Կյել Նորդստրյոմ. Երկիրը կարող է զարգանալ խելացի մարդկանց շնորհիվ - Mediamax.am

exclusive
11788 դիտում

Կյել Նորդստրյոմ. Երկիրը կարող է զարգանալ խելացի մարդկանց շնորհիվ

Կյել Նորդստրյոմը
Կյել Նորդստրյոմը

Լուսանկարը` Johan Hellstrom

Լուսանկարը`


2018թ. սեպտեմբերի 7-ին Երեւանում «Business In FAANG Style» դասախոսությամբ հանդես կգա հայտնի շվեդ տնտեսագետ Կյել Նորդստրյոմը, որին հրավիրել է skill.am-ը:

 

Կյել Նորդստրյոմը համաշխարհային ճանաչում ստացավ 1999 թվականին, երբ լույս տեսավ նրա եւ գործընկերոջ՝ Յոնաս Րիդեստրալեի հեղինակած Funky Business - Talent Makes The Capital Dance («Բիզնես ֆանկ ոճում. Տաղանդը պարացնում է կապիտալին») գիրքը։ Այն դարձավ բիզնես գրականության հիթը եւ թարգմանվեց 32 լեզվով։ Այն անվանում են «նոր տնտեսության մանիֆեստ»:

 

Նորդստրյոմի Karaoke-capitalism («Կարաոկե-կապիտալիզմ») երկրորդ բեսթսելերը (համահեղինակ՝ Յոնաս Րիդեստրալե) նոր ուղեցույց է այն մասին, թե ինչպես կարելի է գոյատեւել նոր աշխարհում: Գրքում ասվում է, որ բիզնեսի խնդիրը «կարաոկե-տնտեսության» մեջ միատեսակ ընդօրինակողների բազմությունն է, եւ միայն երեւակայությունն ու նորարարությունները թույլ կտան գտնել ազգին, ընկերությանը կամ կոնկրետ մարդուն հատուկ դիրքորոշում:

 

Մինչ Հայաստան ժամանելը Կյել Նորդստրյոմը բացառիկ հարցազրույց է տվել Մեդիամաքսին:

 

- Որեւէ բան գիտե՞ք Հայաստանի կամ հայերի մասին:

 

- Այո, գիտեմ (ծիծաղում է–հեղ.): Հայերը հին ազգ են, ունեն հարուստ մշակույթ, որի արմատները գալիս են նախաքրիստոնեական շրջանից: Շատ բան չգիտեմ Հայաստանի մասին, բայց ուրախ կլինեմ իմանալ ավելին:

 

- Ի՞նչ կասեք այսպես կոչված «FAANG» ընկերություններում  (Facebook, Amazon, Apple, Netflix եւ Google) տեղի ունեցող վերջին զարգացումների մասին: Facebook-ը օգտատերերի տվյալների արտահոսքի հետ կապված դժվարին ժամանակներ է ապրում: Ըստ Ձեզ, սա որեւէ կերպ կազդի «FAANG»-ի մենաշնորհի վրա, թե՞ արմատական փոփոխություններ տեղի չեն ունենա:

 

- Կարծում, արմատական փոփոխություններ կլինեն: Ոչ վաղը, ոչ հաջորդ շաբաթ, սակայն երկու-երեք տարուց մենք այդ փոփոխությունների ականատեսը կլինենք: Գործընթացը որոշակի հետեւանքների կհանգեցնի ինչպես Եվրոպայում, այնպես էլ Միացյալ Նահանգներում եւ ոչ միայն Facebook-ի, այլ նաեւ «FAANG»-ի այլ անդամների համար:

 

Բանն այն է, որ այսօր սպառողները եւ կառավարություններն աստիճանաբար սկսում են գիտակցել, որ եթե այս կամ այն ծառայության դիմաց գումարով չես վճարում, ապա վճարում ես քո մասին տվյալներով: Գնալով ավելի շատ մարդիկ են հասկանում այս բիզնես-մոդելը:

 

- Այդ փոփոխությունները կազդե՞ն բիզնեսի վրա: Շատ փոքր բիզնեսներ չեն ստեղծում սեփական վեբ-կայքերը, այլ պարզապես ֆեյսբուքյան էջ կամ խումբ են ստեղծում, հաջողակ մարկետինգ են վարում, վաճառքներ իրականացնում եւ այլն:

 

- Այո, կարծում եմ, այդ փոփոխությունները կազդեն բիզնեսի վրա: Կարող ենք անվանել դա «թափանցիկ գործարք»՝ այն առումով, որ շատ ավելի հասկանալի կլինի, ինչ եք տալիս եւ ինչ եք ստանում: Ինչպես ասել է Facebook-ի ղեկավարը, կարող ենք հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ դուք ծառայությունների դիմաց կսկսեք վճարել մի փոքր գումար, այլ ոչ թե անձնական տեղեկատվություն:

 

Ըստ էության, դուք Facebook-ից կգնեք ծառայություններ: Եթե Gmail-ը առանձին ընկերություն լիներ, դուք եւ ես ստիպված կլինեինք Gmail-ի դիմաց ամսական մի քանի դոլար վճարել: Շատ դեպքերում դա կլինի ոչ այդքան թանկ, եւ կարծում եմ, որ փոքր կազմակերպությունների համար սպառնալիք չի դառնա:

 

Նորագույն պատմության մեջ սա առաջին դեպքը չի լինի: Մենք մասնատել ենք նավթային ընկերություններ, երբ դրանք գրեթե մենաշնորհային էին դառել, մասերի ենք բաժանել հեռահաղորդակցական ընկերությունները: Այժմ նույնը տեղի է ունենում ժամանակակից կազմակերպությունների հետ:

 

- Արհեստական բանականությունը եւ դրա ազդեցությունը բիզնեսի եւ աշխատաշուկայի վրա եւս ակտիվ քննարկման թեմա է: Ոմանք ասում են, որ շատ մասնագիտություններ կանհետանան, մյուսները պնդում են, որ արհեստական բանականությունը կպահանջի ավելի մեծ թվով որակավորված մասնագետներ: Ձեր կարծիքով, արդյո՞ք կհաջողվի պահպանել հավասարակշռություն:

 

- Այո, մենք կգտնենք այդ հավասարակշռությունը: 15-20 տարի առաջ մենք ռոբոտներին արտադրության մեջ օգտագործել ենք մեջ հետեւյալ կերպ. աշխատողներին հեռացնում էին եւ փոխարինում ռոբոտներով: Այսօր կարող ենք ավելի խելացի կերպով գործել՝ օգտագործելով ալգորիթմ այնտեղ, որտեղ այսօր աշխատում  են բանկային ծառայողը կամ ապահովագրական գործակալը:

 

Այդ հարցում երկրները տարբերվում են: Որոշ երկրներում, հատկապես եթե դրանք ցածր արտադրողականություն ունեն, մենք կփոխարինենք շատ աշխատատեղեր: Սա նշանակում է, որ հասարակ աշխատանք կատարելիս կարող եք մարդու փոխարեն հեշտությամբ օգտագործել մեքենա: Եթե խոսքը աշխատանքի բարձր արտադրողականություն ունեցող երկրների մասին է, ինչպիսիք են Շվեդիան կամ Ճապոնիան, ապա ռոբոտներով կարող է փոխարինվել աշխատատեղերի միայն 5-8%-ը, որովհետեւ այդ երկրներում արտադրությունն արդեն հասել է ծայրահեղ ռացիոնալ եւ արդյունավետ մակարդակի:

 

Ցածր արտադրողականություն ունեցող երկրներում կարելի է ակնկալել, որ որոշակի ժամանակահատվածում մեքենաները կփոխարինեն աշխատուժի 15-20%-ը: Սակայն կա մի կարեւոր «բայց». մենք հարկեր կգանձենք այդ մեքենաներից, որովհետեւ դրանք ստեղծելու են ավելացված արժեք, եւ, հետեւաբար, պետք է հարկվեն: Սա կլինի նոր հարկային բազա, եւ, իհարկե, այդ գումարները կարող են օգտագործվել ռոբոտացման հետեւանքները մեղմացնելու նպատակով:

 

- Ձեր գրքերից մեկում նշում եք, որ հետխորհրդային հանրապետությունները ետ են մնում համաշխարհային տնտեսությունից: Որո՞նք են հետխորհրդային տարածքի գործարար միջավայրում «ֆանկ ոճ»  ձեւավորելու հիմնական գործոնները: Դուք ժողովրդավարության եւ բարգավաճող տնտեսության միջեւ ուղիղ կապ տեսնու՞մ եք: Այլ կերպ ասած, արդյո՞ք հնարավոր է երկրում ստեղծել բարգավաճող տնտեսություն  առանց լիարժեք ժողովրդավարության:

 

- Նախեւառաջ, շուկայական տնտեսությունը թվերի խաղ է, որը մի փոքր նման է թենիսին: Երբ շատ մարդիկ խաղում են, ի վերջո ի հայտ է գալիս մեկ Բորիս Բեքեր կամ Ջոն Մաքինրոյ, սակայն մեկ աստղ բացահայտելու համար անհրաժեշտ է, որպեսզի շատերը փորձեն:

 

Սա նշանակում է, որ անհրաժեշտ է բարեփոխումների լայն ծրագիր, որը թույլ է տալիս բոլորին՝ երիտասարդներին եւ ծերերին, հնարավորինս շատ ներգրավվել շուկայական տնտեսության մեջ: Մարդկանց ավելի ձեռներեց դարձրեք, որպեսզի նրանք հասկանան, ինչպես է աշխատում տնտեսությունը: Սա մեծ հաշվով կրթության եւ որոշակի առումով զանգվածային կրթության խնդիրն է:

 

Խնդրի երկրորդ մասն ավելի փիլիսոփայական է: Մշակույթները շատ դանդաղ են փոխվում՝ ոչ միայն խորհրդային ավանդույթը, այլ նաեւ էթնիկ մշակույթները: Սա նշանակում է, որ այսօր գործարաններում եւ գյուղերում շատերը դեռեւս առաջնորդվում են պլանային տնտեսության տրամաբանությամբ:

 

Ինչ վերաբերում է ժողովրդավարության եւ տնտեսության կապին, ապա եկեք դիտարկենք Չինաստանը: Այդ երկրում ժողովրդավարություն չկա, սակայն բոլորը գիտեն, որ Չինաստանը բավականին դինամիկ զարգացում է ապրում:

 

Նրանք պետք է սկսեն բարելավել արդյունավետությունը, դառնալ ավելի նորարար: Սակայն ոստիկանության եւ կառավարության կողմից վերահսկվող հասարակությունում, որտեղ  նաեւ վերահսկում է համացանցը, նորարարությունների հետ կապված խնդիրներ կան: Դժվար է պատկերացնել, որ դուք կարող եք ստեղծել Google-ի պես ընկերություն Չինաստանում: Ինչու՞: Որովհետեւ դա երբեք չի ընդունվի կենտրոնական իշխանությունների կողմից: Կամ կընդունվի միայն այն դեպքում, եթե տեխնոլոգիան կրկնակի ստուգում անցնի եւ համապատասխանի պետական ստանդարտներին: Մենք հենց այսպիսի երեւույթի ականատեսն ենք այսօր: Սիլիկոնյան հովտում մշակված տեխնոլոգիաները չինացիները հիմնականում կրկնօրինակում են, երբեմն էլ՝ բարելավում դրանք:

 

Դժվար է երկար ժամանակ կառավարել տնտեսական զարգացումը առանց ժողովրդավարական բարեփոխումների: Դուք կարող եք գնալ նվազագույն  դիմադրության ճանապարհով, սակայն շատ շուտով խնդիրներ ի հայտ կգան:

 

- Հայաստանը դեպի ծով ելք  եւ բնական ռեսուրսներ չունեցող երկիր է, եւ մենք գտնվում ենք տրանսպորտային շրջափակման մեջ:  Սակայն հասարակության եւ կառավարության շրջանում կարծիք կա, որ մենք ունենք խելացի մարդիկ, մեր ՏՏ ոլորտը զարգանում է բավականին լավ, եւ մենք կարող են մեր հույսը դրա վրա դնել: Կարո՞ղ է երկիրը կայուն զարգացում ապահովել, ապավինելով հիմնականում իր խելացի մարդկանց վրա:

 

- Պատասխանն ավելի շատ «այո» է, եւ կան օրինակներ, որոնք ապացուցում են, որ դա հնարավոր է: Մեկուսացված, շատ փոքր, աղքատ, թշնամի հարեւաններ ունեցող փոքր պետությունը դա Սինգապուրն է 40-50 տարի առաջ: Այսօր Սինգապուրը Ասիայի ամենահարուստ երկրներից մեկն է:

 

Իհարկե, կան նաեւ այլ օրինակներ, սակայն Սինգապուրն ամենավառ դեպքն է, որովհետեւ նրանք զարգացան շատ կարճ ժամանակահատվածում:

 

- Դուք հաճախ եք ասում, որ աշխարհը չափազանց արագ է փոխվում: Արդյո՞ք հնարավոր է, որ ձեր երեւանյան դասախոսության ծրագրում փոփոխություններ կատարեք եւ, գուցե, խոսեք այնպիսի թեմաների շուրջ, որոնք նախկինում երբեք չեք շոշափել:

 

- Ոչ միայն հնարավոր է, այլ դա իմ աշխատաոճն է:

 

Կյել Նորդստրյոմի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին