ԱՄՆ-ը մտահոգված է` ինչպես է ուկրաինական ճգնաժամն անդրադառնում մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի վրա, ասել է Վիկտորիա Նուլանդը - Mediamax.am

4024 դիտում

ԱՄՆ-ը մտահոգված է` ինչպես է ուկրաինական ճգնաժամն անդրադառնում մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի վրա, ասել է Վիկտորիա Նուլանդը


ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը

Լուսանկարը` http://media1.noi.md/


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտահոգված է այն հանգամանքով, թե ինչպես է ուկրաինական ճգնաժամն անդրադառնում մի շարք երկրների, այդ թվում` Հայաստանի վրա:

«Մենք մտահոգված ենք այն ճնշմամբ, որն ուկրաինական ճգնաժամը գործադրում է Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Ուկրաինայի հարեւան այլ երկրների վրա: Մոլդովան, մասնավորապես, տնտեսական ճնշման, ԵՄ-ի հետ ասոցացման դեմ ուղղված ակտիվ քարոզչության, որը հովանավորվում է Ռուսաստանի կողմից, եւ Մերձդնեստրում ու Գագաուզիայում անջատողական ջանքերի վերածնման զոհ է դարձել»,- ասել է Վիկտորիա Նուլանդը:

 

ԱՄՆ պետքարտուղարի օգնականն ասել է, որ «Ռուսաստանն արդեն մեծապես վճարում է իր գործողությունների համար, եւ այդ գինն ավելի կբարձրանա, եթե Ուկրաինայի վրա ճնշումը չթուլացվի»: Նա նշել է, որ ԱՄՆ-ը, ի թիվս G7 այլ երկրների, դադարեցրել է նախապատրաստումը G8 գագաթնաժողովին, որը պետք է անցկացվեր Սոչիում:

 

«Մարտի 27-ին ԱՄՆ-ը եւ 99 այլ երկրներ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վերահաստատեցին Ուկրաինայի միասնությունն ու տարածքային ամբողջականությունը` նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում: Դեմ քվեարկեց ընդամենը 11 երկիր: Մեր դաշնակիցների հետ միասին մենք կասեցրինք Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ գործնական համագործակցությունը»,- ասել է Վիկտորիա Նուլանդը` հավելելով, որ պատժամիջոցները հիմնովին համակարգվում են ԵՄ-ի եւ միջազգային այլ գործընկերների հետ: 

 

«Ռուսաստանը կարող է ընտրել` աշխատել միջազգային հանրության հետ անկախ Ուկրաինայի ստեղծմանն օժանդակելու նպատակով, կամ հայտնվել մեկուսացման մեջ եւ կրել տնտեսական լուրջ կորուստներ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին