանրապես հաշվի չի առնում Վրաստանի քաղաքական եւ աշխարհաքաղաքական ռազմավարական շահերը», - նշել էր Սահակաշվիլին:

 

Նրա խոսքերով, Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղային գծի շահագործումից հետո, որը կմիացնի Ադրբեջանը Թուրքիայի հետ Վրաստանի միջոցով, Վրաստանի համար Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության բացման ոչ մի անհրաժեշտություն չի լինի:

 

Սահակաշվիլիի խոսքերով, Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծը կմիացնի Ասիան Եվրոպայի հետ, եւ կմրցի Ռուսաստանյան Տրանսսիբիրյան երկաթուղու հետ:

 

«Բնական է, որ մենք Հայաստանի հետ լավ հարաբերություններ ենք ցանկանում,  մենք շատ բան ենք արել հայկական բեռնափոխադրումներին ճանապարհ տալու համար», - ասել էր նա` հավելելով, որ Վերին Լարսի սահմանային անցակետի բացումը ծառայում էր հենց այդ նպատակին: «Հայաստանի մեկուսացումը երբեք Վրաստանի շահերից չի բխել, եւ մենք երբեք դրան չենք աջակցել: Սակայն, մի բան է լավ հարաբերությունները Հայաստանի հետ, եւ մեկ այլ բան` օկուպանտի ռազմավարական ծրագրերի իրագործումը», - ասել էր Սահակաշվիլին:

 

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Երեւանում ասել էր, որ Աբխազիայի տարածքով  երկաթուղային հաղորդակցության վերականգնումը ուղղակիորեն կապված է վրաց-ռուսաստանյան հարաբերությունների կարգավորման հետ: Նա հավելել էր, որ վրացական կողմը հետաքրքրված է երկաթուղու աբխազական հատվածի աշխատանքի շուտափույթ վերականգնման մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին