«Ճարտարապետը հետք է թողնում ժամանակի մեջ». Գուրգեն Մուշեղյանն 80 տարեկան է - Mediamax.am

exclusive
3718 դիտում

«Ճարտարապետը հետք է թողնում ժամանակի մեջ». Գուրգեն Մուշեղյանն 80 տարեկան է

Գուրգեն Մուշեղյանը
Գուրգեն Մուշեղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը`


Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը 80 տարեկան է: Այս առիթով նախօրեին Երեւանի պատմության թանգարանում բացվել է ճարտարապետի  80-ամյա հոբելյանին նվիրված  «Նախագծեր եւ իրականացումներ» ցուցահանդեսը, որը ներկայացնում էր ճարտարապետ Մուշեղյանի մի քանի տասնամյակ ընդգրկող գործունեությունը:

 

Անվանի ճարտարապետին շնորհավորելու էին եկել Երեւանի գործող եւ նախկին քաղաքապետները՝ Տարոն Մարգարյանը, Երվանդ Զախարյանը, Մուրադ Մուրադյանը, գործընկերներն ու մտերիմները:

 

Գուրգեն Մուշեղյանի 80-ամյա հոբելյանին նվիրված  ցուցահանդեսի բացմանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս

 

80-ամյա հոբելյանի առիթով ճարտարապետին շնորհավորել էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

«Մեծ է Ձեր վաստակը Հայաստանի ճարտարապետության զարգացման գործում: Դուք ակտիվ մասնակիցն ու ղեկավարն եք եղել հիմնարկների, որոնց  գործունեության արդյունքում  ձեւավորվել է Երեւանի եւ Գյումրիի ճարտարապետական դիմագիծը: Ձեր նախագծած կառույցներից շատերն այսօր արդիական են եւ հիացնում են մեր քաղաքացիներին եւ հյուրերին: Մաղթում ենք Ձեզ առողջություն եւ եռանդ՝ շարունակելու ձեր հայրենանվեր գործը»,- ասված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

 

Գուրգեն Մուշեղյանը ծնվել է 1934թ. օգոստոսի 14-ին Գյումրիում: 1959 թ-ին ավարտել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժինը: 1959- 62թթ. եղել է «Հայպետնախագիծ»  ինստիտուտի ավագ ճարտարապետ, 1962-1964թթ.՝ Գյումրիի գլխավոր ճարտարապետ,  1964-1967թթ.՝  Երեւանի գլխավոր ճարտարապետի տեղակալ: 1982-1990թթ. զբաղեցրել է Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը:  2001-2009թթ. եղել է «Երեւաննախագիծ» ՓԲԸ գործադիր տնօրենը:

 

Գուրգեն Մուշեղյանի 80-ամյա հոբելյանին նվիրված  ցուցահանդեսի բացմանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս :

 

Գուրգեն Մուշեղյանը Երեւանի Ճարտարապետաշինարարական համալսարանի պրոֆեսոր, պատվավոր դոկտոր է, Հայաստանի Ճարտարապետների միավորման անդամ, Ռուսաստանի Ճարտարապետության եւ շինարարական ԳԱ օտարերկրյա անդամ:

 

Տաղանդավոր ճարտարապետը Հայաստանի Հանրապետության պետական (“Հրազդան” մարզադաշտի համար) եւ ԽՍՀՄ պետական մրցանակների (Երեւանի Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի համար) դափնեկիր է: 

 

ԽՍՀՄ բազմակի չեմպիոն է նաեւ սուսերամարտի ոլորտում: Խորհրդային Միության սպորտի վարպետ է:

 

Գուրգեն Մուշեղյանի նախագծած Գյումրու օդանավակայանի մասին պատմող ցուցատախտակը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս :

 

Ճարտարապետի 80-ամյա տարեդարձի օրը նրա բազմաթիվ պատվոգրերի թիվն համալրվեց եւս մի քանիսով: Երեկոյի ընթացքում Գուրգեն Մուշեղյանը պարգեւատրվեց  «Հայնախագիծ» ինստիտուտի պատվոգրով, Շինարարների, Ճարտարապետների միությունների եւ Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության համալսարանի պատվոգրով եւ բուհի ոսկե հուշամեդալով:

 

«Պարոն Մուշեղյանը բազմաթիվ պարգեւների է արժանացել, բայց միայն դրանք բավարար չեն նրան նկարագրելու համար: Պարոն Մուշեղյանի հետ պետք է ապրել, քայլել, ճանապարհ անցնել, լինելը նրա ժամանակակիցը: Այսօր մեր հասարակության եւ ճարտարապետական շրջանակների համար մեծ տոն է: Ճարտարապետ Մուշեղյանը վառ ստեղծագործական անհատականություն է, մեծամասշտաբ մտածելակերպով եւ հեռանկարային ընկալումներով: Նա մեծ վաստակ ունեցող մանկավարժ է, օրինակ է թե՛ մեր, թե՛ ճարտարապետների գալիք սերնդի համար: Մուշեղյանն անխոնջ մարտիկ է, ով երբեք չի վախենում արտահայտել իր տեսակետը»,- հոբելյարին շնորհավորելով` ասել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:

 

Գուրգեն Մուշեղյանի 80-ամյա հոբելյանին նվիրված  ցուցահանդեսի բացմանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս :

 

Գուրգեն Մուշեղյանին շնորհավորելու էր եկել նաեւ նրա վաղեմի բարեկամ, գործընկեր, Երեւանի նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանը: 

 

«Քաղաքապետ լինելու տարիներիս ես աշխատել եմ երկու գլխավոր ճարտարապետների հետ՝ երջանկահիշատակ Ջիմ Թորոսյանի եւ իմ լավ բարեկամ Գուրգեն Մուշեղյանի: Երկուսի հետ էլ աշխատել ենք երկար տարիներ եւ երբեք որեւէ ընդհարում կամ վիճաբանություն չենք ունեցել: Ունեցել ենք տարբեր կարծիքներ, բայց կարողացել ենք գալ ընդհանուր հայտարարի: Երեւան քաղաքն այդ տարիներին հարստացավ բազմաթիվ նոր նախագծերով, կառուցվեցին Մարզահամերգային համալիրը, Կասկադը, բազմաթիվ ջրային մակերեսներ: Գուրգեն Մուշեղյանն այն եզակի ճարտարապետներից է, ով այսօր լավ տիրապետում է Գյումրիի եւ Երեւանի քաղաքաշինական իրավիճակին: Նա աստվածատուր ստեղծագործական տաղանդ ունի»,- ասել է Մուրադ Մուրադյանը:   

 

Երեւանի նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանը Գուրգեն Մուշեղյանի 80-ամյա հոբելյանին նվիրված  ցուցահանդեսի բացմանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս :

 

Գործընկերների շնորհավորանքներից հուզված՝  Գուրգեն Մուշեղյանը շնորհակալություն հայտնեց բոլորին, ում հետ անցել է իր փառահեղ մասնագիտական ուղին: 

 

«Ինձ բախտ է վիճակվել աշխատել Երեւանի երեք տարբեր քաղաքապետների հետ: Ես շնորահակալ եմ նրանց: Շատ հաճախ իմ մանկության ընկերներն ինձ հիշեցնում են, թե ինչպես մեր տուն հաճախելիս հայրս միշտ ասում էր մեզ. «Ես ցանկանում եմ, որ դուք հասարակության համար պիտանի մարդիկ դառնաք»: Եվ այսօր այստեղ կանգնած՝ ես  ցանկանում եմ իմ առաջին շնորհակալությունը նվիրել հորս եւ ասել, որ այդ պատգամը կատարել եմ»,- մեծ հուզմունքով ասաց Մուշեղյանը:

 

Անկախ բոլոր պարգեւներից եւ կոչումներից՝ վաստակավորր ճարտարապետի համար առաջնային տեղում  է հասարակության, մարդկանց գնահատականը:

 

Գուրգեն Մուշեղյանի 80-ամյա հոբելյանին նվիրված  ցուցահանդեսի բացմանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս :

 

Մուշեղյանի խոսքերով, ճարտարապետությունը թիմային աշխատանք է, եւ այն ամենն, ինչ ծնվում է այդ աշխատանքի արդյունքում, հավաքական, համազգային արժեք է, ինչպես, օրինակ, «Հրազդան» մարզադաշտը, Մարզահամերգային համալիրը:

 

«Ճարտարապետը պատասխանատու է իր յուրաքանչյուր աշխատանքի համար, քանի որ իր նախագծած կառույցով նա հետք է թողնում ժամանակի մեջ: Եթե նա իր աշխատանքով փչացնում է այդ ժամանակահատվածը, ապա դրանով բարդություն է ստեղծում ճարտարապետների գալիք սերնդի համար: Դա ժառանգություն է: Ինչպես ընտանիքում, այնպես էլ ճարտարապետության մեջ, դու փոխանցում է էստաֆետը եկող սերնդին»,- նշել է նա:

 

Հայացք գցելով իր անցած ճանապարհին՝ Գուրգեն Մուշեղյանը հույս է պահում, որ իր նախագծած կառույցները խնամքով կպահպանվեն եւ կփոխանցվեն գալիք սերունդներին:

 

Եկատերինա Պողոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին