Հարություն Ամիրխանյան. «Ժողովրդի առջեւ պարզ ճակատով եմ կանգնած» - Mediamax.am

exclusive
32934 դիտում

Հարություն Ամիրխանյան. «Ժողովրդի առջեւ պարզ ճակատով եմ կանգնած»

Հարություն Ամիրխանյանը
Հարություն Ամիրխանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Վերջին օրերին միանգամից մի քանի լրատվամիջոցներ մեղադրանքներ հնչեցրին Մատաղիսի զորամասի հրամանատար Հարություն Ամիրխյանյանի հասցեին: Անանուն աղբյուրների վրա հղում կատարելով՝ տեղեկություններ տարածվեցին

ապրիլյան պատերազմի օրերին Արցախից նրա բացակայության, թույլ տրված բացթողումների մասին:

 

Մեդիամաքսը որոշեց զրուցել գնդապետ Ամիրխանյանի հետ՝ խնդրելով նրան մեկնաբանել այդ տեղեկությունները:

 

-Պարոն Ամիրխանյան, որտե՞ղ եք եղել ապրիլի 1-ին եւ լույս 2-ի գիշերը, երբ հակառակորդը դիմեց հարձակողական գործողության:

 

-Մարտի 14-ից ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածի համար ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով ինձ արձակուրդ է հատկացված եղել:

 

Ապրիլի 2-ի վաղ առավոտյան, իմանալով շփման գծի զարգացումների մասին, ճանապարհ եմ ընկել եւ նույն օրը՝ մոտավորապես ժամը 16:30-ին, արդեն Մատաղիսում էի:

 

Ճանապարհին էի, երբ պաշտպանության նախարարությունից զանգահարեցին՝ արձակուրդից ետ կանչելու համար, ես էլ ասացի, որ արդեն վերադառնում եմ:

 

Ի դեպ, արձակուրդի ողջ ընթացքում եղել եմ ոչ թե Թբիլիսիում, ինչպես գրում են որոշ լրատվամիջոցներ, այլ Արմավիրում:

 

- Որքանո՞վ է ճիշտ տեղեկությունը, որ Ձեզ ազատել են Մատաղիսի զորամասի հրամանատարի պաշտոնից:

 

-Ոտքս վիրավորվելու հետեւանքով այս պահին Մատաղիսի հրամանատարի պաշտոնում չեմ: Իրավիճակը ենթադրում էր, որ հրամանատարը պետք է լինի առաջնագծում: Ղեկավարության հետ քննարկման արդյունքում որոշեցինք, որ այդ պահին կա փոխարինման անհրաժեշտություն:

 

-Ե՞րբ եւ ի՞նչպես վիրավորվեցիք:

 

-Ապրիլի 4-ին, երբ հրամանատարական կետի մոտ ընկավ հակառակորդի «կամիկաձե» տեսակի անօդաչու թռչող սարքը, մի քանի բարձրաստիճան զինվորականների հետ ոտքով բարձրացանք դաշտ՝ դիտարկման: ԱԹՍ-ն ընկնելուց մոտ մեկ րոպե անց մեր ուղղությամբ երկու արկ պայթեց, որի հետեւանքով վիրավորվեցի:

 

Դրանից հետո երեք օր առաջնագծում եմ եղել՝ լարված օրեր էին, որոնց ընթացքում զինվորական կոշիկս ոտքիցս չէի հանել, որ տեսնեմ՝ ին՞չ է եղել, ցավին ուշադրություն դարձնելու ժամանակ էլ չկար:

 

Ապրիլի 7-ին ցավն արդեն անտանելի էր դարձել, ոտքս չէի կարողանում գետնին դնել: ՊԲ շտաբի պետն ու դիվիզիայի հրամանատարը, որոնք այդ ողջ ընթացքում ինձ հետ են եղել, համոզեցին, որ բժշկի դիմեմ: Պարզվեց, որ արկի պայթյունից ոտքի կոտրվածք եմ ստացել, իսկ չորս օր չհետեւելն ավելի է բարդացրել վիճակը: Ոտքս գիպսի մեջ դրեցին: Դրանից հետո էլ՝ մինչ ապրիլի 20-ը, եղել եմ Մատաղիսում:

 

Արդեն 10 օր է, ինչ գիպսը հանել են՝ միանգամայն առողջ եմ ու սպասում եմ նոր նշանակման հրամանին:

 

- Ձեր նախկին՝ Մատաղիսի հրամանատարի պաշտոնին վերադառնալու հավանականություն կա՞:

 

- Ես զինվորական եմ՝ ինչպես միշտ, հիմա էլ, որտեղ նշանակեն՝ ծառայելու եմ:

 

Բայց Մատաղիս վերադառնալու հետ կապված որեւէ խնդիր չեմ տեսնում. իմ զինվորների, սպաների, մարտական ընկերների ու ժողովրդի առաջ ես պարզ ճակատով եմ կանգնած:

 

- Մամուլում գրվեց նաեւ, որ Դուք ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի սանիկն եք եւ վայելում եք նրա հովանավորությունը:

 

- Այդ լուրը իրականության հետ որեւէ աղերս չունի:

 

- Պարոն Ամիրխանյան, կցանկանայի անդրադառնաք նաեւ զոհերի հետ կապված Ձեր հասցեին ուղղված որոշ մեղադրանքներին:

 

- Նախ ուզում եմ նշել, որ անգամ մեկ զինվոր կորցնելը մեզ համար շատ է. նրանք մեր երեխաներն են, ամենքի համար մեր սիրտը ցավում է:

 

Կորուստները, որ ունեցանք պատերազմի օրերին, եղել են բացառապես մարտական գործողությունների ընթացքում: Մենք կարողացել ենք ակտիվ կրակոցների ընթացքում տագնապով զորքը դուրս բերել, մարտական խնդիրը կատարելու համար համապատասխան շրջաններ զբաղեցնել` զինվորների մոտ որեւէ քերծվածք անգամ չունենալով: Զոհեր ունեցել ենք հիմնականում արկերի պայթյունների հետեւանքով, ինչը պատերազմի պարագայում, որքան էլ ցավալի է, անխուսափելի է:

 

Մեր զոհված տղաների արյունը դեռ չի չորացել: Մենք ամեն պահ պատրաստ ենք կանգնել թշնամու դիմաց ու պայքարել արյան գնով պահած հողի համար:

 

Հարություն Ամիրխանյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին