Էդգարս Ռինկեւիչս. Կարեւոր է վերանայել ԵՄ-Հայաստան կապերի հիմքը - Mediamax.am

exclusive
9905 դիտում

Էդգարս Ռինկեւիչս. Կարեւոր է վերանայել ԵՄ-Հայաստան կապերի հիմքը

Էդգարս Ռինկեւիչս
Էդգարս Ռինկեւիչս

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը`


Մեդիամաքս-ի բացառիկ հարցազրույցը Եվրամիության Խորհրդի նախագահող Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչսի հետ

 

- Պարոն նախարար, Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցությունը չի հակասում Հայաստանի երկխոսությանը ԵՄ-ի հետ: ԵՄ-ն եւ Հայաստանը իսկապե՞ս կարող են նախկինի պես շարունակել աշխատել:

 

- Հայաստանի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը չնախաստորագրելու որոշումից հետո Եվրոպական Միությունը եւ Հայաստանը վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ զարգացնելու եւ ամրապնդելու ընդգրկուն համագործակցությունը Արեւելյան գործընկերության շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

 

Եվրամիությունը շարունակելու է համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր ոլորտներում, որոնք համադրելի են Հայաստանի կատարած ընտրության հետ: Միաժամանակ՝ մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի բարեփոխումներին ուղղված ջանքերը:

 

- Հունվարի 20-ին Բրյուսելում կայացած Հայաստան-Եվրամիություն Համագործակցության խորհրդի նիստի օրակարգի գլխավոր հարցերից մեկը ՀՀ-ԵՄ հետագա հարաբերությունների իրավական հիմքի ձեւավորումն էր: Դա ենթադրում է միանգամայն նո՞ր շրջանակ, թե՞ առկա ձեւաչափը կհարստացվի նոր գլուխներով:    

 

- Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ կարգավորվում են ԵՄ-Հայաստան Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրով (1999թ.), որը թույլ է տալիս մեզ լայն համագործակցություն ծավալել քաղաքական երկխոսության, առեւտրի, ներդրումների, տնտեսության, օրենսդրական եւ մշակույթի ոլորտներում: Այնուամենայնիվ, ԵՄ-ն եւ Հայաստանը կարծում են, որ կարեւոր է վերանայել ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմքը: Իրավական նոր շրջանակի վերաբերյալ քննարկումներն այժմ ընթացքի մեջ են:

 

- ԵՏՄ-ին միանալու որոշումից հետո Հայաստանի ղեկավարներն ասում էին, որ պատրաստ են ստորագրել Ասոցացման համաձայնագրի «քաղաքական մասը»: ԵՄ-ն պատասխանեց, որ Խորը եւ Համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրն Ասոցացման համաձայնագրի անբաժան մասն է, եւ այդ փաստաթղթերը չեն կարող մասնատվել: Կարո՞ղ ենք ասել, որ ներկայում Հայաստանն ու ԵՄ-ն բանակցում են Ասոցացման համաձայնագրի «քաղաքական մասին» շատ նման փաստաթղթի շուրջ:

 

- Նոր իրավական ձեւաչափի շուրջ բանակցությունները պաշտոնապես դեռ չեն մեկնարկել: Այդ բանակցությունները սկսելու համար նախ պետք է որոշակի նախնական աշխատանք կատարվի եւ հաստատվի նոր ԵՄ մանդատը: Մենք սատարում ենք բանակցությունների մեկնարկը Ռիգայում նախատեսված Արեւելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ:

 

-2014թ. դեկտեմբերին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Դուք հայտարարեցիք, որ գագաթաժողովն ուշադրությունը կկենտրոնացնի արեւելյան գործընկերների հետ «անհատական հարաբերությունների» զարգացման վրա: Ինչպե՞ս եք պատկերացնում «անհատական մոտեցումը» Հայաստանի համար:

 

- ԵՄ Արեւելյան գործընկերության նախաձեռնության զարգացումը ԵՄ Խորհրդում Լատվիայի նախագահության կարեւոր առաջնահերթություններից է: Ռիգայի գագաթաժողովը պետք է ուղերձ հղի այն մասին, որ Եվրամիությունը հետաքրքրված է ամրապնդել եւ շարունակել Արեւելյան գործընկերությունը: Ռիգայի գագաթաժողովը նաեւ ամփոփելու է Վիլնյուսյան գագաթաժողովի սահմանած նպատակների իրականացումը եւ նախնական գնահատական է տալու Ասոցացման համաձայնագրերի իրագործմանը: Կշարունակվեն նաեւ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացներն արեւելյան այն գործընկեր երկրների հետ, որոնք համապատասխանում են անհրաժեշտ չափանիշներին:

Էդգարս Ռինկեւիչսը եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Էդգարս Ռինկեւիչսը եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում

Լուսանկարը` REUTERS/Sergei Karpukhin

ԵՄ-ն, վարելով Արեւելյան գործընկերության քաղաքականությունը, պետք է նաեւ հաշվի առնի յուրաքանչյուր արեւելյան գործընկերոջ անհատական շահերը եւ նրանց պատրաստակամությունը՝ համագործակցելու ԵՄ-ի հետ:

 

-Վերջին տարիներին Հայաստանն ու ԵՄ-ն քննարկում էին Հայաստանի համար դոնորների համաժողով կազմակերպելու հարցը: Կարո՞ղ ենք ասել, որ այս գաղափարն այժմ հանված է օրակարգից:

 

-ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին՝ իրականացնելու քաղաքական, սոցիալական եւ տնտեսական բնույթի բարեփոխումներ: 2014-2017 թթ. համար այդ աջակցության ծավալը կկազմի €140-170 մլն: Աջակցությունը կտրամադրվի մասնավոր հատվածի զարգացման, հանրային կառավարման եւ արդարադատության ոլորտում բարեփոխումների համար:

 

-Հայաստանի կառավարությունը տարբեր առիթներով հայտարարել է, որ պատրաստ է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման բանակցություններ սկսել: Ե՞րբ է հնարավոր սկսել այդ բանակցությունները:

 

-Լատվիան ողջունում է Հայաստանի եւ ԵՄ միջեւ վիզային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի մասին համաձայնագրերի ուժի մեջ մտնելը: Մենք մշտապես խրախուսել ենք Հայաստանի կառավարությանը՝ շարունակելու այս համաձայնագրերի արդյունավետ իրականացումը: Սա որոշիչ պայման է վիզային ռեժիմի վերացման շուրջ բանակցությունները սկսելու համար: Այս պահին որեւէ ամսաթիվ կամ վերջնաժամկետ նշել չեմ կարող:

 

- Հասարակությունների միջեւ շփումները Արեւելյան գործընկերության շրջանակում համագործակցության առանցքային սկզբունքներից են: Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջեւ հետագա երկխոսությունը՝ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդումների լույսի ներքո:

 

-Մենք հավատում ենք, որ մարդկանց միջեւ շփումները Արեւելյան գործընկերության ամենակարեւոր սկզբունքներից են: Լատվիան աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մարդկանց շփումներին, ինչը կարեւոր է վստահության կառուցման համար: Հիմնարար արժեքների՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների եւ լավ կառավարման հանդեպ հարգանքը ԵՄ եւ Արեւելյան գործընկերության մասնակից պետությունների միջեւ երկխոսության կարեւոր թեմաներից է: Այդ հարցերը մշտապես բարձրացվում են արեւելյան գործընկեր երկրների պաշտոնյաների հետ մեր հանդիպումներին: Եվրամիությունը շարունակելու է հետեւել այս բնագավառում կատարվող զարգացումներին:

 

- Հարավային Կովկասը՝ իր չկարգավորված հակամարտություններով հանդերձ, արդյոք լինելո՞ւ է Եվրամիության խորհրդում Լատվիայի նախագահության առաջնահերթությունների ցանկում: Եթե այո, ի՞նչ գործնական քայլեր կարող է ԵՄ-ն ձեռնարկել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին «լիակատար սատարման» մասին հայտարարելուց բացի:

 

-Մենք՝ որպես ԵՄ խորհրդում նախագահող երկիր, սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տարվող բանակցությունները՝ ուղղված հակամարտության կարգավորմանը: Մենք հավատում ենք, որ անհրաժեշտ է պահպանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բարձր մակարդակի ուղիղ հանդիպումները: Հակամարտության լուծման ջանքերը պետք է շարունակվեն, եւ Լատվիան սատարում է դրանք: 

 

Լատվիան համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի շրջանակում: Կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն եւ խուսափեն իրավիճակը լարող քայլերից կամ հայտարարություններից:

 

Էդգարս Ռինկեւիչսի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին