Արիան Ասկարիդ. Պիտի խաղամ, որ կարողանամ շնչել - Mediamax.am

exclusive
11629 դիտում

Արիան Ասկարիդ. Պիտի խաղամ, որ կարողանամ շնչել

Արիան Ասկարիդը
Արիան Ասկարիդը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակում տեղի է ունեցել Ռոբեր Գեդիգյանի «Խենթ պատմություն» ֆիլմի պրեմիերան, որին ներկա էր նաեւ գլխավոր դերերից մեկը ստանձնած ֆրանսիացի դերասանուհի Արիան Ասկարիդը: Մեդիամաքսը դերասանուհու հետ զրուցել է ընտանիքի, հայուհի Անուշի կերպարի մարմնավորման, թատրոնի հանդեպ ունեցած սիրո եւ այլնի մասին:

 

- Շատ լավ հիշում եմ, երբ առաջին անգամ Երեւան եկաք, շատերը, անտեսելով ձեր կենսագրական փաստերը, վստահ էին, որ ազգությամբ հայուհի եք: Հիմա, երբ մարմնավորեցիք հայկական ընտանիքի մորը` Անուշին, բոլորի մոտ այլեւս կասկած անգամ չկա, որ հայուհի եք:

 

- Աստված իմ: Իհարկե, շատ հաճելի է նման բան լսել: Բայց իրականում ինձ հայուհի եմ զգում: Առաջին անգամ, երբ Հայաստան եկա, ինչ-որ տարօրինակ զգացմունք ունեի, կարծես տանը լինեի: Հայաստանն ինձ վերադարձրեց մանկությունս, նույն զգացմունքներն ունեի, ինչ երիտասարդ տարիքում, երբ Մարսելում էի ապրում: Հայաստանի օդում կարծես եղբայրական մի տրամադրություն է ճախրում, նման բան Եվրոպայում այսօր դժվար թե գտնեք: Այնքան լավ եմ զգում, երբ Երեւանում եմ, կարող եմ պարզապես զբոսնել քաղաքով, հետեւել մարդկանց, տեսնել, թե ինչպես է փոքրիկ աղջնակը խաղում բակում: Հայաստանը, կարծես, որդեգրել է ինձ:

Արիան Ասկարիդը Արիան Ասկարիդը

Լուսանկարը` Մեդիամաքս

- Մի կին, որին որդեգրել է Հայաստանը, իսկ նա իտալական ծագում ունի, բայց ծնվել է Ֆրանսիայում ու սիրահարված է թատրոնին:

 

- Հայրս երազում էր օպերային երգիչ դառնալ: Նա ծնվել էր Մարսելում` իտալական էմիգրանտների ընտանիքում, դրա համար էլ դժվար էր նրան իրականացնել իր երազանքը: Բայց մեր ընտանիքում միշտ երաժշտություն, թատրոն ու ինչն ամենակարեւորն է` երեւակայություն կար: Կիրակի օրերը հայրս սիրողական թատրոնում էր խաղում, ընկերների, ընտանիքի անդամների համար:

 

Երբ ութ տարեկան էի` սիրահարվեցի թատրոնին ու փորձեցի ուժերս բեմի վրա: Ինձ համար այնքան բնական էր ու հեշտ, կարծես ամբողջ կյանքս բեմում էի անցկացրել: Կարծում եմ՝ պատճառն այն էր, որ չէի գիտակցում դեր խաղալն ինչ է, պարզապես զգում էի ու փոխանցում: Հետո, երբ մեծացա, նոր գիտակցեցի, թե ինչ հրաշալի զգացողություն է կանգնել մարդկանց առջեւ ու խաղալ նրանց համար: Այնքան մեծ պատասխանատվություն էի զգում, որովհետեւ Շեքսպիրի, Չեխովի, Մոլիերի ու էլի այլ հեղինակների ստեղծագործություններն էինք բեմադրում: Մինչ այսօր էլ պատասխանատու եմ ստանձնածս յուրաքանչյուր դերի համար: 14 տարեկանում հասկացա, որ ուզում եմ սովորել, ու թատրոնն ինձ այլեւս չի գրավում: Բայց որոշ ժամանակ անց վերսկսեցի թատերական դպրոց հաճախել:

 

Դժվար է բառերով նկարագրել, թե ինչ եմ զգում թատրոնի հանդեպ: Դա սեր չէ, ավելին` կենսակերպս է: Պիտի խաղամ, որ կարողանամ շնչել: Մեծ եղբայրս էլ դերասան է, մյուս եղբայրս` գրող: Կարծում եմ դերասանությունը ճակատագիրս է:

Արիան Ասկարիդը Արիան Ասկարիդը

Լուսանկարը` Մեդիամաքս

- Այնուամենայնիվ, ո՞ր ոլորտն է ձեզ ավելի մոտիկ` թատրո՞նը, թե՞ կինոն:

 

- Թատրոնի ու կինոյի արվեստն այնքան տարբեր է: Թատրոնն իմ հաճույքի աղբյուրն է, առանց նրա՝ գոյություն չունեմ: Թատրոնն իրական է, կոնկրետ պահին դու իրականությունը մյուսների հետ ես կիսում, ասեմ ավելին` ինքդ ես սկսում ստեղծել իրականությունը: Իսկ երբ հանդիսատեսը ֆիլմ է դիտում, այդ ժամանակ ֆիզիկապես այնտեղ չեմ` շատ հեռու եմ: Թատրոնում մենք ազատ ենք, ես նորից վերածվում եմ փոքրիկ, անպաշտպան աղջնակի, որովհետեւ ամեն քայլս ուշադրության կենտրոնում է հայտնվում: Թատրոնը սրբատեղի է, իմ եկեղեցին է:

Արիան Ասկարիդը Արիան Ասկարիդը

Լուսանկարը` Մեդիամաքս

- Համարյա ամբողջ կյանքը նվիրել եք թատրոնին ու կինոյին, բացի սիրուց, է՞լ ինչն է ձեզ պահում ոլորտում, երբեք չե՞ք հոգնել, ձանձրացել:

 

- Ազատ եմ, անում եմ այն, ինչ ցանկանում եմ, անկախ եմ, հենց դա է խթանում ինձ մնալ ասպարեզում: Կարծում եմ՝ հասարակության համար ամենակարեւոր գործոնը արվեստն է: Հասարակությունը կարելի է փոխել, պարզապես մարդկանց պետք է թատրոն գնալու, ֆիլմ դիտելու, գիրք կարդալու, երաժշտություն լսելու հնարավորություն տալ: Հենց այս պատասխանատվության մասին էի խոսում: Դրա համար էլ մարմնավորածս հերոսների տեքստն ինձ համար այնքան կարեւոր է, որովհետեւ նրանց հնարավորություն է ընձեռնվում մեր փոխարեն խոսել: Եթե բոլորը գիտակցեին արվեստի, մշակույթի կարեւորությունը, մենք առողջ հասարակություն կունենայինք ու երջանիկ կլինեինք: Իսկ ամենակարեւորն այն է, որ եթե չխաղամ, կմեռնեմ:

Արիան Ասկարիդը Արիան Ասկարիդը

Լուսանկարը` Մեդիամաքս

- Բայց ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ կյանքում դուք չեք խաղում: 

 

- Բնական կին եմ, իհարկե չեմ խաղում, որովհետեւ ես աստղ չեմ: Աստղը չի կարող դերասան լինել: Աստղը հայտնի ու գեղեցիկ անձնավորություն է, որը ոգեշնչում է մարդկանց երազել: Իսկ դերասանը լրիվ այլ երեւույթ է: Աստղը միշտ նույնն է մնում, իսկ դերասանն այնքան ճկուն է, ամեն րոպե փոփոխվում է իր հերոսի հետ միասին: Եթե փորձառու ես, դժվար չէ բեմ դուրս գալ ու դեր խաղալ, դժվար է վերածվել տվյալ հերոսի, զգալ այն, ինչ նա է զգացել: Երբ խաղում եմ, ոտքից գլուխ դերի մեջ եմ:

 

- Խնդրում եմ, խոստովանեք, 1998թ. հեղինակավոր «Սեզար» մրցանակը ձեզ գոնե մի փոքր աստղային չդարձրե՞ց:

 

- Նստած էի դահլիճում, լսեցի անունս ու չհավատացի, որ մրցանակն ինձ շնորհվեց: Չեմ ուզում փոխվել, որովհետեւ հավատարիմ եմ ինքս ինձ: Գերխնդիր եմ համարում` մարդ միշտ պիտի հավատարիմ մնա ինքն իրեն: Մրցանակը, իհարկե, ինձ հնարավորություն ընձեռնեց աշխատել տարբեր ռեժիսորների հետ, նաեւ ճանապարհորդել: Ի դեպ, ինքնաթիռով թռչելուց այնքան եմ վախենում: 

Արիան Ասկարիդը Արիան Ասկարիդը

Լուսանկարը` Մեդիամաքս

- Նշում եք՝ տարբեր ռեժիսորներ, սակայն այս հարցում էլ հավատարիմ եք ձեր ռեժիսորին ու ամուսնուն` Ռոբեր Գեդիգյանին:

 

- Ֆիլմի նկարահանման ընթացքում երբեք չենք վիճում, իսկ տանն արդեն հանգիստ վիճում ենք: Ռոբերը կանանց հանդեպ յուրահատուկ հարգանք ունի, նա մտածում է, որ մենք ավելի ուժեղ ենք, քան տղամարդիկ: Ու դա իսկապես այդպես է: Նկարահանումների ժամանակ նրան երբեք չեմ ընդհատում, ես դերասանուհին եմ, նա էլ` ռեժիսորը, մենք հարգում ենք միմյանց: Ռոբերն այնքան խելացի է, դուստրերիս հայրն է, իմ լավագույն ընկերն է, իմ ոգեշնչման աղբյուրը: Բայց չէինք պլանավորել, որ այսպես կլինի ու այսքան տարի միասին կապրենք: Թատրոնի հարցում էլ նույն բանը եղավ: Սա է իմ կյանքը, ու ես այնքան երջանիկ եմ:

 

Զրուցեց Լենա Գեւորգյանը

Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին