Հովիկ Մխիթարյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

7722 դիտում

Հովիկ Մխիթարյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


«Խենթ է…», - մտածում եմ ես, տեսնելով, թե ինչպես է տասնամյակների իմ կողակիցը, հազալով ու տնքալով փորձում կանգնել  կշեռքի  վրա: Հիվանդացել էր և դեռ չէր հասցրել կարգին ապաքինվել:

 

Իսկ երբ փորձում է հենվել գրապահարանի կողերին՝ ավելի մեծ ապահովության համար, ես արագ օգնության եմ հասնում: Վերջապես նայում է կշեռքին ու թեթևացած շունչ քաշում՝  ոնց որ մի քիչ նիհարել եմ… հետո ուրախ ինձ է նայում:

 

Ես հուզվում եմ և ավելի ամուր եմ սեղմում նրա ձեռքը: Փորձում եմ հասկանալ անհասկանալին: Իմ կինը, իմ կողակիցը… խենթ՝ իր գեղեցկությամբ ու հմայքներով, կանացի անմնացորդ նվիրվածությամբ ու քմայքներով, և վերջապես՝ անպաշտպանվածությամբ: Անպաշտպանվածություն, որ դրսևորվում է դեպի տղամարդն ունեցած անշահախնդիր հավատարմությամբ, անմնացորդ սիրելու և անմնացորդ տրվելու ընդունակությամբ...

 

Ես բռնում եմ նրա ձեռքը, օգնում, որ իջնի: Զգում եմ նրա ձեռքի ջերմությունը: Միաժամանակ զգում եմ նաև նուրբ մաշկի վրա առաջացած կնճիռները: Այդ կնճիռները գեղեցիկ ու հուզիչ  կյանքի պատմություն են պատմում: Տասնյակ տարիների երկար ու հոգնեցուցիչ պատմություն: Իսկ այդ պատմության մեջ  ես էլ ունեմ իմ  անուրանալի դերը: Ես էլ եմ  հոգնեցրել այդ ձեռքը: Ես եմ  նպաստել, որ նրա աչքերի շուրջն առաջանան մանր ու նուրբ, սակայն՝  հմայիչ կնճիռներ, որոնք ավելի հասուն ու հրայրքոտ են դարձնում նրան՝ այդ անզեն արարածին, ում միակ զենքը իր անդավաճան սերն է երեխաներիս ու իմ հանդեպ, ներելու ընդունակությունը, իր գեղեցկությունն ու կանացի անդիմադրելի ձգողականությունը, որի առջև անզեն են ցանկացած զենքեր: Եվ աչքե՜րը, որ մարում են սիրո խոստումներից և այնպե՜ս պայծառ ժպտում:

 

Ես հաճույքով շոյում եմ այդ ձեռքերը, որ հոգնել ու տառապել են անվերջանալի լվացքի լեռներն ու կեղտոտ ամանների հսկայական բուրգերը մաշել-հալեցնելուց: Հոգնել են շուկաներում անվերջ պայքարելուց ու ծանր բեռներ քարշ տալուց: Անքուն գիշերներից ու տղամարդկային անհոգությունից:

 

Նրանք այնքա՜ն են հոգնել: Հոգնել են, սակայն չեն սպառվել ավելի՝ ամենօրյա ձանձրալի ու հոգնեցուցիչ քստքստոցներից, սենյակի իրերը պարբերաբար այս ու այն կողմ քաշքշելուց, որ ավելի հարմարավետ դարձնեն բնակարանը: Բնակարան, որի ամեն մի անկյունը կենդանանում է միայն նրա ներկայությամբ: Կենդանանում է այն հաճելի աղմուկից, երբ իր ունեցած ու չունեցած սննդամթերքներից հրաշքներ է կյանքի կոչում խոհանոցում:

 

Իսկ մինչ նա տառապում է, ես  հաճախ այնքա՜ն անտարբեր  ու անհոգի եմ: Մինչ նա օգնություն է խնդրում, ես մրթմրթում  ու փնթփնթում եմ, երբեմն՝ վիրավորում: Վիրավորում  նրան իմ անըմբռնողությամբ ու տղամարդկային մահացու անտարբերությամբ: Չեմ նկատում հույսով լեցուն՝ ինձ հառված նրա հայացքը, որ անդուլ և համառորեն ասում է՝. «Սիրի՛ր ինձ, և միայն այդքանը բավական է»: Բավական է, որովհետև դրանից են ծնվում մնացած բոլորը…

 

Ես ավելի ամուր եմ սեղմում՝ միայն ինձ համար նախատեսված այդ ջերմ ձեռքը: Նա նայում է ինձ ժպտուն՝ մեծ սիրո խոստման արտահայտությամբ,  փոքրիկ արարքների գնահատման ու երախտագիտության հմայող արտահայտությամբ:

 

Ես գրկում եմ նրան, դանդաղ իջեցնում և վայելում  համատեղ միաբանության յուրաքանչյուր ակնթարթը: Իջեցնում եմ վերջնականապես և ասում. «Ի՞նչ բերեմ  քեզ համար»:

 

«Ծաղիկներ, - պատասխանում է նա,- բայց ոչ ալվան, կախարդական ծաղիկներ: Սիրով համեմված ծաղիկներ: Եվ մեկ էլ՝ շոկոլադ…» -  այս բոլոր ծանոթ խնդրանքների մեջ առանձնանում է մեկը: «Եղիր իմ ընկերը, - ասում է նա, ոչ միայն ամուսինը… դա ինձ այնքան է դուր գալիս…»:

 

Քո ընկե՞րը… Ես կլինեմ քո ընկերը… և լավագու՛յն ընկերը:

 

Մեկը, ում հետ երիտասարդ օրերին դու քայլել ես փոքրիկ քաղաքի հուզիչ փողոցներով ու այգիներով: Ում  գրություններ ես փոխանցել հանրային գրադարանում ու գրություններ ստացել նույն ճանապարհով, ում հետ քայլել ես աշնանային հրաշք այգու ծառուղիներով ու կերել կոտեմով բուլկին: Ապա անմահացրել ենք այդ ընկերությունը արևադարձային բարակ ծառերի բների վրա՝ «Հ գումարած Գ հավասար է սեր...»: Ես կլինեմ քո ընկերը: Ավելի լավը, քան եղել ենք մինչև այժմ, որովհետև մենք առաջին հերթին հենց ընկերներ ենք եղել:

 

Հիմա էլ ինձ ջերմացնում են անցյալի հուշերը: Սակայն նրանց մեջ է նաև մեր ներկան ու ապագան: Ինչքան էլ ավելանան կնճիռներն ու հոգնությունը, մեծանալու է շնորհակալությունն ու երախտագիտությունը, և մենք շարունակելու ենք քայլել՝ արդեն ավելի մեծ քաղաքի աշնանային պուրակներում ու ծառուղիներում և մեր ոտքերի տակ խշրտալու են մահացած տերևները: Նրանց արձագանքները գալիքի և մեր հրաշալի ընկերության արձագանքներն են: Այդ ընկերությունը չի մթագնվել սխալների ու վրիպումների ստվերներով: Դրանք միայն ավելի են ամրացրել և ցեմենտել մեր կապը: Ժամանակը ուղղումներ է մտցնում, սակայն չի մահանում սերը: Այն կենդանանում է նոր քայլերով ու արարքներով՝ սիրո ու երախտագիտության, շնորհակալության արարքներով, ներելու և ներվելու հմտությամբ: Որովհետև դա՛ է լավագույն ընկերությունը:

 

Ահա թե ինչու, մինչ բաց կթողնեմ այդ ձեռքը, ես այն համբուրում եմ երկյուղածությամբ: Իսկ նա արցունքոտ աչքերով նայում է ինձ…

 

- Եղիր իմ ընկերը, ասում է նա…

 

Ես ոչինչ չեմ պատասխանում, ի նշան համաձայնության՝ միայն լուռ ժպտում եմ…..

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին