Միշել Կազաչկին. ՀՀ-ում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հեռանկարը մտահոգիչ է - Mediamax.am

exclusive
6016 դիտում

Միշել Կազաչկին. ՀՀ-ում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հեռանկարը մտահոգիչ է

Միշել Կազաչկինը
Միշել Կազաչկինը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Մարտի 25-27-ը Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հատուկ ներկայացուցիչ Միշել Կազաչկինն այցելել էր Հայաստան: Այցի վերջին օրը Մեդիամաքսի թղթակիցը զրուցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ:

 

- Պարոն Կազաչկին, Հայաստանում առաջին անգամ եք: Հարցերի ի՞նչ օրակարգով եք ժամանել Երեւան:

 

- Երկօրյա այցիս ընթացքում հանդիպել եմ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, արդարադատության, առողջապահության նախարարների, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի նախագահի, առողջապահության ոլորտի այլ պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

 

Այցիս նպատակն էր մեր գործընկերների հետ պարզել, թե Հայաստանում՝ ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի կանխարգելման տեսանկյունից ինչ խնդիրներ կան: Այսօր այս վարակը կարելի է բուժել, կանխարգելել:

Հայաստանում ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց շուրջ 60%-ն անգամ տեղյակ չէ, որ վարակ ունի:

ՁԻԱՀ/ՄԻԱՎ կանխարգելման, դրա դեմ պայքարի հետ առնչվող խնդիրներն ավելի շատ քաղաքական կամ սոցիալական բնույթի են, քան առողջապահական: Օրինակ՝ Հայաստանում ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում բուժում ստացողների մեծ մասը գերազանց որակի խնամք է ստանում, եւ կենտրոնն այս իմաստով ցուցադրում է արեւմտյան երկրների կենտրոններին պատշաճ ծառայություն: Այնուամենայնիվ, Հայաստանում խնդրահարույց է այն իրողությունը, որ ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց շուրջ 60%-ն անգամ տեղյակ չէ, որ վարակ ունի:

Միշել Կազաչկինը Միշել Կազաչկինը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հարց է ծագում՝ որտե՞ղ է այդ 60%-ը, ինչո՞ւ նրանք չեն հետազոտվել, ինչո՞ւ չգիտեն իրենց կարգավիճակի մասին: Նրանք չգիտեն, քանի որ հասարակությունում առկա են բազմաթիվ կարծրատիպեր եւ խտրական վերաբերմունք ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ով տառապող մարդկանց հանդեպ, որովհետեւ տրամադրվող տեղեկատվությունը դեռեւս հասանելի չէ լայն զանգվածներին: Այցիս նպատակն է շահագրգիռ բոլոր կողմերի հետ միասին բարձրացնել այս հարցերը եւ դրանց լուծումներ գտնել: Ես հասկանում եմ, որ Հայաստանն առանց այդ էլ շատ խնդիրներ ունի՝ պետական բյուջեն մեծ չէ, տնտեսական իրավիճակը դյուրին չէ, սահմանին առկա է հակամարտություն եւ այլն: Եւ սա վտանգավոր է, քանի որ այս իրավիճակը նպաստում է ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի տարածմանը:

ԴՈՍՅԵ
դոսյե
ԴՈՍՅԵ

- Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի տարածվածությամբ առաջատարը Ռուսաստանն ու Ուկրաինան են: Ի՞նչ կասեք Հարավային Կովկասի երկրների մասին:

 

- Իրավիճակն Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում, իսկապես, մտահոգիչ է: Սա աշխարհում միակ տարածաշրջանն է, որտեղ համաճարակը շարունակում է զարգանալ: Ընդհանուր առմամբ, վերջին հինգ տարիների ընթացքում համաճարակի նոր դեպքերի թիվն աշխարհում նվազել է 25%-ով, համաճարակով պայմանավորված մահացության դեպքերը կրճատվել են 1/3-ով, ավելանում է բուժման հասանելիությունը, մինչդեռ միեւնույն ժամանակահատվածում Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում համաճարակի 45%-անոց աճ է նկատվում, մահացության դեպքերը եւս ավելացել են: Դուք ճիշտ եք, Ռուսաստանն ու Ուկրաինան տարածաշրջանի առաջատար երկրներն են: Ներկայում Ռուսաստանում վարակակիրների թիվը գերազանցում է 1.3 մլն-ը, այսինքն՝ ՌԴ բնակչության 1%-ից ավելին ապրում է այս վարակով: Սա չափազանց մտահոգիչ է:

 

Համաճարակն առկա է նաեւ Հարավային Կովկասի բոլոր երկրներում, իհարկե ոչ նման մեծ ծավալներով, ինչպես վերոնշյալ երկու երկրներում: Հայաստանում համաճարակը համեմատաբար փոքր ծավալներ ունի, սակայն Հայաստանն ինքնին բնակչությամբ փոքրաթիվ երկիր է: Ընդհանուր առմամբ, այսօր Հայաստանում հաշվառված է շուրջ 4 հազ. վարակակիր: Նրանց 40%-ը հետազոտվել եւ բուժում է ստանում: Վարակակիրների մյուս՝ 60%-ը, հետազոտություն չի անցել, չգիտի իր կարգավիճակի մասին: Նրանք, ամենայն հավանականությամբ, աշխատանքային միգրանտներն են, որոնք մեկնում են հիմնականում ՌԴ, այնտեղ վարակվում, ապա վերադառնում եւ վարակում զուգընկերոջը: Այս 60%-ը ներառում է նաեւ թմրամիջոցներ օգտագործող անձանց, որոնց թիվը նվազել է:

 

Այժմ Հայաստանում թմրամոլների թիվը կազմում է շուրջ 12 հազ.: ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ով վարակվածների, սակայն իրենց կարգավիճակի մասին անտեղյակ անձանց թվում են նաեւ միասեռականները: Այս անձինք ամենաշատն են խտրականության ենթարկվում, այդ պատճառով մեզ շատ բան հայտնի չէ նրանց մասին, եւ նրանք չեն դիմում հետազոտություն անցնելու համար: «Թաքնված» վարակակիրների թվում են նաեւ մարմնավաճառները:

Միշել Կազաչկինը Միշել Կազաչկինը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերլուծելով Հայաստանի կատարած աշխատանքը, հատկապես վերջին տասը տարիներին ձեռնարկած միջոցառումները, կարող եմ ասել, որ առաջընթացը տպավորիչ է: Սակայն, խնդիրներ, իհարկե, կան: Նախեւառաջ՝ «թաքնված» վարակակիրների խնդիրը: Երկրորդը արտագաղթի խնդիրն է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հետազոտված վարակակիրների 50%-ն աշխատանքային միգրանտներն են, որոնք մեկնում են հիմնականում Ռուսաստան: Ինչպե՞ս կարելի է կանխել նրանց վարակվելը կամ ինչպե՞ս կարելի է բուժել նրանց:

 

Միգրանտները, հատկապես համաճարակի նման բարձր մակարդակ գրանցած երկրներ՝ Ռուսաստան, Ուկրաինա մեկնողները, ռիսկային խմբում են: Հարց է ծագում՝ ինչպե՞ս գտնել այս մարդկանց: Իմ առաջարկներից մեկը եղել է հետեւյալը՝ պոլիկլինիկաներում ստեղծել ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի թեստ հանձնելու հնարավորությունը: Վստահություն է պետք ձեւավորել, որպեսզի այս մարդիկ չամաչեն եւ դիմեն բժշկին: Պետք է վերապատրաստել բժիշկներին:

Հայաստանում կան հազարավոր մարդիկ, որոնք հեպատիտ C-ով են վարակված, սակայն տեղյակ չեն այդ մասին:

Պատճառներից է նաեւ թմրամոլների շրջանում բուժում ստանալու հանդեպ առկա հակազդեցությունը: Նրանք գերադասում են թաքնվել համակարգից, քանի որ, նարկոդիսպանսերում գրանցվելով՝ նրանց տվյալները կարող են հայտնվել ոստիկանության ձեռքում:

 

ՄԻԱՎ-ի մասին խոսելիս մենք մոռանում ենք երկու այլ կարեւոր հիվանդությունների մասին՝ տուբերկուլյոզի եւ հեպատիտ C-ի մասին: Թվերը խոսում են այն մասին, որ թմրանյութեր օգտագործողների 99%-ի մոտ հեպատիտի դրական արդյունք է հայտնաբերվել: Հայաստանում կան հազարավոր մարդիկ, որոնք հեպատիտ C-ով են վարակված, սակայն տեղյակ չեն այդ մասին: Ցավոք, Հայաստանում հեպատիտ C-ի բուժումը վճարովի է, իսկ բուժում չանցնելու հետեւանքով հիվանդների մեկ երրորդից ավելին մահանում է լյարդի ցիրոզից կամ քաղցկեղից: 

 

- Ձեր խոսքերից կարող ենք եզրակացնել, որ Հայաստանում համաճարակի տարածման հիմնական աղբյուրը Ռուսաստանից է գալիս՝ աշխատանքային միգրանտների միջոցով:

 

- Այստեղ ձեւակերպումների մեջ պետք է շատ զգույշ լինենք: Համաճարակի մակարդակը Ռուսաստանում իսկապես բարձր է, եւ պրակտիկան ցույց է տալիս, որ հաճախ աշխատանքային միգրանտները, որոնք Հայաստանից երկար ժամանակով մեկնում են Ռուսաստան, մտնում են արտամուսնական հարաբերությունների մեջ, եւ հաճախ չեն մտածում պաշտպանվելու մասին: Սրանք իրական փաստեր են, սակայն ես չեմ ցանկանում, որպեսզի իմ խոսքերն ընկալվեն քաղաքական մակարդակում: Երբ խոսում ենք հիվանդությունների մասին, չկան մեղավորներ եւ անմեղներ: Հասարակությունն է մեղավոր, որ չի կանխում այդ հիվանդությունը: Ափսոսանքով պետք է նշեմ, որ Ռուսաստանը համաճարակի պայքարի հարցում հետընթաց է գրանցում՝ տարեկան արձանագրելով վարակի 70-100 հազ. նոր դեպք: Ռուսաստանը հսկա պետություն է եւ պետք է կարողանա միջոցներ գտնել՝ համաճարակը կանխելու համար: Վերջերս Մոսկվայում ունեցած ելույթիս ընթացքում ահազանգեցի այդ մասին:

Միշել Կազաչկինը Միշել Կազաչկինը

Լուսանկարը` Մեդիամաքս

- Ի՞նչ լուծումներ եք առաջարկում՝ հատկապես աշխատանքային միգրանտների շրջանում համաճարակի նոր դեպքերը կանխելու համար: Գուցե անհրաժեշտ է, որ նրանք պարտադիր հետազոտություն անցնեն՝ Ռուսաստանից Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո: 

 

- Պարտադիր բնույթ կրող հետազոտությունների տարբերակը երբեք արդյունավետ չի աշխատում: Պետք է վստահություն կառուցել: Իմ խորհուրդն է՝ կառուցել վստահելի առողջապահական համակարգ: Սա ներառում է վերապատրաստված անձնակազմ ունենալու անհրաժեշտությունը: Բացի այդ, պետք է այս հարցին անդրադառնալ նաեւ հայ-ռուսական երկկողմ մակարդակով, որպեսզի միգրանտները կարողանան հետազոտվել եւ բուժում անցնել, բայց միեւնույն ժամանակ չզրկվել աշխատանքից:

 

- Վերջին շրջանում շատ է խոսվում Հայաստանում ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի կանխարգելման եւ բուժման նպատակով տրամադրվող միջազգային ֆինանսավորման կրճատման մասին: Ի՞նչ կասեք այս մասին:

 

- Այո՛, ֆինանսավորման ճգնաժամ կա: Մինչեւ այժմ համաճարակի կանխարգելման, բուժման ֆինանսավորման 60%-ը տրամադրում էր Գլոբալ հիմնադրամը, 20%-ը ֆինանսավորում է ՀՀ կառավարությունը, մնացած 20%-ը՝ այլ կազմակերպություններ: 2015թ. հունվարի 1-ից Գլոբալ հիմնադրամը կրճատել է ֆինանսավորումը 50%-ով: Չի բացառվում, որ մինչեւ 2017-2018 թթ.  Գլոբալ հիմնադրամն ընդհանրապես վերացնի ֆինանսավորումը: Պատճառն այն է, որ համաշխարհային սանդղակով Հայաստանն այլեւս չի համարվում աղքատ պետություն, այն համարվում է միջին եկամուտ ունեցող երկիր: Միջազգային հանրությունը գտնում է, որ պետությունը, լինելով միջին եկամուտ ապահովող երկիր, պարտավոր է ինքնուրույն հոգալ իր քաղաքացիների առողջապահական խնդիրները: Խնդիրն այն է, որ Հայաստանի պետական բյուջեն չի կարող դա անել: Բացի այդ, Հայաստանն առողջապահության ոլորտին ուղղում է ՀՆԱ-ի 1.8%-ը, ինչը չափազանց քիչ է: Այլ երկրներում առողջապահությանը տրամադրվում է միջինը ՀՆԱ-ի 6-8%-ը, զարգացած երկրներում, ինչպես օրինակ Ֆրանսիան՝ 15%-ը: Սակայն առողջությունը մարդկանց համար առաջնային խնդիր է:

Միշել Կազաչկինը Միշել Կազաչկինը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանի եւ, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասի երկրների համար նկատվում է նաեւ հետեւյալ միտումը՝ հարուստներն ավելի են հարստանում, աղքատները՝ աղքատանում: Մարդիկ չեն կարող թույլ տալ վճարովի բուժում: Հայաստանում իմ անցկացրած հանդիպումների ժամանակ մենք քննարկեցինք այս մտահոգիչ խնդիրը: Ինձ հավաստիացնում են, որ պետական բյուջեով հնարավոր չէ ապահովել բուժումն առանց Գլոբալ հիմնադրամի օժանդակության, սակայն պետք է հասկանալ, որ ՀՆԱ-ի 1.8%-ն ուղղելով առողջապահության ոլորտին՝ հնարավոր չէ առաջ շարժվել: Պետությունը պետք է ներդրումներ կատարի սոցիալական սեկտորում: Երկիրը չի կարող գրանցել տնտեսական աճ եւ զարգացում, եթե երկրում առողջապահության վիճակը բավարար չէ: Ես իսկապես մտահոգված եմ այս խնդիրներով: Կկարողանա՞ արդյոք Հայաստանը կատարել այդ ներդրումները: Այստեղ շատ հարցականներ կան: Ինձ այս հարցում մեծ վստահություն չներշնչեցին Հայաստանում: Ես ահազանգ եմ հնչեցնում: 

 

- Հայաստանում ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի բուժումն անվճար է, եւ դա մեծամասամբ իրականացվում է միջազգային օժանդակության շնորհիվ: Կարո՞ղ ենք արձանագրել, որ Գլոբալ հիմնադրամի օժանդակության բացակայության պարագայում մենք այլեւս չենք ունենա համաճարակի անվճար բուժում մեր երկրում: 

 

- Համակարգն աշխատելու է նախկինի պես, սակայն եթե Գլոբալ հիմնադրամի օժանդակությունն ամբողջությամբ վերացվի, կառավարությունն է ստիպված լինելու ստանձնել դեղամիջոցների, բուժման ֆինանսավորումը:

Իրավիճակը իրոք մտահոգիչ է, եւ ես բազմիցս ահազանգել եմ այդ մասին:

Եթե կառավարությունը դա չանի, ապա Հայաստանը կկորցնի այն ողջ տպավորիչ առաջընթացը, որը գրանցել է համաճարակի դեմ տարիների ընթացքում վարած պայքարի արդյունքում: Դա նման է նրան, որ մեկը դժվարությամբ, շատ դանդաղ սար է բարձրանում, իսկ հետո միանգամից ցած գլորվում: Իրավիճակը իրոք մտահոգիչ է, եւ ես բազմիցս ահազանգել եմ այդ մասին: Պետք է քայլեր ձեռնարկել:    

 

Միշել Կազաչկինի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին