Էդվարդ Նալբանդյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ նամակ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին - Mediamax.am

2256 դիտում

Էդվարդ Նալբանդյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ նամակ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Սիրիայի հյուսիս-արեւմուտքում իրավիճակի սրման վերաբերյալ նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին:

Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, նամակում, մասնավորապես, ասված է.

 

«Հայաստանն իր խորը մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում Սիրիայի հյուսիս-արեւմուտքում՝ առավելապես հայերով բնակեցված հինավուրց Քեսաբ քաղաքում եւ շրջակա 12 գյուղերում իրավիճակի սրման կապակցությամբ: Հասանելի բոլոր վկայությունները եւ Քեսաբի աշխարհագրական դիրքը թույլ են տալիս եզրակացնել, որ վերջին հարձակումները, առանց որեւիցե կասկածի, իրականացվել են Թուրքիայի տարածքից սահմանը հատած, Ալ-Քաիդայի հետ կապված ահաբեկչական խմբերի կողմից: Բռնի գործողությունները, որոնք մեծ մասամբ ուղղված էին քաղաքացիական բնակչության դեմ, հանգեցրել են տեղի բնակչության տեղահանմանը: Ծայրահեղական խմբերը պղծել են Քեսաբի հայկական եկեղեցիները, զգալի վնաս են հասցրել բնակիչների ունեցվածքին՝ արձանագրելով մարդու իրավունքների կոպտագույն խախտումների գորշ տեսարան: Միայն մի քանի տարեց մարդիկ են մնացել քաղաքում, ովքեր ի վիճակի չեն եղել հեռանալ: Այս սոսկալի հարձակումները մեծապես վտանգում են ՄԱԿ-ի ԱԽ կողմից միաձայն ընդունված 2139 եւ 2118 բանաձեւերի իրականացումը, որոնք ուղղված են ճանապարհ հարթելու սիրիական ճգնաժամի լուծման համար:

 

Հայաստանը բազմաթիվ առիթներով բարձրացրել է Սիրիայում զինված հակամարտության պայմաններում էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների, այդ թվում հայերի, պաշտպանության անհապաղ անհրաժեշտության մասին, ովքեր հայտնվել են ծայրահեղ խոցելի իրավիճակում եւ դարձել են առաջնային թիրախներ: Քանի որ հումանիտար ճգնաժամը շարունակվում է, շատ կարեւոր է անհապաղ պահանջել թուրքական իշխանություններից ձեռնարկելու հրատապ քայլեր՝ ծայրահեղական խմբերի կողմից իր տարածքի հետագա օգտագործումը կանխելու համար:

 

Քաղաքացիական բնակչության դեմ ուժի կիրառումը, անկախ նրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից, պետք է միանշանակորեն դատապարտվի: Միջազգային հանրությունը պետք է վճռական ջանքեր գործադրի տեղահանված մարդկանց՝ ներառյալ հայերի, ապահովությունը եւ անվտանգությունը երաշխավորելու համար, պայմաններ ստեղծելու իրենց բնակության վայրերը նրանց շտապ, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի համար եւ ապահովելու անհրաժեշտ մարդասիրական օգնություն՝ իրենց հրատապ կարիքները հոգալու համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին