Արտակ Բեգլարյան. «5.5 մլրդ դրամի մեծ մասն արդեն ուղղվել է բանակին» - Mediamax.am

exclusive
47652 դիտում

Արտակ Բեգլարյան. «5.5 մլրդ դրամի մեծ մասն արդեն ուղղվել է բանակին»

Արտակ Բեգլարյանը
Արտակ Բեգլարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Ապրիլյան պատերազմի առաջին օրերին ԼՂՀ կառավարության կողմից բացվեց հատուկ հաշվեհամար, որի նպատակն էր մեկ վայրում հավաքել բարեգործական նպատակով Արցախ եկող գումարը:

 

Դեկտեմբերի 12-ի դրությամբ հաշվեհամարին փոխանցվել է 5 մլրդ 473 մլն 401 հազար ՀՀ դրամ, որից 47.2 տոկոսը՝ ՀՀ-ից, 9.5 տոկոսը՝ Արցախից, 26.0 տոկոսը՝ ՌԴ-ից եւ 2.1 տոկոսը՝ ԱՄՆ-ից, մնացածըˋ այլ պետություններից:

 

Ստացված միջոցների եւ դրանց ծախսման մասին Մեդիամաքսը զրուցել է Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանի հետ:

 

- Նախ կցանկանայի խոսենք ԱՄՆ-ից ստացած միջոցների մասին, որոնք կազմել են ողջ ծավալի ընդամենը 2.1 տոկոսը:

 

- Հակված չեմ մտածելու, որ ԱՄՆ-ում հայկական համայնքը չի ցավում Արցախի համար, այլապեսˋ ամենամյա հեռուստամարաթոնին նրանք միլիոնավոր դոլարներ չէին հավաքագրի: Ի սկզբանե հայտարարվել էր, որ հավաքագրված միջոցներն օգտագործվելու են Արցախի պաշտպանության համակարգի բարելավման նպատակով: Կարծում եմˋ  ԱՄՆ-ից գրանցված պասիվությունը որոշ չափով պայմանավորված է այն մտավախությամբ, թե այս հիմնադրամին գումար փոխանցելը կդիտվի ոչ թե որպես բարեգործություն, այլ՝ ռազմական օգնություն, ինչը, միգուցե, կարող է խնդրահարույց լինել ԱՄՆ-ում:  

 

- Ապրիլին Արցախի վարչապետը նշել էր, որ հավաքված գումարն ուղղվելու է բացառապես պաշտպանության համակարգի ամրապնդմանը: Արդյո՞ք այս մոտեցումը փոխվել է եւ կա՞ն այլ ծրագրեր, որոնց ուղղվել կամ ուղղվելու են միջոցները:

 

- Հավաքագրված գումարի գերակշիռ մասն արդեն իսկ ծախսվել է բանակի մարտունակության բարձրացման նպատակով՝ որպես հավելյալ օժանդակություն Պաշտպանության բանակին: Ձեռք են բերվել ռազմական նշանակության տեխնիկա եւ սարքավորումներ, այդ թվում՝ գիշերային ու ցերեկային դիտարկման սարքեր ու նշանոցներ, կատարվել է ինժեներական եւ ենթակառուցվածքների ամրացման հսկայական աշխատանք՝ ներառյալ ճանապարհների ու խրամուղիների բարեկարգում ու կառուցում:

 

Հատկացումներ ենք արել նաեւ կամավորների ընտանիքներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ լարված իրավիճակում ընտանիքի կերակրող ձեռքը թողել է իր տունն ու կանգնել սահմանին: Յուրաքանչյուր ինքնազբաղված կամավորի տրամադրել ենք փոխհատուցում՝ օրական մոտ 5 հազար ՀՀ դրամի չափով:

 

Վարչապետի ներկայացրած մոտեցումը փոփոխության չի ենթարկվել, մինչ օրս հավաքագրված գումարը ուղղել եւ շարունակելու ենք ուղղել Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացմանը:

Ծախսերի մանրամասն հաշվետվությունը կամփոփենք ու կներկայացնենք հունվարին՝ ֆինանսական տարին ավարտելուց հետո:

 

- Ի՞նչ ակտիվությամբ է կատարվում հանգանակությունը: Ապրիլին հաջորդող հարաբերական անդորրը «ստիպե՞լ է» բարերարներին մոռացության տալ հաշվեհամարը:

 

- Նշված գումարի հիմնական մասը հավաքվել է ապրիլ եւ մայիս ամիսներին: Օգոստոսից սկսած գրեթե մոռացել են ֆոնդի մասին: Կարծում եմˋ պասիվության հիմնական պատճառը հարաբերական անդորրը կարող է լինել:

 

- Ապրիլյան պատերազմի հետեւանքով Արցախի տնտեսությունն ու որոշ բնակավայրեր զգալի վնասներ կրեցին: Դրամական արտահայտությամբ որքա՞ն է կազմում այդ վնասի ծավալն ու ո՞ր մասն է վերականգնվել:

 

- Ապրիլյան պատերազմի ուղղակի վնասը մի քանի միլիարդ դրամ է կազմումˋ ընդգրկելով ենթակառուցվածքներ, տնտեսական նշանակության օբյեկտներ, տներ եւ քաղաքացիների մասնավոր գույք: Առաջնահերթ վերականգնման աշխատանքները կատարվել են մի քանի շաբաթվա ընթացքում:

 

Ինչ վերաբերում է բնակավայրերի ու տների կրած վնասինˋ Մարտակերտում հիմնական մասը վերացվել է, մի մասի ուղղությամբ դեռ աշխատում են: Թալիշում, ինչպես գիտեք, վերջերս Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանձնարարեց սկսել վերականգնողական աշխատանքները:

 

- Անուղղակի վնասի մասին ի՞նչ կասեք:

 

- Անուղղակի վնասի հստակ հաշվարկ, բնական է, չենք կարող ներկայացնել, քանի որ հնարավոր չէր նախօրոք իմանալ, թե այս տարի որքան ներդրում կգար Արցախ, եթե պատերազմ չլիներ: 2016-ի առաջին ինը ամսվա նախնական տվյալով, նախորդ տարվա համեմատ, ներդրումների ծավալը մեզ մոտ կրճատվել է: Այս մասով առավել առարկայական կարող ենք խոսել 2017-ի սկզբին, երբ կունենանք ողջ տարվա ֆինանսական տվյալները:

 

Բնական է, որ ապրիլյան պատերազմն իր բացասական ազդեցությունը պետք է ունենար Արցախի Հանրապետության ներդրումային միջավայրի վրա: Բայց, մյուս կողմից, այն նաեւ խթանիչ ազդեցությունն է թողել հայության շրջանում, ովքեր ավելի շատ պատասխանատվություն են զգում աջակցելու Արցախի տնտեսական զարգացմանը եւ ներդրումներ են կատարում Արցախում:

 

Արտակ Բեգլարյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին