Հովարդ Սթիվենսոն. «Հուսով ենք, որ Հայաստանում օրինակելի հանք շահագործելու հնարավորություն կունենանք» - Mediamax.am

exclusive
8149 դիտում

Հովարդ Սթիվենսոն. «Հուսով ենք, որ Հայաստանում օրինակելի հանք շահագործելու հնարավորություն կունենանք»

Հովարդ Սթիվենսոնը
Հովարդ Սթիվենսոնը

Լուսանկարը` Lydian

Լուսանկարը`


Մեդիամաքսի հարցազրույցը Lydian International ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի հետ

 

- Որպես Լիդիան Ինթերնեյշնլի նոր գլխավոր գործադիր տնօրեն` որո՞նք եք համարում ընկերության եւ Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի առաջնային մարտահրավերներն ու հնարավորությունները:

 

- Որպես նոր (Greenfield) նախագիծ իրականացնող հանքարդյունաբերական ընկերություն, մենք հնարավորություն ունենք իրականացնել այնպիսի ծրագիր, որից կօգտվեն բոլոր շահառուները՝ ներառյալ երկիրը, հարակից համայնքներն ու ընկերության բաժնետերերը:

 

Ինչ վերաբերում է մարտահրավերներին, ընկերությունը նախորդ տարի ստիպված եղավ տեղափոխել կույտային տարալվացման հարթակի (Heap Leach Facility) տեղադիրքը, քանի որ կառավարության կայացրած որոշումը սահմանափակում էր դրա կառուցման հնարավորությունը նախապես ընտրված վայրում:

 

Այդ պատճառով ստիպված եղանք թարմացնել տեխնիկա-տնտեսական հաշվարկները եւ բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատականը, ինչի վրա ներկայումս աշխատում ենք: Երբ այս աշխատանքներն ավարտին հասցվեն, կշարունակվեն ծրագրի ֆինանսավորման եւ զարգացման աշխատանքները: Հուսով ենք՝ գերժամանակակից բնապահպանական կառավարմամբ օրինակելի հանք շահագործելու հնարավորությունն իրականություն դարձնել: 

 

- Կույտային տարալվացման հարթակի վայրը եւ դրա հնարավոր ազդեցությունը Սեւանա լճի վրա մի շարք բնապահպանական խմբերի մտահոգության հիմնական պատճառներից էին: Արդյո՞ք կույտային տարալվացման տեղադիրքի տեղափոխումը ենթադրում է, որ բնապահպանները մտահոգվելու պատճառ այլեւս չունեն:

 

- Մենք չենք ակնկալում, որ նրանց բոլոր հարցերն ու մտահոգություններն ամբողջությամբ սպառված են: Կարծում եմ՝ կլինեն որոշ հարցեր, որոնց շուրջ շահագրգիռ կողմերը կշարունակեն մտահոգություն հայտնել: Ուզում ենք հավաստիացնել, որ լսում ենք բոլոր տեսակետները, հաշվի ենք առնում բոլոր մտահոգությունները եւ փորձում ենք պատասխանել դրանց: Մասնավորապես, այս խնդրի առնչությամբ կարող ենք միայն վերահաստատել մեր այն համոզմունքը, որ  կույտային տարալվացման հարթակի նախկին տեղադիրքը նույնքան անվտանգ էր, որքան նորը: Միեւնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ կառավարությունը հարկ է համարել արձագանքել որոշ մարդկանց մտահոգություններին: Այսպիսով` Սևանի ազդեցության գոտին ընդլայնվեց, եւ մենք ստիպված եղանք տեղափոխել ենթակառուցվածքները: Հիմա այն ամբողջովին դուրս է Սեւանի որեւէ գոտուց, ներառյալ՝ ոչ անմիջական ազդեցության գոտին: Այնուամենայնիվ, ցանկանում եմ շեշտել, որ Լիդիանն ու Գեոթիմն արդեն ավելի քան 4 միլիոն դոլար են ծախսել, որպեսզի լավագույն միջազգային խորհրդատվական ընկերությունները գնահատեն բոլոր ռիսկերը եւ դրանց կառավարման բոլոր միջոցառումները ներառեն նախագծում:

 

Ժամանակակից կույտային տարալվացման հարթակներն անվտանգ են գործում շատ ավելի դժվար կառավարելի միջավայրերում. դրանք այնպես են նախագծված, որպեսզի գործունեության ընթացքում ազդեցություն չթողնեն շրջակա միջավայրի վրա` զգալի արտահոսքի ցանկացած հավանականությունը հասցնելով զրոյի:

 

Այսպես է կույտային տարալվացումը նախագծվում ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում եւ այլ երկրներում: Լիդիանը Հայաստանում առաջինը կներդնի այս ժամանակակից տեխնոլոգիան, որը պոչամբարների առկայություն չի ենթադրում:

 

- Մտահոգություններից մեկն էլ Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի հնարավոր ազդեցությունն է Ջերմուկի վրա:

 

- Դա հասկանալի մտահոգություն է: Մենք նաեւ հասկանում ենք, որ անվտանգությանն առնչվող երաշխիքները, որոնք տալիս է ընկերությունը, բավարար չեն շահագրգիռ կողմերի մտահոգությունները վերացնելու համար: Ահա թե ինչու նախապես հրապարակեցինք Ջերմուկի վրա ազդեցության նախնական գնահատականը, թեեւ Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատականը (ԲՍԱԳ) դեռեւս ավարտված չէ: Նախնական զեկույցները՝ կապված փոշու, ստորգետնյա ջրերի, աղմուկի եւ այլ մտահոգությունների հետ, հասանելի են Գեոթիմի կայքում: Սա զուտ գիտական հետազոտություն է` իրականացված միջազգային անկախ խորհրդատվական ընկերությունների կողմից, որոնք ավելի քան հարյուր տարվա փորձ եւ մեծ հեղինակություն ունեն: Տարիների ընթացքում արված հետազոտությունները պարզել են, որ Ջերմուկի վրա պոտենցիալ բնապահպանական անբարենպաստ ազդեցություն չի կարող լինել:

 

Պարզ ասեմ. եթե հետազոտությունները ցույց տային, որ գոյություն ունի նման վտանգ, ծրագիրը երբեք չէր կարողանա միջազգային ֆինանսավորում ստանալ: Այդպիսին են միջազգային չափանիշները ժամանակակից հանքարդյունաբերության ոլորտում: Այնուամենայնիվ, մենք հասկանում ենք բոլոր մտահոգությունները եւ բաց ենք շահառուներին անհանգստացնող հարցերի շուրջ հետագա քննարկումների համար:

 

- Արդյո՞ք հանքը կարող է շահագործվել` գտնվելով առողջարանային քաղաքի կողքին:

 

- Նախորդ տարի Լիդիանը Ամուլսարի ազդակիր համայնքների ղեկավարներին առաջարկեց այցելել ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի հանքային աղբյուրների առողջարանների կողքին շահագործվող որոշ հանքեր: Ի դեպ, ինքս այդ շրջանից եմ: Այդ հանքերն արդեն մի քանի տասնամյակ անվտանգ գործում եւ տնտեսական դրական ազդեցություն են թողնում շրջակա համայնքների վրա: Այդպիսի օրինակներ կան ամբողջ աշխարհում: Անվտանգ եւ ժամանակակից հանքերը տնտեսական օգուտ են բերում, օգնում են ենթակառուցվածքների զարգացմանը եւ նպաստում են այլ ոլորտների (այդ թվում` տուրիզմի) կայացմանը: Այնպես որ, այո, դա հնարավոր եւ ամբողջովին իրագործելի է ժամանակակից տեխնոլոգիաների եւ առկա հնարավորությունների պայմաններում:

 

- Ընկերությունը միշտ վստահեցրել է, որ Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի բնապահպանական կառավարումը կիրականացնի միջազգային  լավագույն փորձին համապատասխան: Այնուամենայնիվ, հաշվի առնելով նախկին ԽՍՀՄ երկրներում հանքարդյունաբերության բնապահպանական կառավարման փորձը, մտահոգությունները դեռեւս շատ են, իսկ երաշխիքներին գրեթե չեն հավատում:

 

- Դա լիովին հասկանալի է, եւ բանավեճերն այս հարցերի շուրջ ողջունելի են: Իրականում հենց այդ առողջ բանավեճն  է զարգացած երկրներում բարձրացրել նշաձողը: Իսկ զարգացող երկրներում բազմաթիվ ֆինանսական հաստատություններ, ինչպես Միջազգային ֆինանսական կորպորացիան, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն եւ այլ ինստիտուտներ, որոնք մեր բաժնետերերն են եւ պոտենցիալ վարկատուները, հաստատել են մի շարք օրենքներ եւ ուղեցույցներ` ապահովելու ծրագրերի պատասխանատու իրականացումը:

 

Հասկանում եմ, որ զարգացող երկրներում այս սկզբունքները կիրառելու շարժառիթների նկատմամբ որոշակի թերահավատություն կա: Բայց աշխարհը փոփոխվում է, սոցիալական ու էկոլոգիական պատասխանատվության եւ հաշվետվողականության առավել մեծ պահանջ կա: Երկիր մոլորակը չափազանց փոքր է խնդիրներն աշխարհի մի ծայրից մյուսը տեղափոխելու համար: Այնպես որ, խոշոր վարկային կազմակերպությունները, ինչպես նաեւ բազմաթիվ միջազգային ընկերություններ, պարտավորվել են հավատարիմ մնալ երկրների օրենսդրություններին եւ կանոնակարգերին` կիրառելով միջազգային լավագույն փորձը՝ դրանով ապահովելով մոլորակի կայունությունը:

 

Ցավոք, շատ այլ դեպքերում, երբ չեն գործում միջազգային չափորոշիչները, լուրջ խնդիրներ են առաջանում: Եվ դրանք կարող են լուծվել հասարակության ճնշման եւ ոլորտի չափանիշների բարձրացման միջոցով եւ ոչ միայն հանքարդյունաբերության մեջ:

 

-Ձեր ընկերությունը մշտապես շեշտել է Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի կարեւորությունը միջազգային ներդրողների ուշադրությունը Հայաստանի վրա գրավելու տեսանկյունից: Դուք նոր եք սկսում աշխատել ընկերությունում. ըստ Ձեզ՝ ինչքանո՞վ է այս նախագիծը եւ առհասարակ Հայաստանը հետաքրքիր ներդրողների համար:

 

- Նույնիսկ ավանդական հանքարդյունաբերական երկրներ համարվող Կանադան, Ավստրալիան, Բրազիլիան եւ Չիլին մեծ ջանքեր են գործադրում ներդրողներին գրավելու համար: Հետախուզական փուլը թանկ նախաձեռնություն է, որը միշտ չէ, որ արդյունավետ է լինում: Բացի այդ՝ շատ չեն այն միջազգային ներդրողները, որոնք ցանկություն ունեն ներդրումներ կատարել: Ամուլսարի ծրագիրն այս առումով բավական հաջող էր Լիդիանի գործադրած մեծ ջանքերի շնորհիվ: Ընկերությունը Հայաստանը եւ ծրագիրը ներկայացրեց տարբեր կոնֆերանսներին եւ միջոցառումներին: Հարկ է նշել, որ ներդրումների ներգրավումը ենթադրում է  նաեւ ճիշտ հավասարակշռություն գտնել ներդրողների՝ ներդրումները վերադարձնելու ակնկալիքների եւ բոլոր շահագրգիռ կողմերի շահերի միջեւ:

 

- Արդյոք այդ  հավասարակշռությունը հնարավո՞ր է:

 

- Դա է տնտեսական հաջողության գաղտնիքը: Ինչ վերաբերում է հանքարդյունաբերությանն ընդհանրապես, զարգացող տնտեսությունների մի շարք օրինակներ կան, որտեղ աճը հնարավոր է դարձել հիմնականում բարենպաստ ներդրումային միջավայրի եւ հանքարդյունաբերության ոլորտում կատարվող ներդրումների բազմապատկման էֆեկտի շնորհիվ: Հարկերը, աշխատատեղերը, հողի հարկերը, տեղի փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների ներգրավումը նպաստում են տնտեսական աճին: Հանքարդյունաբերության ոլորտի յուրաքանչյուր ուղղակի աշխատատեղի շնորհիվ ստեղծվում են 3-5 անուղղակի աշխատատեղեր: Թեեւ ծրագիրը դեռեւս շահագործման փուլում չէ, Ամուլսարում արդեն աջակցում ենք տեղական մի քանի փոքր եւ միջին բիզնեսների, որոնք փոխադրման եւ մատակարարման ծառայություններ են մատուցում: Երբ սկսվի հանքի շահագործումը, այս դրական ազդեցությունը զգալիորեն կավելանա: Կստեղծվեն ավելի քան 1500 աշխատատեղ շինարարության փուլում եւ 500՝ շահագործման ողջ ընթացքում:

 

Մեկ այլ օրինակ է հողի հարկը: Նախորդ տարի մենք ավելի քան 200 միլիոն դրամ ենք տրամադրել Գորայքի, Սարավանի եւ Գնդեվազի տեղական բյուջեներին: Կարիք չկա շեշտելու, որ երբ Ամուլսարի հանքը սկսի շահագործվել, տնտեսական ազդեցությունն էական կլինի ոչ միայն տվյալ շրջանի, այլեւ ամբողջ երկրի համար:

 

- Ո՞րն է հաջողված նախագծի չափանիշը:

 

- Այսօր հաջողված է համարվում այն նախագիծը, որը ներառում է նորագույն մեթոդներով ապահովված անվտանգություն ու բնապահպանական կառավարում եւ գործում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքների շրջանակներում: Նախագիծ, որը թե՛ եկամտաբեր է թե՛ նաեւ օրինակելի այդ ցուցանիշների առումով: Հանքարդյունաբերությունը առնչվում է ամենատարբեր կողմերին ` կառավարություններ, համայնքներ, ներդրողներ, հասարակության տարբեր շերտեր: Գնալով ավելի է մեծանում բոլոր շահագրգիռ կողմերի ակնկալիքները արդարացնելու պահանջը: Սա բարդ մարտահրավեր է, բայց դրական արդյունքները գոհացնող են: Հուսով եմ, որ Ամուլսարի ծրագիրն ի վերջո կհասնի այդ նպատակին: Մեր նպատակն է ունենալ լավ բիզնես նախագիծ, որից կշահեն ծրագրին այս կամ այն կերպ առնչվող բոլոր շահագրգիռ կողմերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին