ՀՀ խաղաղապահ կարողությունների զարգացման համար ԱՄՆ-ը կտրամադրի $ 1.5 մլն - Mediamax.am

5297 դիտում

ՀՀ խաղաղապահ կարողությունների զարգացման համար ԱՄՆ-ը կտրամադրի $ 1.5 մլն


ՀՀ խաղաղապահ կարողությունների զարգացման համար ԱՄՆ-ը կտրամադրի .5 մլն
ՀՀ խաղաղապահ կարողությունների զարգացման համար ԱՄՆ-ը կտրամադրի .5 մլն

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը դարձել է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Խաղաղապահության նախաձեռնություններին աջակցող (GPOI - Global Peace Operations Initiative) ծրագրի գործընկեր պետություն:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս նախաձեռնության շրջանակներում Հայաստանի խաղաղապահ կարողությունների զարգացման նպատակով Միացյալ Նահանգներն պատրաստվում են 2 տարվա ընթացքում տրամադրել Հայաստանին  $ 1.5 մլն աջակցություն:

 

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցություններից հետո ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ էվելին Ֆարկասն ասել է, որ նախաձեռնությունը միտված է ամրապնդել ՄԱԿ-ի ու տարածաշրջանային խաղաղապահ գործողություններում ներգրավված գործընկեր պետությունների, այդ թվում նաեւ Հայաստանի կարողությունները:

 

«Այս նոր գործընկերությունը Հայաստանի եւ ԱՄՆ-ի սերտ համագործակցության լուրջ ազդակ է, որով կարեւորվում է Հայաստանի պատրաստակամությունը մասնակցել միջազգային խաղաղապահ գործողություններին Կոսովոյում, Աֆղանստանում, Լիբանանում եւ Իրաքում: Հայաստանը ԱՄՆ-ի համար կարեւոր գործընկեր է մի քանի ուղղություններում` որպես գործընկեր Կովկասում, որպես  ՆԱՏՕ-ի, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության, Կանզասի Ազգային գվարդիայի գործընկեր եւ որպես գործընկեր Կոսովոյում եւ Աֆղանստանում»,- ասել է  էվելին Ֆարկասը:

 

Նրա խոսքերով, ՀՀ Զինված ուժերի արհեստավարժ եւ արդյունավետ օգնությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին շատ ավելին էր, քան կարելի էր ակնկալել այդ առաքելություններում ներգրավված տվյալ չափի ստորաբաժանումներից:

 

«Կոալիցիոն եւ խաղաղապահ գործողություններում  Հայաստանի ցուցաբերած օգնությունն արժանի է հատուկ գնահատականի, քանի որ ձեր Զինված ուժերն անվտանգություն են արտահանում այլ` ավելի խնդրահարույց տարածաշրջաններ»,- ասել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը:

 

Նա հավելել է, որ սրանով  նոր հնարավորություններ են բացվում Հայաստանի`  հետագայում այլ խաղաղապահ առաքելություններում ներգրավելու համար:

 

Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ասել է, որ GPOI  ծրագրի աջակցությունը հնարավորություն է տալիս ստեղծել զորավարժանքների անցկանցման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ, հրավիրել ռազմական փորձագետներ եւ ընդլայնել ՀՀ ներգրավվածությունը խաղաղապահ գործողություններում:

 

«Մեր խաղաղապահ կարողությունների զարգացման ուղղությամբ GPOI ծրագրի շրջանակներում մեկնարկել է Հայաստանում խաղաղապահ ուսումնավարժական հնարավորությունների զարգացման ծրագիր, որը կաջակցի հայ խաղաղապահների մասնակցությանը միջազգային գործողություններին, մասնավորապես,  Լիբանանում ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կազմում»,- ասել է Դավիթ Տոնոյանը:

 

ՀՀ պաշտպանության փոխնախարարի խոսքերով, հաշվի առնելով  ԱՄՆ-ի դերը ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության գործում, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, Հայաստանը ԱՄՆ-ի հետ երկկողմ պատշպանական համագործակցությունը գնահատում է որպես իր անվտանգության ապահովման կարեւոր գործիքներից մեկը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին