exclusive
4094 դիտում

Գեւորգ Հովհաննիսյան. Գիտության ոլորտում հաղթանակներ են պետք


Գեւորգ Հովհաննիսյանը
Գեւորգ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեւորգ Հովհաննիսյանը
Գեւորգ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեւորգ Հովհաննիսյանը
Գեւորգ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեւորգ Հովհաննիսյանը
Գեւորգ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Գիտամարդ» նախագիծը: Խորագիրը պատմում է այն մարդկանց մասին, ովքեր հասկացել են, որ իրենց կոչումը հետազոտող լինելն է եւ, չնայած բազմաթիվ դժվարություններին, որոշել են էներգիան, ներուժն ու ժամանակը ներդնել գիտության մեջ: Ինչո՞վ է զբաղվում գիտնականը, ո՞րն է նրա առօրյա գործունեությունը եւ որո՞նք են գիտությամբ զբաղվելու մոտիվացիաները: Նախագծի նպատակն է բարձրաձայնել գիտության առաջընթացի եւ հաջողությունների, գիտություն-հասարակություն-տնտեսություն կապի կարեւորության մասին, մասսայականացնել գիտությունն ու բարձրացնել հանրային հետաքրքրվածությունը:

Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի հետազոտությունների համար սարքավորումներին «ծնունդ տվող» Գեւորգ Հովհաննիսյանը բոլոր կապերով կապված է պատահաբար ընտրված իր մասնագիտությանը:

«Իսկական հաճույք է ամեն անգամ հետազոտությունների համար պահանջվող նոր սարքեր նախագծելը, ստեղծելը: Այնքան հաճույքով եմ անում այդ գործը, որ մի բան չի ստացվում, բարկանում եմ, երկար ժամանակ նեղվում: Պատահում է, որ գիշերներն էլ եմ աշխատավայրում մնում, որ ավարտեմ սարքի ստեղծումը»,- ասում է նա:

Ռադիոտեխնիկայի եւ կապի համակարգերի մասնագնագետ Գեւորգը Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող է 2012թ.-ից:

Պատահաբար ընտրված մանսագիտություն` ամբողջ կյանքի համար

Գեւորգը ծնվել է Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում: Դպրոցում գերազանց է սովորել եւ բոլոր առարկաները յուրացնելուն մոտեցել ամենայն պատասխանատվությամբ: Հատկապես սիրում էր Մաթեմատիկան եւ Պատմությունը:

Դպրոցական տարիներին ընտանիքի անդամների առաջարկով եւ սեփական ցանկությամբ նաեւ` որոշել էր, որ ֆինանսիստ է դառնալու եւ դիմելու է Տնտեսագիտական համալսարան: Ընդունելության հայտը լրացնելիս երրորդ տեղում նշեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Ռադիոտեխնիկայի եւ կապի համակարգերի ֆակուլտետը: Իրարից այդքան հեռու եւ ծայրահեղ տարբեր մասնագիտություններ ընտրելու պատճառը, Գեւորգի խոսքով, այն է, որ դպրոցում հստակ կողմնորոշում չէր ունեցել եւ ռադիոտեխնիկի մասնագիտության համար նշումը զուտ պատահականություն էր:

«Ինձ համար այդ ժամանակ կարեւոր էր պարզապես բարձրագույն կրթություն ստանալը»,- ասում է նա:

Քննությունների արդյունքում ստացած միավորներն էլ բավարարում էին հայտում երրորդը նշված տեղի համար: Սկզբում դժգոհում էր եւ չէր ցանկանում հաճախել դասերին: Բայց որոշ ժամանակ սովորելուց հետո հասկացավ, որ դա հենց այն մասնագիտությունն է, որում ուզում է հմտանալ: Գեւորգն ուսումը կիսատ թողեց եւ մեկնեց զինվորական ծառայության: Բանակից վերադարձավ եւ սկսեց ավելի լավ սովորել, քանի որ արդեն մասնագիտական առարկաներ էին անցնում, եւ ինքն էլ ամբողջովին տարվել էր դրանցով: 

3-րդ կուրսից արդեն Գեւորգն աշխատանք էր փնտրում: Մանսագիտությունն ընտրելու նույն պատահականությամբ էլ հայտնվեց Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում: Հիմա արդեն իր կյանքն առանց ինստիտուտի չի պատկերացնում:

Գեւորգ Հովհաննիսյանը Գեւորգ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ֆիզիկայի ինստիտուտում, եւ առհասարակ գիտության ոլորտում, աշխատելն այնքանով է լավ, որ անսահման ուսումնասիրություններ անելու, տարբեր թեմաներով, նախագծերով զբաղվելու համար բոլոր ճանապարհները բաց են»,- ասում է նա:

Չինացիների սխալները յուրացնելով. Գեւորգի ստեղծած LED լամպերը

Ֆիզիկայի ինստիտուտում էքսպերիմենտալ սարքեր նախագծելուց եւ պատրաստելուց բացի, Գեւորգն իր մասնագիտական հմտություններն այլ ուղղություններում էլ է փորձում: Եվ այդ փորձն արդեն տվել է իր առաջին պտուղները` լուսադիոդային (LED) լամպերի տեսքով:

Լուսադիոդային լամպերն էկոլոգիապես մաքուր են, չունեն ուլտամանուշակագույն ճառառագայթում: Էլեկտրոմագնիսական թափանցելիությունը հասցված է մինիմումի եւ լայն լուսային սպեկտոր ունեն:

«Ուսումնասիրությունը սկսեցի, երբ Հայաստան եկան առաջին չինական լուսադիոդային լամպերը: Դրանք մի որոշ ժամանակ անց շարքից դուրս եկան: Որոշեցի պարզել, թե ինչն է պատճառը: Ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ լամպերը շարքից դուրս են եկել համապատասխան լարում եւ հզորություն չտվող սնուցման եւ հովացման համակարգերի ու վատ որակի լուսադիոդների պատճառով: Լամպերի լուսադիոդների մեջ առկա չիպերն աշխատում էին մաքսիմալ հզորությամբ, որը տալիս էր սնուցման համակարգը, ինչի պատճառով որոշ ժամանակ անց շարքից դուրս էին գալիս: 

Պարզվեց, որ չիպերը միացված են հաջորդական սխեմայով. դրանցից մեկի շարքից դուրս գալու դեպքում փչանում է ամբողջ լամպը: Որոշեցինք չիպերը շարել հաջորդական եւ զուգահեռ միացումներով: Չինական լամպերն աշխատում են 100-115 վոլտով, իսկ մեր ստեղծած լամպերն աշխատում են 36-ով, եւ մեկ չիպի այրվելու դեպքում լամպը շարունակում է աշխատել», - պատմում է նա:

Գեւորգը կատարել է նաեւ նոր սնուցման համակարգի նախագծում: Նրա ստեղծած համակարգը լամպի աշխատանքի համար համապատասխան լարում եւ հոսանքի ուժ է ապահովում, ինչի հաշվին լամպն ավելի երկար է աշխատում:

Գեւորգի նախագծած լամպերն ավելի երկարակյաց են եւ էներգախնայող. եթե սովորական վոլֆրամից լամպը տալիս է 160 վատ հզորություն, լուսադիոդային լամպերը, 8 անգամ ավելի էներգախնայող լինելով, կարող են տալ նույն լուսավորությունը:

«Մեր ստեղծած 12 վատ հզորությամբ լամպը կարող է 100 վատի լույս տալ:

Բիզնես-պլան ենք մշակել, որի համաձայն 12 վատանոց լամպը մոտավորապես 3-5 հազ. դրամ արժեք ունի: Այս լամպերը կարելի է կիրառել տանը, աշխատավայրում, խանութներում, քաղաքային լուսավորության մեջ: Ցերեկային լուսավորություն ապահովելու համար մշակվում են նոր տեխնոլոգիաներ: Մեր մշակած տեխնոլոգիայի շնորհիվ, ծավալի լայնության հաշվին, նաեւ կարողանում ենք ավելի լավ հովացում ապահովել»,- ասում է նա:

Լամպերի կառավարումը կատարվում է սմարթֆոնների միջոցով, լամպի մեջ տեղադրելու են WiFi մոդուլ: Այժմ ծրագրավորողները շարժական հավելված են գրում, որը մոտ ժամանակահատվածում պատրաստ կլինի:
Գեւորգ Հովհաննիսյանը Գեւորգ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Լուսադիոդային լամպերի նախագծի տեխնիկական հարցերով զբաղվում է Գեւորգ Հովհաննիսյանը, իսկ հանրայնացմամբ, տարբեր հարթակներում ներկայացնելու եւ ֆինանսավորում գտնելու աշխատանքներով` նրա գործընկեր Ժորժ Սեյրադարյանը:

«Նա ճանապարհներ է փնտրում, որպեսզի մեր նախագիծը առաջ շարժվի: Շատ կարեւոր է գիտնականների հեռանկարային ծրագրերի հանրայնացումը, սակայն դա գիտնականը չի կարող անել. նա պետք է ամբողջովին զբաղվի իր աշխատանքներով, որոնք ահռելի ռեսուրսներ եւ ժամանակ են պահանջում»,- ասում է նա:

Գեւորգն ու իր գործընկեր Ժորժը աշխատում են լայն արտադրություն սկսելու եւ զարգացնելու ուղղությամբ: Նրանց հետ կապ հաստատելու ցանկություն են հայտնել մի քանի կազմակերպություններ՝ եթե համագործակցությունը ստացվի, ապա Հայաստանում կկարողանան գործարան հիմնել:

Լուսադիոդային լամպերի ստեղծման այս նախագիծը մասնակցել է ՄԱԿ-ի` Հայաստանում Մաքուր տեխնոլոգիաների ծրագրի ակսելերատորին եւ զարգացման համար դրամական պարգեւ ստացել:

Հասարակությունը պետք է զգա, որ գիտնականը երկրում կարեւոր դեր ունի

Գեւորգ Հովհաննիսյանն ասում է, որ ապրիլյան պատերազմի օրերին եւս մեկ անգամ ապացուցվեց, որ գիտնականների ներգրավվածությամբ պաշտպանական սարքեր, զենքեր ստեղծելու նախաձեռնությունների բացակայությունը մեծ բացթողում է:

«Մեր գիտությունը եւ կոնկրետ ռադիոտեխնիկան պետք է զարգանա ռազմական ուղղության մեջ: Մենք պատերազմող երկիր ենք եւ պետք է կարողանանք այնքան զարգացնել գիտության այս ճյուղը, որ ցանկացած սարք կարողանանք Հայաստանում ստեղծել թե´պաշտպանվելու, թե´ հակառակորդին վերահսկելու համար»:

Մյուս խնդիրը, ինչպես նկատում է ռադիոտեխնիկը, գիտնականի աշխատավարձի ցածր լինելն է.

«Գիտնականներն իրենց աշխատանքին համապատասխան չեն վարձատրվում: Մեծ խնդիր է այն, որ մեր գիտնականները արտադրության մեջ ներգրավված չեն: Գիտնականի արած աշխատանքը չի տարվում դեպի լայն արտադրություն, մնում է գիտական նեղ ուղղությունների շրջանակում»: 
Գեւորգ Հովհաննիսյանը Գեւորգ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Գեւորգ Հովհաննիսյանը կարծում է, որ գիտության հանդեպ հասարակության հետաքրքրվածությունը բարձրացնելու համար նախ անհրաժեշտ է, որ գիտության ոլորտում հաղթանակներ լինեն: Դրա համար, ըստ նրա, կառավարության հովանավորությունն ու ֆինանսավորումն է հարկավոր:

«Երբ մարդիկ զգան, որ գիտնականը երկրում կարեւոր դեր ունի, բնականաբար, գիտությամբ զբաղվելու ձգտում կունենան: Գիտության աշխատողներն էլ պետք է անեն հնարավորը: Պետք է այնպիսի նախագծերով զբաղվեն, որոնք հասարակությանը պիտանի կլինեն»:

Գիտության հանդեպ սերը` դպրոցից

Պատահաբար մասնագիտություն ընտրած եւ նույնքան պատահաբար գիտաշխատող դարձած Գեւորգ Հովհաննիսյանն ընդգծում է, որ դպրոցներում պետք է երեխաներին կարողանան հստակ կողմնորոշում տալ մասնագիտական ընտրության հարցում:

«Իմ բախտը բերեց, ես ընդունվեցի այնպիսի ֆակուլտետ, որտեղ ստացա ինձ համար սիրելի մասնագիտություն: Բայց դա ոչ միշտ է այդպես լինում: Ճիշտ է` այն տարիներին, երբ ես էի սովորում Ռադիոտեխնիկայի եւ կապի համակարգերի ֆակուլտետում, այդ մասնագիտության համար պահանջարկը մեծ չէր: Սակայն հիմա, երբ կան մի քանի կապի օպերատորներ, Հայաստանում տեխնիկան զարգացել է, մասնագետների պահանջարկն էլ, համապատասխանաբար, աճել է»,- ասում է նա:

Գեւորգը կարծում է, որ գիտության հանդեպ սերը, հետաքրքրությունը հենց դպրոցից է հարկավոր երեխաների մեջ առաջացնել:

Մարի Թարյան
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am