Տարոն Գալստյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

3229 դիտում

Տարոն Գալստյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


Փոքր ինչ անսովոր է ի լուր ամենքի պատմել իմ սիրո, իմ ընտանիքի, իմ ամենահավատարիմ և ամենամեծ ընկերության պատմությունը: Ծանոթացանք մենք իմ կնունքի օրը: Ես գիտեի նրա ծնողներին, գիտեի  նրա գոյության մասին, անգամ երբեմն նրանց տուն հյուր էի գնում, բայց այ քեզ հետաքրքիր երևույթ՝  ես երբեք չէի տեսել նրան:  Նա ինչպես միշտ եկավ ուշացած՝ սև արևային ակնոցն աչքերին, գեղեցիկ և հմայիչ: Նրա արտաքինը երբեք չեմ մոռանա: Ինքս էլ չէի նկատում, թե ինչ հիացմունքով էի նայում նրան: Ամեն վայրկյան փորձում էի որսալ նրա հայացքը, հայտնվել նրա կողքին: Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ փոքրիկ սրբավայր: Հենց այստեղ տեղի ունեցավ մեր առաջին հանդիպումը, հենց այստեղ ես առաջին անգամ տեսա նրան, հենց այստեղ՝ սիրահարվեցի…

 

Արարողությունից հետո՝ խնջույքի ժամանակ, երբ բավականին գինովցած էի և ավելի ինքնավստահ, ես նրան տարա պարի: Այո, չհրավիրեցի, այլ նստած տեղից ուղղակի լուռ բռնեցի նրա քնքուշ ձեռքը և տարա: Երբեք չեմ մոռանա նրա ջղային հայացքն ու հարցադրումը. «Կարելի՞ էր հարցնել»!  Շփոթված պատասխանեցի. «Իսկ ինչու կարող է մերժեի՞ր ինձ»  և ստացա ասեղի չափ սուր ու ծակող պատասխան. «Իհարկե!» … Բայց ես արդեն արել էի դա, ես պարում էի նրա հետ և ոչ մի ծակող խոսք այլևս չէր կարող խանգարել ինձ վայելել այդ պահը: Պարի ընթացքում  ինչ-որ հարցեր էի տալիս, որ երբեք չեմ հիշի: Չեմ հիշի նաև նրա քնքուշ ձայնով հնչեցրած պատասխանները: Ես տարվել էի նրանով… Երկար չանցած այդ օրից ես զգացի,  որ առանց նրա այլևս չեմ կարող ապահովել իմ գոյությունը: Շնորհակալ եմ Աստծուն, որ դա փոխադարձ եղավ: Ծանոթությունից երկու տարի անց մենք ամուսնացանք: Երբ ամուսնանում ես, կյանքի մի փուլից անցում ես կատարում մեկ այլ փուլի: Ո՚չ, այն ավելի վատը չէ, ուղղակի այլ է: Ամուսնացա մի քնքուշ էակի հետ, ում մինչև ականջներիս ծայրը սիրահարված էի: Ամուսնացա և… Ասես ծանոթացա մեկ այլ կնոջ հետ: Ես զգացի, ես տեսա, որ այս քնքուշ էակը որքան էլ նուրբ է արտաքինից, նա կարող է ինձ հետ հավասար պայքարել կյանքի դժվարությունների դեմ`  Պայքարել! Քաջալերել! Հաղթել!  Ես հասկացա, որ սիրում եմ այս կնոջը, այս քնքուշ, բայց միևնույն ժամանակ շատ ուժեղ կնոջը: Մենք միասին շատ դժվարություններ ենք հաղթահարել, այսօրվա պես հիշում եմ այն մեկը: «Մենք փոքրիկի էինք սպասում»… Ամեն ինչ հիանալի էր, բայց մի օր իմ կնոջ վիճակն անսպասելի վատացավ: Թունավորում էր: Հիվանդանոց: Բժիշկներ: Ես և Նա: Նա բժիշկի հիվանդասենյակում էր, իսկ ես հեռվից  հետևում էի նրան: Ասես աշխարհը մի պահ փուլ էր եկել գլխիս, ես ինձ անկարող էի զգում: Այնտեղ, հիվանդասենյակում պառկած էր իմ կինը, իմ կյանքի ընկերը: Նա օգնության կարիք ուներ, իսկ ես ոչնչով չէի կարողանում օգնել նրան: Տագնապը պարուրել էր հոգիս: Իմ փոքրիկ, երանի քեզ ոչինչ չպատահի: Սիրելիս, թե ինչու այսպես եղավ: Գլխումս առաջացած մտքերը տանջում էին ինձ, երբ ահա հայացքս հանդիպեց նրա թախծոտ, բայց միևնույն ժամանակ անչափ ուժեղ աչքերին, աչքեր, որոնք ասես ասում էին ինձ` մենք կհաղթենք, ամեն ինչ լավ է լինելու:  Եվ իսկապես մենք հաղթեցինք, մենք արեցինք դա, Աստված օգնեց մեզ: Այսօր մենք ունենք հրաշք փոքրիկ, ում անսահման սիրում ենք: Երեխայի դաստիարակություն ասվածը մեր համար նրան անսահման սիրելն է, հարգելը և օրինակ ծառայելը: Մենք փորձում ենք ընտանիքի լավագույն օրինակը դառնալ մեր փոքրիկի համար:

 

Հետքրքիր է, այս շարադրությունը գրելիս, մեր համատեղ կյանքի տարիներն ասես կրկին ապրեցի: Հաճելի էր… Շնորհակալ եմ: Այժմ ավելի վստահ կարող եմ ասել, որ այո՚, իմ կինն իմ ընկերն է: Ավելին` ես երջանիկ մարդ եմ, ես գտել եմ այն միակին` իմ կյանքի կեսին, և ես ուզում եմ ասել իմ կնոջը, իմ լավագույն ընկերոջը` ես  սիրում եմ քեզ, ես հպարտանում եմ քեզնով: Շնորհակալ եմ Աստծուն, որ քեզ ունեմ: Շնորհակալ եմ, որ դու կաս! 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին