Արմեն Պառաշյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

1311 դիտում

Արմեն Պառաշյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


Համաձայն հունական առասպելի` երկրի վրա ապրող մարդկային առաջին էակներն այնքան սքանչելի էին, որ աստվածները նախանձել են նրանց և յուրաքանչյուրին բաժանել երկու կեսի ու սփռել աշխարհով մեկ: Այդ ժամանակներից սկսած` կիսված կեսերը փնտրում են իրար: Ես նույնպես բացառություն չեմ և տարիներ շարունակ փնտրել, երազել և վերջապես գտել եմ այն միակին, ով պետք է լիներ ու կա իմ կյանքի կեսը, իմ տարիների անբաժան ընկերը, իմ սրտի տերը: Ճակատագրի հեգնանք է, թե ի վերուստ տրված նախախնամություն, իմ կնոջը, իմ անուշին, իմ Սոֆիին ճանաչել եմ շատ փոքրուց, բայց երբեք չեմ էլ պատկերացրել, որ մի օր կմեծանանք և պարզապես հասարակ ծանոթությունն ու ընկերությունը կվերածվի հարատև Աստծո կողմից օրհնված «Սուրբ ընկերության»:

 

Դժվար տարիներ էին: Ամենքի պես ես էլ հացի խնդիր ունեի: Ծաղիկներ էի պատրաստում ու վաճառում, չպատկերացնելով անգամ, որ այդ ծաղիկները մի օր իրենց հետ բերելու են այն միակ ծաղիկին, ով իր լույսով սիրո հուր է արթնացնելու իմ իմ սրտում:  Ի սկզբանե աշխատանքի բնույթով ծանոթ էի ապագա կնոջս քեռիի հետ, ում միջնորդությունն էլ դարձավ իմ և Սոֆիի սրտերի կապող օղակը: Անկեղծ պետք է լինեմ ու ասեմ, որ նրա առաջարկով էլ, իբրև նախապես պլանավորված «գեղեցիկ  պատահականություն» հանդիպեցի Սոֆիին, ով տարիների հետ փոխվել, ավելի գեղեցկացել ու կանացիացել էր: Տարիներ առաջ տեսած փոքր Սոֆիից (կինս ինձնից փոքր է 9 տարի) չէր փոխվել մեկ բան. նրա հոգու խորքից բխող այն գեղեցիկ, նուրբ և լուսավոր ժպիտը, որն առաջին անգամ անբացատրելի ու անտեսանելի «կախարդական փայտիկի» օգնությամբ տակնուվրա արեց իմ ներաշխարհը` թերևս մի քիչ «անհամեստ» թվա, բայց համոզված եմ որ, ոչ միայն իմ: Սրտի ձայնով ու մտքի թելադրանքով այդ հանդիպումը դարձավ այն նոր սկսվելիք գեղեցիկ հանդիպումների սկիզբը, որոնք դեռ սպասում էին մեզ:

 

2012թ. սեպտեմբերի 8. հենց այդ օրն էլ դարձավ մեր միասնության, մեր համատեղ կյանքի ամրագրման հեքիաթային սկիզբը: Ի լուր աշխարհի, Սուրբ խորանի առջև մենք խոստացանք միմյանց կողքին լինել թե ուրախության, թե տխրության օրերին:

 

Ավազի պես ժամանակը հոսեց: Այսօր արդեն վստահաբար կարող եմ ասել, որ իմ կինն առաջին հերթին իմ ընկերն է, իմ սրտի պահապանը, իմ կյանքի մշտական ուղեկիցը: Ու թերևս այն միտքը, որ «Իմ կինն իմ ընկերն է»` ավելի քան իրականություն է, որում համոզվում են յուրաքանյուր օր` յուրաքանչյուր օրվա խաղաղ լուսաբաց սկսելով ու ավարտելով այդ անգին ընկերոջ ու Աստծո պարգևի հետ: Ընկեր, ով ամենաբարին է, ամենալուսավորն ու ամենաաստվածայինը: Ընկեր, ով քո մտքերի համախոհն ու գաղափարակիցն է, ով միշտ հավատում է քո ուժերին, նույնիսկ այն ժամանակ, երբ դու ինքդ չես հավատում քեզ, ով լոկ քո մեկ հայացքից հասկանում է, թե դու ինչ ես զգում: Ընկեր, ով իմաստային ու խորհրդավոր հայացքով ամեն վայրկյան վերստին հիշեցնում է, թե ինչքան հիանալի ու գեղեցիկ է կյանքը, երբ կողքիդ ունես այդպիսի քնքուշ, համբերատար ու սիրառատ ընկեր:

 

Ու թերևս հոգուս ու մտքիս շարադրանքը ավարտեմ մի գեղեցիկ ու խորիմաստ խոսքով. կյանքը ծովակ է, ընկերը` նավակ, ընկեր չունեցար`կսուզվես հատակ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին