Երանոս Սահակյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

4065 դիտում

Երանոս Սահակյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


«Ընտանիքը ոչ այլ ինչ է, քան վաղաժամ դրախտ»,- իր ժամանակին ճշմարտացվիորեն նկատել է Բեռնարդ Շոուն: Ընդամենը երկու ամիս առաջ ես կազմեցի իմ դրախտ-ընտանիքը:

 

Մինչև ամուսնանալը շատ եմ մտածել ապագա ընտանիքիս մասին, մտքումս երևակայել, պատկերացրել իմ երկրոդ կեսին, բայց որքան էլ փորձել եմ աշխատեցնել երիտասարդ երևակայությունս, երբեք չեմ կարողացել պատկերացնել այն, ինչ ունեմ այսօր... Եվ եթե յոթ կյանք էլ ապրեմ ու ընտրության հնարավորություն ունենամ, դրախտս նույնը կընտրեմ, տիրուհուն` նույնպես:

 

Առաջին անգամ Արմինեին հանդիպեցի հենց իրենց տանը: Այն ժամանակ ոչ թե ինքը, այլ եղբայրն էր իմ լավագույն ընկերը: Խորհրդավոր աղջիկը մտքերս խառնեց իրեն տեսնելու հենց առաջին պահից, բայց ես նախընտրեցի լռել:

 

Անցան ամիսներ, որ ինձ համար տասնամյակներ էին թվում: Արդեն գիտեի իր գոյության մասին, նաև վստահ էի` կամ ինքը, կամ ոչ ոք...

 

Երկար չխոսեմ այն ճանապարհի մասին, որն անցա սկզբում առանց նրա, բայց իր գոյության փաստից երջանկացած, հետո արդեն իր հետ` ձեռք ձեռքի տված, երջանկությունը նպատակ դարձրած, և իհարկե «Նորին մեծություն» սիրո հովանավորությամբ.  մենք հասանք մեր  երազած դրախտին:

 

Մինչև ամուսնությունը ես օրվաս մեծ մասը հաճույքով անցկացնում էի աշխատավայրում, իսկ հիմա զորացրվելուն սպասող զինվորի նման հաշվում եմ յուրաքանչյուր աշխատանքային ժամ, ուզում եմ հնարավորինս շուտ վերջացնել աշխատանքը, հասնել տուն ու վայելել կնոջս ներկայությունը` համեմված սիրով, ջերմությամբ և իհարկե, իր պատրաստած աշխարհի ամանահեմեղ ճաշերի բուրմունքով:

 

Իմ փոքրիկ, նորակազմ ընտանիքը, չնայած իր փոքրությանն ու անփորձությանը, ամենևին էլ թուլություններ չունի և գիտեք` ինչու. որովհետև մեր հիմքը ամուր սերն է, իսկ սիրո բաղադրիչները փոխադարձ հարգանքն ու հավատարմությունը, որովհետև ես ու իմ կինը հստակ պատկերացնում ենք ընտանիք կոչված արժեքի մեծությունն անձեռմխելությունը, որովհետև մենք սովոր ենք մանրուքներով երջանկանալ. իր ժպիտը իմ երջանկությունն է, իմ մի քաղցր խոսքը իր համար աշխարհ արժե (հենց նոր էլ խոստովանեց, երբ ևս մեկ անգամ ասացի, որ սիրում եմ իրեն):

 

Այո, իմ կինն իմ ընկերն է, որովհետև իր հետ ես կարող եմ դիմել ցանկացած խենթության, իր հետ կարող եմ վերագտնել մանկությունս, պատանեկությունս... երբեմն էլ նա դառնում է իմ լավագույն խորհրդատուն. ցանկացած լուրջ ու պատասխանատու քայլից առաջ իրենից խորհուրդ եմ հարցնում, պատկերացրեք` ամեն անգամ զարմացնում է ինձ իր կշռադատված խորհուրդներով ու խենթ աղջկանից կտրուկ  հասուն կնոջ վերածվելու ճարպկությամբ...

 

Ի դեպ, հենց այսօր` դեկտեմբերի 10-ին, լրացավ մեր համեստ միության երկու ամիսը...

 

Շնորհավո~ր սիրելիս, առաջին անակնկալս սա էր, մնացածը կտեսնես շուտով...

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին