2307 դիտում

Գեւորգ Գեւորգյան. Իմ կինն իմ ընկերն է



Գուցե չհամաձայնեք ինձ հետ, անգամ ձեռքի տակ եղած առաջին իրը փորձեք նետել իմ ուղղությամբ, բայց հայ իրականության մեջ կինը շարունակում է մնալ «գազօջախի տիրուհի» եւ «լվացքի մեքենայի թագուհի»: Ձեր մտքում միանգամից զայրույթ այնուհետ հակափաստարկ կծնվի՝ շատ հայ ընտանիքներում կինն արդեն ավելի ինքնուրույն է, կայացած,  ֆինանսապես անկախ, ավելի լավ աշխատանք ունի, որոշումներ է կայացնում, մեքենա վարում, ավելի շատ ժամանակ հատկացնում իր խնամքին, հանգստին, առողջությանը: Այո, այդ ամենը կա, դա շատ լավ է, բայց արդյոք դա բավարար է լիարժեք երջանկության համար: Համաձայնեք, որ այդ ամենը ոչինչ է, երբ  սիրված ու գնահատված չես եւ ընկալվում ես մի շարք պարտականություններ ունեցող եւ երեխա լույս աշխարհ բերող էակ /կին-արմատ/: Եթե ասածներս արդեն մտորելու տեղիք տվեցին, եկեք մինչեւ վերջ անկեղծ լինենք, իրականում երջանաի՞կ ենք մենք: Դուք չգիտեմ ինչպես, բայց ես ինձ զգում եմ երջանկության օվկիանում լողացող առագաստանավ, որն ամեն վայրկյան վայելում է սիրառատ կոհակների մեղմ օրորը, ինչպես նաեւ  բուռն ալեկոծումները: Ջրային սերֆինգի սիրահարների պես զգում եմ եւ որսում ամեն մի ալիք, միաձուլվում նրան ու ոլորապտույտ ցատկով ընկղմվում նրա ջերմ ու կենսատու գրկում ու ամեն ալիքի հետ մի նոր ու խենթ ցատկ: Բայց աչալուրջ եղեք, նույն այդ ալիքը՝ կինը, կարող է քեզ առ երկինք բարձրացնել եւ միեւնույն ժամանակ կործանել իր անդրծովյան ջրերում:

Իմ երջանկության բանաձեւը շատ պարզ է, եւ կկիսվեմ ձեզ հետ: Եղիր նրա հետ ընկեր, այո՛, այո՛, ոչ ավել ոչ պակաս, այլ՝ ընկեր: Եթե կինը զգում է իրեն ավելին քան ուղղակի կին, հավատացեք ձեր կյանքը կվերածի չվերջացող հեքիաթի: Մի եղեք պարտադրված , ԶԱԳՍ-ի թղթով, ծանոթով եւ այլ բայղուշ եղանակներով ամուսիններ, ուղղակի սիրեք իրար եւ վերջ: Սիրեք, ատեք, կռվեք, գրկախառնվեք, համբուվեք, խենթություններ արեք, ազատ եղեք, արեք անսպասելին, զարմացրեք, գործ դրեք, տակ տվեք, շահեք, հիացրեք, ապրեք… եւ այդ ամենն իսկական ընկերոջ պես:

Այո՛, իմ կինն իմ ընկերն է, եւ միայն այդ մտքից ես հաճույք եմ ստանում, գրողը տանի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am