ՀՀ նախագահը դժգոհ է ՀԱՊԿ որոշ երկրների՝ ԼՂ հիմնախնդրին առնչվող հայտարարություններից - Mediamax.am

5786 դիտում

ՀՀ նախագահը դժգոհ է ՀԱՊԿ որոշ երկրների՝ ԼՂ հիմնախնդրին առնչվող հայտարարություններից


Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը ճիշտ չի համարում, երբ ՀԱՊԿ անդամ առանձին պետություններ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ այնպիսի հայտարարություններ են անում, որոնք հակասում են կազմակերպության որոշումներին:

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, այս մասին ՀՀ ղեկավարը հայտարարել է այսօր Սոչիում կայացած ՀԱՊԿ Խորհրդի նիստում:

 

«Ի հակառակ մեր իսկ կողմից ընդունված որոշումների, ՀԱՊԿ անդամ-պետություններից ոմանք այլ հարթակներում եւ կազմակերպություններում նույն հարցի վերաբերյալ հանդես են գալիս այնպիսի հայտարարություններով, որոնք հակասում են ՀԱՊԿ ընդունած որոշումներին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Նրա խոսքերով, բնական է, որ մի շարք երկրներ իրենց շահերն են հետապնդում Ադրբեջանի հետ հարաբերություններում, սակայն «մենք չենք կարող ոչ մի կերպ համաձայնել այն փաստի հետ, որ այդ հայտարարությունները հանգեցնում են այնպիսի փաստաթղթերի ընդունման, որոնք դեմ են ՀԱՊԿ անդամ-երկրների շահերին եւ ՀԱՊԿ-ի համբավին»:

 

Սերժ Սարգսյանը նկատել է, որ ՀԱՊԿ բազմաթիվ փաստաթղթերում, մասնավորապես, 2012 թ. ընդունված Մոսկովյան հայտարարության մեջ նշվում է, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքների, մասնավորապես, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության հիման վրա»:

 

«Վերջին տարիներին ընդունվել են փաստաթղթեր (ՀԱՊԿ անդամ որոշ երկրների մասնակցությամբ), այդ թվում նաեւ նախագահական մակարդակով, որոնց մեջ ընտրովի, ի վնաս այլ սկզբունքների, առանձնացվում է տարածքային ամբողջականության սկզբունքը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

ՀՀ ղեկավարի խոսքերով, ՀԱՊԿ-անդամ առանձին պետությունների նման դիրքորոշումը հատկապես անընդունելի է «Ադրեջանի նախագահի հայատյաց հռետորաբանության լույսի ներքո, երբ վերջինս անընդմեջ սպառնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ ուժի կիրառմամբ»:

 

Միեւնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը նշել է, որ «չնայած որոշ թերությունների, ՀԱՊԿ-ի շրջանակներում մեզ հաջողվել է հասնել դրական արդյունքների»:

   

«Մեր աշխատանքի արդյունավետության եւ մեր կազմակերպության համբավի հետագա բարձրացումն անմիջականորեն կախված է մեր արտաքին քաղաքականության համակարգման մակարդակից»,- նկատել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին