Աշոտ Թամազյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

1905 դիտում

Աշոտ Թամազյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


Մարդն իր էությամբ նույն բնությունն է. վերարտադրվում է թե՛ մարդը, թե՛ բնությունը: Միայն մարդը կարողանում է կառավարել բնական և կենդանական աշխարհը, սակայն ցավոք՝ շատ անգամ ի վնաս իրեն:

 

Աստված ստեղծում է մարդուն և նրա կյանքը թողնում իր տնօրինությանը: Մարդուն կյանքի բոլոր փուլերում տրված է երջանիկ ապրելու և կյանքը վայելելու հնարավորությունը, բայց քանի որ այդ հաճույքը մարդիկ հասկանում են ամենքն իր ձևով, իր խելքով, ապա ստացվում է, որ ոչ բոլորն են գոհ իրենց ճակատագրից և բախտից:

 

Ամուսնանալով՝ հասուն մարդը նպատակ է դնում երջանիկ ընտանիք կազմել, լավ երեխաներ ունենալ, դաստիարակել: Մարդը պետք է կարևորի ոչ թե զուգընկերոջ սոցիալական կամ կրթական աստիճանը, այլ իր և տվյալ անձի բնավորության, աշխարհհայացքի ներդաշնակությունը, ինչը հետագայում խաղաղ ու երջանիկ ընտանիք ունենալու երաշխիքն է: Ես սա համարում եմ կյանքում ամենամեծ և պատասխանատու քայլը:

 

Տղամարդը, գտնելով իր զուգընկերուհուն, պետք է հավատարմության կապ ստեղծի, ինչպես հավասարը հավասարի: Նրանք պետք է ունենան նույն նպատակի իրականացման միանման պայմաններ և կարծիք:

 

Ամուսինների նվիրվածությունը, հարգանքը, հանդուրժողականությունը, միմյանց լսելու, ներելու արվեստը երաշխիք են ամուր և երջանիկ ընտանիք կազմելու համար:

 

Խելացի տղամարդը միշտ պետք է խորհրդակցի կնոջ հետ, լսի նրա կարծիքը. այս դեպքում հիմնականում հաջողությունն ապահովված է: Տան հաջողությունը լավ այր ու կին լինելու մեջ է, և սա է լավ երեխաներ ունենալու միակ գրավականը:

 

Ինչպես տան կինը, այնպես էլ տղամարդը պետք է դողան միմյանց համար և խնայեն միմյանց: Ցորեն ցանելը դեռևս երաշխիք չէ հաջող բերքի. եթե այն չմշակվի, կարող է մոլախոտի դաշտի վերածվել:

 

Ցավոք սրտի, մեր կյանքում հանդիպում ենք սոցիալական անարդարությունների, որտեղ սուտն ու կեղծիքն իշխում են, վայելում կյանքը՝ արդարության, ազնվության շղարշով պատված: Ընդհանրապես, մարդկային արժեքները չեն չափվում ունեցած ապրուստով: Իսկական մարդն այս երևույթներին նայում է արհամարհանքով, քանի որ նա վեր է այս ամենից: Այս իրականության մեջ իմ ընտանիքն ապրում է ներդաշնակ, հուզվում մի կտոր հաց փնտրող բազմազավակ, անօթևան ընտանիքների համար, ուրախանում հիվանդներին ձեռք մեկնող, կարեկցող մարդկանց հետ: Մենք էլ փորձում ենք երջանիկ լինել՝ երջանկացնելով, ապրել՝ ապրեցնելով: Սա է մեր ընտանիքի հաջողության գաղտնիքը, որ ստեղծել ենք ես ու կինս: Կարծում եմ այսպիսի ընտանիքներն են ստեղծում լավ հասարակություն և ամուր պետություն: Փառք Աստծո, ունեմ լավ կին՝ ի դեմս լավ ընկերոջ, լավ զավակներ, լավ թոռներ և ես երջանիկ եմ:

 

Իմ կինը կյանքիս ընկերն է, իմ օդն ու ջուրը և դա փոխադարձ է: Այսպես էլ ապրում ենք այս դժվարին, բայց հաճելի պահերով լի կյանքը և, փառք Աստծո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին