Դավիթ Ուսուպաշվիլի. Աբխազական երկաթուղու հարցը չենք քննարկում - Mediamax.am

exclusive
10010 դիտում

Դավիթ Ուսուպաշվիլի. Աբխազական երկաթուղու հարցը չենք քննարկում

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին
Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին

Լուսանկարը` REUTERS/David Mdzinarishvili

Լուսանկարը`


Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին

Փետրվարի 1-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին: Այցի նախօրեին նա զրուցել է Մեդիամաքսի հետ:

 

- Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին 2013թ. հունվարին մեր գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ անհրաժեշտ է ճիշտ գնահատել «Վրաստանի ու Հայաստանի համագործակցության զարգացման հնարավորությունների ահռելի ներուժը եւ գործակցության համար ընտրել բազմոլորտ նոր ռազմավարություն»: Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ լիարժեք են այսօր կողմերը օգտագործում համագործակցության ներուժը:

 

- Նախ, առիթից օգտվելով, թույլ տվեք շնորհակալություն հայտնել իմ գործընկեր Գալուստ Սահակյանին Հայաստան այցելելու հրավերի համար: Սա խորհրդարանի խոսնակի պաշտոնում արդեն իմ երկրորդ այցն է Հայաստան, իսկ այս փաստն ինքնին վկայում է մեր բարեկամական եւ բարիդրացիական հարաբերությունների մասին:

 

Մինչ բուն հարցին անցնելը, կուզենայի իմ ցավակցությունը հայտնել ամբողջ Հայաստանին՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Երբ սպանվում է մի ամբողջ ընտանիք, այդ թվում՝ երեխաներ, դա ոչ միայն Հայաստանի, այլ համայն աշխարհի ողբերգությունն է: Այս ողբերգությունը շոկային էր վրաց հասարակության համար, մենք բոլորս լցված ենք խոր զայրույթով ու ցավով:

 

Ինչ վերաբերում է համագործակցության ներուժին, նշեմ, որ մեր միջպետական կապերը բազմակողմ են: Վրաստանի տարանցիկ ենթակառուցվածքները կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար: Հիմնական զարկերակը, որ կապում է Հայաստանին Ռուսաստանի հետ, անցնում է Վրաստանի տարածքով: Վրաստանի շնորհիվ Հայաստանը ելք է ստանում դեպի ծով՝ կապ հաստատելով միջազգային տնտեսական հարթակների հետ, որտեղից ստանում է ապրանքների գրեթե բոլոր տեսակները, ինչպես նաեւ էներգակիրները: Այդ նույն ուղիներով էլ Հայաստանը Ռուսաստան եւ այլ երկրներ է արտահանում իր արտադրանքը: Այս ամենն արդյունավետ համագործակցություն է ենթադրում տրանսպորտի ոլորտում: Վրաստանի ու Հայաստանի միջեւ իրականացվում է գյուղատնտեսական ապրանքների, հումքի, շինանյութի առեւտուր, ակտիվ զարգանում է զբոսաշրջությունը եւ այլն:

 

Թբիլիսիի խանութներում ավանդաբար լավ են վաճառվում հայկական սուրճը եւ էկզոտիկ մրգերի հյութերը: Բայց ահա երբ խանութներում հայտնվեց հայկական խաղողը, մենք մտածեցինք, գուցե ժամանա՞կն է վերանայելու մեր առեւտրային հարաբերությունները: Բայց հետո մեզ հանգստացրին. այդ խաղողից գինի չէր ստացվի, հետեւաբար այն վրացականին մրցակից չէր լինի: Սա, իհարկե, կատակ է:

 

Իսկ հիմա լուրջ: Նայենք թվերին: 2013թ. առեւտրաշրջանառությունը մեր երկրների միջեւ աճել է 50 տոկոսով: Աճի դինամիկա կար նաեւ 2014թ., թեեւ, իհարկե, ներուժն ամբողջությամբ յուրացված չէ: Օրինակ, տնտեսական որոշ նախագծեր կարելի է իրականացնել տարածաշրջանային ընդհանուր համատեքստում: Դա կմեծացներ մեր արտադրության մրցունակությունը միջազգային շուկաներում: Վրացական ու հայկական տուրօպերատորները կարող են միասնական փաթեթ առաջարկել օտարերկրացի զբոսաշրջիկներին: Դա կարող է զգալիորեն բարձրացնել զբոսաշրջիկների հոսքը տարածաշրջանում: Սակայն դրա համար նախ պետք է լավ ուսումնասիրել բոլոր ոլորտները, հանգամանորեն քննարկել համանման բոլոր գաղափարները, ամեն բան ճիշտ հաշվարկել եւ վերլուծել, որ որոշենք՝ ինչ տեղ կարող է զբաղեցնել զբոսաշրջության ոլորտում կովկասյան պրոդուկտը:

 

Որոշակի քայլեր այդ ուղղությամբ արդեն ձեռնարկվել են, եւ դրա ապացույցը ոչ միայն բարձր մակարդակի փոխայցերն են: Անցած տարվա հոկտեմբերին հանդիպեցին երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների նախագահները, կայացավ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը, ձեւավորվեցին տնտեսական հարցերով համատեղ աշխատանքային խմբեր: Այս ամենը խոսում է այն մասին, որ մեր երկրներում օրենսդիր եւ գործադիր իշխանությունների մակարդակով ակնհայտ է համագործակցությունը խորացնելու ցանկությունը՝ ոչ միայն ընդհանուր քաղաքական, այլեւ ոլորտային հարցերով:

 

- Վրաստանը եւ Հայաստանը ներգրավված են տարբեր ինտեգրացիոն նախագծերում. Հայաստանը դարձել է ԵՏՄ-ի անդամ, իսկ Վրաստանը ստորագրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը եւ մտադիր է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Ձեր հարցազրույցներից մեկում Դուք նշում էիք, որ անհրաժեշտ է օգտագործել արտաքին քաղաքական ուղեգծերի տարբերությունը՝ մտերմանալու համար: Ինչպե՞ս կարելի է դա անել գործնականում:

 

- Մեր երկրների արտաքին քաղաքական ուղղվածություններն իսկապես տարբեր են: Վրաստանը ստորագրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, իսկ Հայաստանը միացել է Ռուսաստանի հիմնած ԵՏՄ-ին: Մեր երկրներն իրենց կամքով են միանում միջազգային կազմակերպություններին, ելնելով սեփական շահերից եւ հաշվի առնելով բարեկամ պետությունների հետ ունեցած հարաբերությունները:

 

Վստահեցնում եմ ձեզ, որ Վրաստանը չեր ներգրավվի որեւէ կազմակերպությունում, որը կսպառնար նրա ինքնիշխանությանը: Հուսանք, որ անկախ ԵՏՄ-ի անդամակցությունից՝ Հայաստանը կպահպանի անկախության այնպիսի մակարդակ, որ մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ առանց երրորդ ուժերի միջամտության:

 

Մեր երկրներն այդ հարցում մեծ փորձ ունեն: Կովկասյան տարածաշրջանը պատմականորեն եղել է աշխարհաքաղաքական պայքարի կենտրոնում՝ ենթարկվելով կայսրությունների ճնշմանը: Չնայած դրան՝ մեր նախնիներն այնքան իմաստուն են գտնվել, որ, անկախ կայսրությունների ցանկությունից, կարողացել են պահպանել բարիդրացիական հարաբերությունները՝ ի վերջո դուրս հրավիրելով անկոչ հյուրերին: Այդ փորձը պետք է հաշվի առնվի: Եվ չնայած առկա քաղաքական իրողություններին՝ հարավկովկասյան պետությունները պետք է ճիշտ հաշվարկեն՝ որտեղ են մեր տարածաշրջանի համար զարգացման լավագույն հեռանկարները, որտեղ է ապագան, առաջընթացը, իսկ որտեղ՝ անցյալի ուրվականների հետ պայքարը եւ ազատության սահմանափակումը: Եթե մենք արժեքների վրա հիմնված ճիշտ ընտրություն կատարենք, եթե հստակ ձեւակերպենք նպատակներն ու խնդիրները, ապա տարբեր քաղաքական միջոցներով կհաղթահարենք ներկա մարտահրավերները եւ ոչ միայն չենք վնասի բարեկամության պատմական ավանդույթները, այլեւ ընդհակառակը՝ կնպաստենք միմյանց զարգացմանը:

 

 

Բիձինա Իվանիշվիլին, Կաթողիկոս Իլիա II-ն եւ Դավիթ Ուսուպաշվիլին

Photo: REUTERS/David Mdzinarishvili

 

Ուզում եմ ընդգծել. երբ Վրաստանը կատարում էր իր եվրոպական ու եվրաատլանտյան ընտրությունը, ապա հոգում էր ոչ միայն սեփական հեռանկարների, այլեւ ամբողջ տարածաշրջանի զարգացման համար: Չէ՞ որ Կովկասյան տարածաշրջանի ընդգրկումը Եվրոպայի սահմաններում ավելի լավ ապագա է նշանակում նրա բնակիչների համար: Այսպես, Վրաստանի ու ԵՄ-ի միջեւ առկա ազատ առեւտրի մասին պայմանավորվածությունը դռներ է բացում դեպի աշխարհի ամենակայուն եւ մեծ շուկաներից մեկը ոչ միայն Վրաստանի, այլեւ Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի համար: Որքան մոտ լինի Եվրամիությունը Հայաստանի սահմաններին, այնքան դյուրին կլինի ԵՄ-ի շուկա հասցնել հայկական արտադրանքը: Մենք ԵՄ-ի հետ պայմանավորվածությունը չենք դիտարկում որպես պատնեշ մեր երկրների հարաբերություններում: Կարծում ենք՝ Վրաստանը ամբողջ տարածաշրջանի համար կամուրջ կլինի դեպի ԵՄ՝ կրճատելով ճանապարհը դեպի եվրոպական առավելություններ: Հուսով եմ, որ հայկական կողմը ԵՏՄ-ում ներգրավվելիս առաջնորդվում էր նույն սկզբունքներով: Մնացածն արդեն կախված է մեր գործարարների հմտություններից:

 

- Ժամանակ առ ժամանակ ի հայտ է գալիս երկաթգծի աբխազական հատվածով հաղորդակցության հնարավոր վերականգման հարցը, որը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար՝ տրանսպորտային շրջափակումը վերացնելու նպատակով: Պատրա՞ստ են արդյոք Վրաստանի իշխանությունները դիտարկել այդ հարցը՝ վրաց-աբխազական կարգավորման հարցերից առանձին:

 

- Լրատվամիջոցներում, իսկապես, վրացական երկաթգծի աբխազական հատվածով հաղորդակցման վերսկսման հարցը պարբերաբար արդիականություն է ստանում: Մենք հասկանում ենք Հայաստանի հետաքրքրվածությունը Ռուսաստանի հետ երկաթուղային կապի վերականգման հարցում: Սակայն այս հարցը Վրաստանում չի քննարկվում: Կառավարական որեւէ գերատեսչություն այս հարցով բանակցություններ չի վարում: Այդ հարցը չի կարող դիտարկվել Ռուսաստանի ու նրա բռնագրավված վրացական շրջանի՝ Աբխազիայի հետ հարաբերությունների համատեքստից դուրս: Հասկանալի է, որ նման թեմաների քննարկման վրա բացասաբար է անդրադառնում Ռուսաստանի ու բռնագրավված Աբխազիայի միջեւ վերջերս կնքված, այսպես կոչված, դաշնակցային համաձայնագիրը:

 

- Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթգիծը նույնպես կարող է հնարավորություններ բացել Հայաստանի համար, սակայն կարծիքներ են հնչում, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են ազդել Վրաստանի վրա՝ բացառելու համար հայկական կողմից երկաթգծի շահագործումը: Ի՞նչ կարող եք ասել այս հարցի շուրջ:

 

- Վրաստանի հարաբերություններն այլ պետությունների հետ առեւտրատնտեսական, կրթական, առողջապահական եւ այլ ոլորտներում կարգավորվում են համապատասխան պայմանագրերով եւ օրենքներով: Վրաստանի կառավարությունն ազատ է ոչ ֆորմալ որեւէ ազդեցությունից եւ գործում է սեփական շահերից ելնելով: Այդ իսկ պատճառով ավելորդ է խոսել այն մասին, որ Բաքուն կամ Անկարան ազդում են Թբիլիսիի քաղաքականության վրա: Հակառակ դեպքում, եթե նման ազդեցություն լիներ, Վրաստանի տարածքով Հայաստան այդ քանակությամբ տարատեսակ ապրանքներ չէին ներմուծվի, ինչը որ տեղի է ունենում հիմա:

 

- 2015թ. ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայերը նշելու են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Կարելի՞ է սպասել, որ Վրաստանի խորհրդարանը որեւէ հայտարարություն կամ հռչակագիր կընդունի այդ կապակցությամբ:

 

- Գյումրիում տեղի ունեցածի հետ կապված արձագանքը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Վրաստանի ժողովուրդը ցավով է ընդունում հայերի վիշտը, եւ անկասկած, 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած էթնիկ զտումը հայ ժողովրդի համար մեծ ողբերգություն է: Հայացք ձգելով Վրաստանի նորագույն պատմությանը՝ Դուք կտեսնեք, որ մեզ ծանոթ է էթնիկ զտումների ցավը:

 

Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա կարծում եմ, որ այս հարցում որեւէ նոր մոտեցում կամ հայտարարություն Վրաստանի խորհրդարանի կողմից չարժե ակնկալել:

 

Դավիթ Ուսուպաշվիլիի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին