Ալեքսի Գովչյան. «Ֆրանսիան պետք է հստակեցնի իր դիրքորոշումը» - Mediamax.am

exclusive
15877 դիտում

Ալեքսի Գովչյան. «Ֆրանսիան պետք է հստակեցնի իր դիրքորոշումը»

Ալեքսի Գովչյանը
Ալեքսի Գովչյանը

Լուսանկարը` http://www.dailyneuvieme.com/

Լուսանկարը`


Ֆրանսիայի մի շարք քաղաքներում ապրիլի 9-ին տեղի ունեցան բողոքի ցույցեր` ի պաշտպանություն Արցախի։ Փարիզում մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ հավաքն էր կազմակերպվում ֆրանսահայերի կողմից։

 

Մեդիամաքսի հետ զրույցում ֆրանսահայ քաղաքական գործիչ, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախմբի ազգային պատասխանատու Ալեքսի Գովչյանը խոսեց Ֆրանսիայի դիրքորոշման եւ սփյուռքահայության դերի մասին։

 

- Բնական է, որ այսօր մյուս ֆրանսահայերի կողքին պետք է լինեի, բայց նաեւ եկել եմ, որպեսզի փոխանցեմ Դրանսիի քաղաքապետ, Դեմոկրատների եւ անկախների միության ղեկավար Ժան Քրիստոֆ Լագարդի ուղերձը Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդին։ Ուղերձում նշվում է, որ կուսակցության համար այժմ հրատապ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անկախ լինի եւ այդ անկախությունը միջազգայնորեն ճանաչվի։ Նրանք շեշտում են նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավորությամբ պետք է ուսումնասիրություն անցկացվի` ճշտելու համար, թե ինչ է կոնկրետ կատարվել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների նկատմամբ։

 

- Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված Ֆրանսիայում այս օրերին տիրող անտարբերությունը եւ այն, որ քիչ թվով լրատվամիջոցներ են անդրադառնում Լեռնային Ղարաբաղի խնդրին, իսկ եթե խոսում են այդ թեմայի մասին` ապա գրեթե միշտ հավասարության նշան է դրվում պատերազմող երկու երկրների միջեւ։ Անտեղյակությո՞ւն է, թե՞ դիտավորություն։

 

- Նույն պատկերն ունեինք նաեւ Հայոց ցեղասպանության մասին օրենքի ընդունման ժամանակ։ Թուրքիան շատ ուժեղ էր, մեծ գումարներ էր ծախսում, ահաբեկում եւ շանտաժի էր դիմում, հասնում էր նրան, որ Ցեղասպանության մասին չխոսվեր։ Մենք հաղթեցինք` Ցեղասպանության մասին օրենքն ընդունվեց։ Այժմ էլ Ադրբեջանը եւ Թուրքիան մեծ ջանքեր են գործադրում, ինչպես նաեւ խոշոր գումարներ վատնում, որով լռեցնում են քաղաքական եւ լրատվական դաշտերը։ Եթե խոսվում է, ապա ի շահ իրենց, կամ գոնե ոչ Հայաստանի օգտին։

Լուսանկարը` Jean-Christophe Bourdillat

Մենք համախմբված ենք։ Գիտեմ, որ Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը «ճակատում» է, ամեն օր պայքարի մեջ։ Իհարկե, մեր աշխատանքը դժվար է, բայց մենք հաղթելու ենք։ Այստեղ հավաքվելը հեշտ է, բայց երբ մտածում ենք Ղարաբաղի սահմանին պայքարողների մասին, ավելի շատ քաջություն ենք ունենում, որպեսզի հասնենք նրան, որ նրանց անկախությունը ճանաչվի եւ որ ղարաբաղցիները խաղաղության մեջ ապրեն։

 

- Կարելի՞ է ասել, որ խոսքի ազատությունը զրոյանում է Ադրբեջանի ջանքերի արդյունքում։

 

- Կան որոշ լրատվամիջոցներ, որոնք արդար վերլուծություն են արել, սակայն խոսքի ազատությունն ընկալվում է երկու տարբերակով. Ադրբեջանը փորձում է «իր խոսքն» ասել, եւ լրատվամիջոցները վերցնում են այդ ինֆորմացիան։ Պետք է շեշտել նաեւ, որ այսօր Ֆրանսիան չունի հստակ դիրքորոշում այս հարցի վերաբերյալ, նրանք խոսում են եւ տարածքային ամբողջականության, եւ, միեւնույն ժամանակ, ինքնորոշման իրավունքի մասին։ Ժամանակն է, որ Ֆրանսիան հստակեցնի իր դիրքորոշումը եւ խոսի միայն Արցախի ինքնորոշման իրավունքի մասին։ Հենց սա է կոչ անում Քրիստոֆ Լագարդը, եւ նրա ուղերձի մի օրինակ էլ ուղարկվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն։

 

- Այս օրերին սփյուռքահայության դերը փոքր-ինչ փոխվել է։ Ո՞րն է հատկապես այստեղի հայության անելիքն այսօր:

 

- Սփյուռքահայությունը պետք է հնարավորինս համախմբվի, ինչպես արել է նախկինում Հայաստանի եւ, իհարկե, Արցախի համար։ Պատերազմի տարիներին իսկական համախմբվածություն կար, հրադադարից հետո եւս տարբեր ոլորտներում աջակցություն ցուցաբերվեց Արցախին սփյուռքահայության կողմից։ Այսօր տեսնում ենք, որ պատերազմը վերադառնում է, մեզ անհրաժեշտ է ամուր համախմբվածություն եւ քաղաքական դաշտում, եւ տնտեսական, եւ որ աշխարհի բոլոր ծայրերում, յուրաքանչյուր հայ իրեն հայ զգա եւ հատկապես` ղարաբաղցի։

 

Էլլադա Ղուկասյան-Բարսեղյան

Փարիզում Մեդիամաքս-ի սեփական թղթակից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին