exclusive
4311 դիտում

Շուշանիկ Ասմարյան. Հոգիդ պիտի դնես գիտության մեջ


Շուշանիկ Ասմարյանը
Շուշանիկ Ասմարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Շուշանիկ Ասմարյանի արխիվից

Լուսանկարը` Շուշանիկ Ասմարյանի արխիվից

Լուսանկարը` Շուշանիկ Ասմարյանի արխիվից

Լուսանկարը` Շուշանիկ Ասմարյանի արխիվից

Լուսանկարը` Շուշանիկ Ասմարյանի արխիվից

Լուսանկարը` Շուշանիկ Ասմարյանի արխիվից

Շուշանիկ Ասմարյանը
Շուշանիկ Ասմարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շուշանիկ Ասմարյանը
Շուշանիկ Ասմարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շուշանիկ Ասմարյանը
Շուշանիկ Ասմարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Գիտամարդ» նախագիծը: Խորագիրը պատմում է այն մարդկանց մասին, ովքեր հասկացել են, որ իրենց կոչումը հետազոտող լինելն է եւ, չնայած բազմաթիվ դժվարություններին, որոշել են էներգիան, ներուժն ու ժամանակը ներդնել գիտության մեջ: Ինչո՞վ է զբաղվում գիտնականը, ո՞րն է նրա առօրյա գործունեությունը եւ որո՞նք են գիտությամբ զբաղվելու մոտիվացիաները: Նախագծի նպատակն է բարձրաձայնել գիտության առաջընթացի եւ հաջողությունների, գիտություն-հասարակություն-տնտեսություն կապի կարեւորության մասին, մասսայականացնել գիտությունն ու բարձրացնել հանրային հետաքրքրվածությունը:

Հարցասիրությունն ու «ինչու»-ների պատասխանները գտնելու պահաջն էին, որ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (Էկոկենտրոն) գիտաշխատող Շուշանիկ Ասմարյանին շեղեցին կինոյի աշխարհը բացահայտելուց ու բերեցին գիտություն:

Դեպի Աշխարհագրություն երկար ճանապարհը

Մասնագիտության ընտրության հարցում աշխարհագրական գիտությունների թեկնածուն երկար ճանապարհ է անցել. «Դպրոցում ընդգրկված էի փոքրիկ գիտակների ակումբում, որը ղեկավարում էր մեր աշխարհագրության ուսուցչուհին` մայրս, անգամ մեր սեփական թերթն ունեինք, որը ձեռագրով էինք գրում: 1994թ. ավարտեցի դպրոցը: Մոսկվայում ռեժիսորական կրթություն ստանալու մեծ երազանք ունեի, բայց հնարավորությունները սահմանափակ էին, մենք ապրում էինք պատերազմող Հայաստանում: Ցանկություն առաջացավ ընդունվել ԵՊՀ. անցումը կտրուկ էր` Քիմիայի ֆակուլտետ»:

Մեկ տարի սովորելուց հետո հասկանում է, որ մասնագիտական կողմնորոշումը ճիշտ չէր, եւ քանի որ փոքրուց միշտ կապված է եղել բնությանը, սիրել է արշավների գնալ, ծնողներն էլ մասնագիտությամբ աշխարհագրագետներ են, հաջորդ կուրսից տեղափոխվում է Աշխարհագրության ֆակուլտետ: Այս որոշումը կտրուկ փոխում է ինչպես մասնագիտական, այնպես էլ կյանքի հետագա ուղին:

Շուշանիկ Ասմարյանը Շուշանիկ Ասմարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Այն կախարդանքը, որ ունի Երկիր մոլորակը, ինչպես նաեւ երկրի մակերեւույթից մինչեւ տիեզերք տարածվող հարցերի մեծ շղթան ձգում էին ինձ: Չորրորդ կուրսում էի, երբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում լաբորանտների ազատ տեղի հայտարարություն եկավ, սկսեցի աշխատել այս փոքրիկ, բայց գիտական բացառիկ ավանդույթներով կենտրոնում»,- ասում է Էկոկենտրոնի «Աշխարհագարական տեղեկատվական համակարգեր եւ հեռազննման տեխնոլոգիաներ» բաժանմունքի ղեկավար Շուշանիկ Ասմարյանը:

Հետախուզելով բնությունը տիեզերքից

Էկոկենտրոնը ԳԱԱ համակարգում ամենաերիտասարդ կառույցն է, որը ձեւավորվել է պատերազմող Հայաստանում, երբ հրամայականը երկրի պաշտպանությունն էր եւ սոցիալական սուր ճգնաժամի հաղթահարումը, եւ որտեղ շատերը, այդ թվում` գիտության ոլորտի մասնագետները, լքում էին երկիրը: Այսօր կենտրոնը եզակի գիտափորձարարական դպրոց է, որն ակտիվ միջազգային համագործակցության շնորհիվ ճանաչված է աշխարհում:

«Բնության էկոլոգիական վիճակը, դրա հետ կատարվող փոփոխությունները կարող ենք տեսնել տիեզերքից ստացված լուսանկարների շնորհիվ։ Այդ լուսանկարներն ուսումնասիրելով` փորձում ենք հասկանալ բույսերի, հողերի, ջրային ավազանների (լճերի) էկոլոգիական վիճակը, գնահատել, օրինակ, բույսերի աղտոտվածությունը: Ավանդական մեթոդներով հետազոտությունները (նմուշարկում, քիմիական անալիզ, արդյունքների վերլուծություն) բավական աշխատատար եւ ծախսատար են։ Տիեզերքից ստացված նկարներում կարելի է տեսնել բույսերի, հողերի, ջրերի էկոլոգիական վիճակը ընդարձակ տարածքների վրա, առանձնացնել խնդրահարույց տեղամասերը, որտեղ եւ մասնագետները կիրականացնեն ավանդական  հետազոտություններն առավել թիրախավորված: Այսպիսով, այս մեթոդները մեզ գիտության մեջ հետախուզում են ապահովում»,- ասում է նա:

Լուսանկարը` Շուշանիկ Ասմարյանի արխիվից


Տիեզերական նկարների շուկան շատ մեծ է: Գերիշխող դիրք ունեն ամերիկյան ու եվրոպական արբանյակները։ Ամերիկյան արբանյակներից (LANDSAT, Worldview) ստացված նկարների ֆիզիկան ավելի ծանոթ է. այդ նկարները վաղուց են ստացվում եւ լայնորեն կիրառվում։ Միջին եւ փոքր լուծաչափի արբանյակային նկարները (LANDSAT, Sentinel, MODIS եւ այլն) անվճար հասանելի են համացանցային շտեմարաններում։ Սակայն, ընդհանուր առմամբ նկարները բավական թանկ արժեն, անգամ եթե արխիվային լուսանկար են եւ ոչ թե նոր պատվիրված։

Հիմա խումբն ուսումնասիրում է եվրոպական (Sentinel 2) արբանյակային լուսանկարների հնարավորությունները, քանի որ դրանց տարածական լուծաչափը շատ ավելի բարձր է, քան ամերիկյան LANDSAT արբանյակինը։ Հնարավորության դեպքում դրամաշնորհային ծրագրերի են դիմում եւ կարողանում են թանկարժեք լուսանկարներ եւս ձեռք բերել։

«Մեր հետազոտությունները կիրառական մեծ նշանակություն ունեն։ Արդեն հասցրել ենք համագործակցել Երեւանի քաղաքապետարանի հետ` Երեւան քաղաքի ֆունկցիոնալ կանաչապատման ծրագրի մշակման աշխատանքներում: Այս պահին մասնավոր կազմակերպության պատվերով իրականացվում են հետազոտություններ տիեզերական նկարների միջոցով Սեւանա լճի ջրի ջերմաստիճանի, պղտորության, ծաղկման աստիճանի ուսումնասիրման ուղղությամբ»,- ասում է Շուշանիկ Ասմարյանը։

Լուսանկարը` Շուշանիկ Ասմարյանի արխիվից


Բույսերի աղտոտման ուսումնասիրության համար այս մեթոդները լիարժեք կիրառելի են, ինչը դեռ վաղ է ասել հողերի համար: Հողերի աղտոտումը տիեզերքից «տեսնելը» դեռ շատ դժվար է. պետք է գտնել լրացուցիչ բանալիներ։

«Մենք բույսերի հեռազննում ենք կատարել Աբովյան պուրակի տարածքում: Տիեզերքից ստացված լուսանկարներում կային գունային երանգավորման տարբերություններ այգու` փողոցին հարող եզրային հատվածից, որտեղ կա երթեւեկություն, դեպի այգու խորք: Դա մեր մասնագետներին ստիպեց կատարել նմուշարկում ծառատեսակներից` փողոցից դեպի այգու կենտրոն ուղղությամբ։ Բույսի տերեւների կողմից արեգակնային էներգիայի կլանման եւ անդրադարձման հարաբերության ուսումնասիրությունը տալիս է հնարավորություն հասկանալու, թե բույսը ինչ վիճակում է։ Ստացված նմուշների քիմիական անալիզների արդյունքում պարզվեց, որ իրոք երկու ծառատեսակների մոտ կապարի եւ ցինկի մեծ պարունակություններ կան»,- իրենց ուսումնասիրություններն է ներկայացնում գիտաշխատողը:

Լուսանկարը` Շուշանիկ Ասմարյանի արխիվից


Էկոկենտրոնը համաքայլ է աշխարհի գիտական հանրության հետ։ Հայաստանի գիտնականների կողմից այդ մեթոդների մշակումը նույն ոլորտի արտասահմանցի գիտնականներին հետաքրքրում է, ինչն էլ նրանց դրդում է համագործակցության. «Միջազգային հարթակներում հաջողությամբ աշխատում ենք. Էկոկենտրոնի շնորհիվ Հայաստանն անդամակցում է Երկրագնդի զննման համաշխարհային խումբ (GEO) նախաձեռնությանը (նախորդ տարվանից կառավարական կազմի մեջ ենք), որը բաց տեղեկատվական սերվերում տեղադրում է տարբեր երկրներում կատարված հետազոտությունների արդյունքները` դարձնելով դրանք մատչելի միջազգային գիտական հանրությանը»։

Գիտության վիճակը շատ ճնշող է

Շուշանիկ Ասմարյանը նկատում է, որ Հայաստանում գիտության ոլորտն ամենախնդրահարույցներից մեկն է եւ ունի պետական հովանավորության լուրջ կարիք։

«Մենք հիմա ծայրաստիճան համառությամբ փորձում ենք վերազինել լաբորատորիաները, շարունակել ուսումնասիրությունները։ Միջազգային համագործակցության շնորհիվ դժվարությամբ հասանելի ենք դարձնում գիտության համար նախատեսված եւ աշխարհում առկա ֆինանսական միջոցները, բայց երբ դրամաշնորհը վերջանում է, գիտնականը նորից կանգնում է կոտրած տաշտակի առաջ։ Սա ինչքա՞ն կարող է շարունակվել։ Հարկավոր է պետական կառույցներին կից ստեղծել գիտափորձարարական խորհրդատվական կենտրոններ, որտեղ  կներգրավվեն տարբեր գիտակիրառական ուղղությունները ներկայացնող գիտնականներ: Գիտնականը պետք է զգա, որ իր աշխատանքն ու փորձը պիտանի են։ Գիտնականի համար ցավալի է, երբ իր ուսումնասիրությունները, նոր մշակված մեթոդական մոտեցումները մնում են նեղ գիտական շրջանակներում»:

Շուշանիկ Ասմարյանը չի հավատում, որ գիտությունն իր մայրամուտն է ապրում. «Մենք լուրջ երիտասարդ ներուժ ունենք. խելացի սերունդ է մեծանում, որին սակայն հարվածում են սոցիալական խնդիրները եւ խանգարում Հայաստանում գիտությամբ զբաղվելուն: Պետությունը պետք է հասկանա, որ այդ  ներուժը պետք է պահպանել՝ ի նպաստ Հայաստանում գիտահեն տնտեսության զարգացման: Այս վիճակը ճնշող է»։
Շուշանիկ Ասմարյանը Շուշանիկ Ասմարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Գիտաշխատողը շեշտում է, որ գիտությունն ընտրում են նվիրյալները, որոնց շարքերը հետզհետե նոսրանում են: Ըստ նրա՝ հաճախ այնպես է ստացվում, որ գիտնականներից ոմանք, արտասահմանում վերապատրաստվելուց հետո, վերադառնում են, որոնց մի մասը այդուհանդերձ նորից մեկնում է։

«Բայց անգամ արտասահման մեկնած գիտնականներից շատերը կամուրջ են դառնում գիտական կապերի ստեղծման համար, որոնք էլ աշխատելու են ի նպաստ երկրում գիտության զարգացման։ Հայազգի երիտասարդ մեր գիտնականների շնորհիվ մենք կապեր ենք ստեղծել Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում եւ  բազմաթիվ այլ եվրոպական երկրներում»,- ասում է նա:

Գիտական ծրագրից բիզնես պլան ճանապարհը բարդ է

Գիտաշխատողի բնորոշմամբ՝ գիտական ծրագիրը բիզնես պլանի վերածելը բավական բարդ գործընթաց է: Այստեղ ի հայտ են գալիս նոր, գիտության աշխարհի ներկայացուցչին խորթ դժվարություններ` կապված բյուրոկրատական քաշքշուկների եւ վազվզոցի հետ, որի հետեւանքով գիտությամբ զբաղվելու ժամանակ չի մնում։

«Գիտական աշխատանքը պետք է մատչելի ու գրավիչ ներկայացվի ներդրողին, որի համար պահանջվում է միջանկյալ օղակ, որը գիտնականին կօգնի մտնել իր ուսումնասիրությունների կիրառման շուկա։ Իսկ այդ օղակի դերը բնավ գիտնականինը չէ։ Մենք հիմա դեռ մեր ուժերով ենք փորձում այդ օղակի գործառույթներն իրականացնել»:
Շուշանիկ Ասմարյանը Շուշանիկ Ասմարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հետաքրքիր դառնալ արտասահմանյան ֆինանսական աղբյուրների համար

Ամեն դեպքում, ըստ Շուշանիկ Ասմարյանի, վհատվել չի կարելի։ Պետք է անմնացորդ նվիրումը շարունակի գոյություն ունենալ. «Ես իրատես եմ, բայց նվիրումը կարեւոր է գիտության մեջ։ Հավատ է պետք եւ համառ աշխատանք»:

Գիտության առողջացման համար բազմաթիվ քայլեր են հարկավոր: Նախեւառաջ, ըստ գիտաշխատողի, պետք է երիտասարդ կադրերին պահել գիտության մեջ. նրանց ճկուն միտքն ամենամեծ արժեքն է։

Նա նկատում է, որ արտասահմանում ֆինանսներ շատ կան, պետք է դառնալ հետաքրքիր, որպեսզի դրանք ուղղվեն դեպի մեր երկրի գիտության զարգացմանը.

«Տարաբնույթ խնդիրներ են առաջանում նաեւ դրամաշնորհների միջոցով լրացուցիչ ֆինանսների տնօրինման գործընթացում: Ցավալի է հատկապես արտասահմանյան դրամաշնորհների ֆինանսական միջոցների հարկազատման, ՀՀ Գնումների օրենքով նախատեսված մրցույթներով գնումներ կատարելու բարդ ու ժամանակատար գործընթացը, որի պատճառով շատ հաճախ կորցնում ենք պայմանագրային աշխատանք առաջարկող պատվիրատուին, դուրս մնում մրցակցությունից եւ, հետեւաբար, զրկվում սեփական ուժերով լրացուցիչ ֆինանսներ հայթայթելու հնարավորությունից»:

Գիտաշխատողը սխալ է համարում գիտնականի եւ գործարարի՝ հարկային նույն դաշտում գործելը: Ըստ նրա` անհրաժեշտ է փոխհամաձայնությունների հիման վրա ձեռք բերված օրենքի ամրագրմամբ միջազգային դրամաշնորհներն ազատել եկամտահարկից:

Մարի Թարյան
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի եւ Շուշանիկ Ասմարյանի արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am