Մարդիկ Մարտին. «Կատաղած ցլից» մինչեւ «Սպի» - Mediamax.am

exclusive
6530 դիտում

Մարդիկ Մարտին. «Կատաղած ցլից» մինչեւ «Սպի»

Մարդիկ Մարտինը
Մարդիկ Մարտինը

Լուսանկարը` lisimg.com/

Լուսանկարը`


2015 թվականի փետրվարին մեծ էկրան բարձրացավ թուրքական արմատներ ունեցող գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» պատմական դրաման, որի գործողություններն ընթանում են Հայոց Ցեղասպանության ժամանակ եւ դրան հաջորդող տարիներին: Ֆիլմի սցենարի հեղինակներից է հայազգի Մարդիկ Մարտինը, որը համաձայնել էր զրուցել մեզ հետ:

 

«Սպին» հատկանշական է ոչ միայն նրանով, որ առաջին անգամ պատմության մեջ ազգությամբ թուրք ռեժիսորն է անդրադառնում Եղեռնին, այլեւ նրանով, որ ստեղծագործական կազմի մեջ կարելի է տեսնել սցենարիստ Մարդիկ Մարտինի անունը: Հայազգի Մարտինի անունը այսօր քչերը գիտեն, մինչդեռ 1970-ականներին նա այն մարդկանցից մեկն էր, ովքեր փոխեցին հոլիվուդյան կինոյի դեմքը, իրական կյանք ցուցադրեցին կինոէկրանին:

 

Բաղդադում ծնված Մարդիկը Նյու Յորքում հայտնվեց 1960-ականներին՝ հայրը չէր ուզում, որ նա ծառայի իրաքյան բանակում: Զանազան մասնագիտություններ փոխելուց հետո նա ընդունվեց Նյու Յորքի կինոդպրոցը, որտեղ էլ ծանոթացավ ապագա գործընկեր եւ կինոյի լեգենդ Մարտին Սկորսեզեի հետ: Նրանց դասախոսներից էր, ի դեպ, հայազգի Հայկ Մանուկյանը: Հենց նա էր խորհուրդ տվել երկուսին աշխատել միասին:

 

Խորհուրդն առավել քան արդյունավետ էր: 1973-ին լույս տեսավ «Չար փողոցները» քրեական դրաման: Փառք ձեռք բերեցին ոչ միայն ռեժիսորն Սկորսեզեն եւ սցենարիստ Մարտինը, այլեւ գլխավոր դերակատարներ Հարվի Կայտելն ու Ռոբերտ Դե Նիրոն:

 

Հետո եղան երկու վավերագրական ժապավեններ՝ Սկորսեզեի ծնողների մասին պատմող «Իտալաամերիկացիները» եւ The Band ռոք-խմբին նվիրված «Վերջին վալսը» (համարվում է ռոք-վավերագրության լավագույն նմուշներից մեկը) եւ եւս երկու խաղարկային ֆիլմ՝ «Նյու Յորք, Նյու Յորքը» (այս ֆիլմի համար է գրվել Ֆրենկ Սինատրայի կատարմամբ հայտնի դարձած համանուն երգը) եւ «Կատաղած ցուլը»՝ հռչակավոր սպորտային դրաման, որտեղ Դե Նիրոն մարմնավորեց բռնցքամարտիկ Ջեյք Լամոտտային:

 

Դրանից հետո Սկորսեզեի եւ Մարդիկի ճամփաները բաժանվեցին: Ռեժիսորը նորից վերագտավ իրեն եւ դեռ շատ բարձունքների հասավ, իսկ Մարդիկը աստիճանաբար հեռացավ մեծ կինոյից: 

 

«Սպին» նրա առաջին մեծ աշխատանքն է 34 տարվա ընթացքում:

 

- «Սպիի» սցենարի ստեղծման ո՞ր փուլում միացաք Ֆաթիհին: Նա արդեն ունե՞ր մտքում պատմությունը, թե՞ միայն գաղափարն էր:

 

- Երբ ես միացա, Ֆաթիհն արդեն սյուժեի մասին մոտավոր պատկերացում ուներ: Այդ հիմքի վրա էլ միասին կառուցեցինք բուն սցենարը: Իմ հիմնական աշխատանքը կայանում էր պատմությունն ավելի պարզ, կինոգենիկ դարձնելու մեջ: Նաեւ մեծապես վերափոխեցի ֆիլմի երրորդ մասը եւ ստացվեց այն, ինչ դուք կտեսնեք էկրանին:

 

 

- Մի քանի տարի առաջ, երբ Աքինը Երեւանում էր՝ որպես «Ոսկե ծիրանի» հյուր, ինձ ասաց, որ «Կատաղած ցուլը» իր սիրած ֆիլմերից մեկն է: Արդյոք դա՞ էր պատճառը, որ այսքան տարի անց նա որոշեց աշխատել այդ լեգենդար ֆիլմի կերտողներից մեկի հետ:

 

- Ճիշտն ասած, այդ մասին չենք խոսել, թեպետ գիտեմ, որ իրոք սիրում է «Կատաղած ցուլը» եւ իմ մյուս աշխատանքները, հատկապես «Չար փողոցները»:

 

- Իսկ դուք Աքինի աշխատանքներին ծանո՞թ էիք:

 

- Իհարկե, ծանոթ էի եւ բավական լավ եմ վերաբերվում: Բայց հիմնական պատճառը, որ համաձայնեցի աշխատել նրա հետ կոնկրետ այս պատմությունն էր: Սա այն թեման էր, որի մասին ես ուզում էի խոսք ասել: Ինձ համար շատ կարեւոր էր լինել այն մարդկանցից մեկը, ով կօգնի աշխարհին վերջապես իմանալ, թե ինչի միջով են անցել հայերը: Թեպետ իմ ընտանիքը ուղղակիորեն Ցեղասպանությունից չի տուժել. հայրս Իրաքում էր, ես էլ եմ հետո այնտեղ ծնվել: Միայն գիտեմ, որ մորական պապս սպանվել է ջարդերի ժամանակ՝ իր գյուղի պաշտպանության համար կռիվ տալու ժամանակ:

 

- «Սպիի» սցենարի վրա աշխատանքը սկսելիս դիտե՞լ էիք Ցեղասպանության մասին մյուս ժապավենները՝ «Մայրիկը», «Արարատը» եւ մյուսները:

 

- Ճիշտն ասած, ոչ մեկը չեմ տեսել: Ավելին, դրանք տեսած մարդիկ ինձ ասել են, որ այդքան էլ լավը չեն: Եվ ի վերջո, դա այդքան էլ կարեւոր չէր, կարեւոր էր թեկուզ մեկ դար անց աշխարհին ներկայացնել պատմական իրողությունը:

 

- Սա ձեր առաջին խաղարկային ֆիլմն է սկսած հեռավոր 1980 թվականից, երբ լույս տեսավ «Կատաղած ցուլը»: Դժվար չէ՞ր այսքան ժամանակ սիրելի գործից կտրված լինելը:

 

- Այնպես չէ, որ բոլորովին կապ չունեի սցենարական գործի հետ այս տարիներին, քանի որ դասավանդում եմ Հարավային Կալիֆոռնիայի Համալսարանում եւ երիտասարդների հետ փորձ կիսելուց իսկապես հաճույք եմ ստանում: «Կատաղած ցուլից» հետո մի շրջան եղավ, երբ մի ամբողջ կյանք էի ներդնում, աշխարհ էի արարում, պատմություն ստեղծում, հետո ստուդիաները տարիներով քարշ էին տալիս սցենարս ու ի վերջո հանգում նրան, որ չեն ուզում փող ծախսել դրա վրա: Դա ինձ ցավ էր պատճառում: Համալսարանում սթրեսային վիճակներում այլեւս չեմ հայտնվում:

 

- Այդուհանդերձ, ահա, լույս տեսավ «Սպին»: Չսպասե՞նք նոր ֆիլմեր ձեր սցենարներով:

 

- Խիստ կասկածում եմ, որ կվերադառնամ մեծ կինո: Սա առանձին դեպք էր: Ես արդեն ծեր եմ նորից այդ գործին վերադառնալու համար:

 

Մարդիկ Մարտինի հետ զրուցել է Արտավազդ Եղիազարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին