Դավիթ Անանյան. «Թիկունքից եկել եմ առաջնագիծ» - Mediamax.am

exclusive
12954 դիտում

Դավիթ Անանյան. «Թիկունքից եկել եմ առաջնագիծ»

Դավիթ Անանյանը
Դավիթ Անանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանն այն քիչ մարդկանցից է, որ պաշտոն ուներ թե՛ նախկին, թե ներկա իշխանությունների օրոք։ 1990–ականներին մոտ 8 տարի պետական ապարատում աշխատելուց հետո նա 16 տարի եղել է մասնավոր հատվածում եւ միայն 2016–ին վերադարձավ պետական աշխատանքի` որպես Ֆինանսների փոխնախարար։ 2018 թվականի մայիսից ստանձնել է ՊԵԿ նախագահի պաշտոնը։ 

 

Մեդիամաքսի ոչ պաշտոնական զրույցների շարքում այս անգամ հանդիպել ենք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, որն ինչպես տանը, այնպես էլ աշխատանքային միջավայրում սիրում է կատակել։ Ասում է` շատ դեպքերում հումորն օգնում է նաեւ կառավարության, նախարարական կոմիտեի նիստերի ժամանակ: Միաժամանակ շեշտում է՝ առաջնայինը պաշտոնական պարտականությունների կատարումն է։ Անանյանը մեծ սիրով է խոսում իր մասնագիտության եւ աշխատանքի մասին։ Ասում է` կարողացել է այն հասցնել արվեստի մակարդակի։

 

Հեղափոխությունը եւ նոր պաշտոնը

 

Հեղափոխության օրերին ընդհանուր մոտեցում կար, թե պետական ապարատի աշխատակիցները դեմ են փոփոխություններին։ Անանյանը հստակ պատասխան չունի, թե ինքը որ թեւում էր։ Ասում է` այնտեղ, որտեղ ժողովուրդն էր։ «Երբ ժողովուրդը Հանրապետության հրապարակում հանրահավաք էր անում, ես աշխատում էի իմ աշխատասենյակում եւ իմ աշխատանքով, ըստ էության, պետության համար շատ կարեւոր մարմնի՝ Ֆինանսների նախարարության բնականոն աշխատանքն էի ապահովում։ Պրոֆեսիոնալ տեսանկյունից դա շատ եմ կարեւորում։ Որեւէ տարբերություն չկար` կլինեի հրապարակո՞ւմ, թե՞ իմ աշխատասենյակում։ Իմ խնդիրն աշխատանքային գործունեությունս իրականացնելն էր։ Եթե ժողովրդի ճնշող մեծամասնությունն այդ զարթոնքն իր ու իր ընտանիքի վրա զգացել եւ ողջունել է, ես եղել եմ ողջունողների շարքում», - ասում է նա։

 

«Ժողովուրդն ինչ-որ բան ցանկացավ, ոտքի կանգնեց եւ հասավ իր նպատակին։ Սա է առաջացրել զարթոնք եւ հավատ դեպի ապագան։ Նույնը տեղի ունեցավ եւ 1988-ին։ Սրանից մի կարեւոր հետեւություն պետք է անենք՝ չպետք է սպասենք, թե որ երկիրը, գերտերությունը կամ տարածաշրջանային կամ միջազգային կառույցները մեզ օգնության կհասնեն։ Մենք պետք է մեր հավաքական ուժը կարողանանք պահել։ Այդ գիտակցմամբ գնում եմ առաջ եւ նույնը սերմանում իմ թիմում»։

 

Թիկունքից` առաջնագիծ

 

Ֆինանսների նախարարությունից ՊԵԿ տեղափոխվելը, ըստ Անանյանի, բարդ չէր։ Ասում է` եթե համեմատենք բանակի հետ, փոխաբերական իմաստով Ֆինանսների նախարարությունը թիկունքն է կամ գլխավոր շտաբը, ՊԵԿ-ը` առաջնագիծը։ Նրա խոսքով` աշխատանքային փոփոխությունը նրա համար բարդություն չի ենթադրում պրոֆեսիոնալ եւ մարդկային  տեսանկյունից, ռիսկերը միայն ծանրաբեռնվածության հետ են կապված։ «Կա պատասխանատվության աճ, սակայն աշխատանքը չի բարդանում, որովհետեւ թիմային է։ Սա այն կառույցն է, որտեղ յուրաքանչյուր պրոֆեսիոնալ պետք է ունենա իր տեղը եւ հստակ պատկերացնի իր դերակատարումը։ Ընդհանուր առմամբ, հաջողվել է ձեւավորել թիմ, որը նայում է նույն ուղղությամբ»։

 

Դավիթ Անանյանը Դավիթ Անանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Անանյանի աշխատանքային ուղին սկսվել է, երբ դեռ ուսանող էր եւ փորձաշրջան անցնելուց հետո ստացել էր աշխատելու առաջարկ։ Նա կարեւոր պաշտոններ է զբաղեցրել թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների օրոք։ «Գործունեությունս ունեցել է հստակ ձեռագիր, որը բնորոշ է մարդու ներաշխարհին։ Աշխատել եմ թափանցիկ եւ պրոֆեսիոնալ, որեւէ քաղաքական ուժի ոչ հարել եմ, ոչ էլ ցանկություն ունեմ հարելու կամ լինելու քաղաքականության մեջ։ Նախորդ եւ այս իշխանությունների օրոք ես անում եմ նույն պրոֆեսիոնալ աշխատանքը՝ նույն ավյունով», - շեշտում է նա։

 

Պաշտոնը փոխում է մարդուն

 

1990–ականներին, երբ նոր էր կերտում մասնագիտական ճանապարհը, Անանյանն աշխատել է ՊԵԿ-ում, որն այն ժամանակ նախարարություն էր։ Տարիներ անց նա վերադարձել է այս կառույց` ղեկավարի կարգավիճակում։ Ասում է, որ իր կյանքի առաջխաղացման բնութագրիչը պաշտոնը չէ։ «Ես չեմ համարում, որ հասել եմ ինչ-որ բանի։ Պաշտոնը ժամանակավոր կարգավիճակ է։ Ես շատ ավելի լավ բաներ կուզեի ունենալ, որովհետեւ ունեմ երեք երեխա, բնականաբար, յուրաքանչյուրի համար ունեմ իմ նպատակները։ Միաժամանակ, գոհ եմ այն ճանապարհից, որով գնում եմ։ Ճանապարհը կամ վերջին կետը չեն կարեւոր, այլ քո շրջապատը այդ ճանապարհն անցելիս։ Ուրախ եմ այն շրջապատով, որն ունեմ`իմ ընտանիքով, ընկերներով, հարազատներով։ Ունեմ ամեն ինչ։ Այս պահին չկա ընդգծված մի բան, որ կուզեի ունենալ։ Անձնական առումով ամեն ինչ ունեմ։ Միայն դեռեւս չունեմ բավարարվածության այն լիարժեք զգացողությունը, որ կուզեի ունենալ մասնագիտության կամ ՊԵԿ-ի առաքելության առումով»,– ասում է նա։

 

Ղեկավարի դիրքն իր ազդեցությունն ունենում է մարդու վրա, թեեւ, որպես կանոն, որեւէ մեկը չի խոստովանում, որ դիրքը փոխել է իրեն։ Անանյանն ասում է` պաշտոնը փոխել է իրեն, սակայն լրացուցիչ պարտավորություններ տալու առումով։ «Պաշտոնն ունեցել է ազդեցություն իմ եւ ընտանիքիս անդամների վրա։ Երբ ունես պաշտոն, մեծանում են քո պարտավորությունները, ոչ թե իրավասությունները։ Այն ինձ ու ընտանիքիս տվել է լրացուցիչ պարտավորությունների մեծ շրջանակ,  պաշտոնը մեզ տվել է ավելի խոցելիություն եւ պարտավորությունների ամբողջություն», - ընդգծում է պաշտոնյան։

 

Ինչ վերաբերում է ՊԵԿ նախագահի դերում մարդկային ռեսուրսների կառավարման կարեւորությանը` Անանյանն ունի ղեկավարման իր մոդելը։ Նրա խոսքով` պետք է կարողանալ մեկտեղել աշխատակազմի անհատական եւ համընդհանուր նպատակները։ «Կառավարման ամենաարդյունավետ միջոցն այն է, երբ գիտես՝ քո աշխատակիցն ինչ է ուզում իր, իր ընտանիքի, երեխայի համար, ինչ հոգս ունի եւ պահանջում ես, որ նա էլ գիտակցի համընդհանուր նպատակը։ Սա աբստրակտ տեսություն չէ։ Բնականաբար, ես չգիտեմ բոլորի նպատակները, սակայն այստեղ բուրգի սկզբունքն է, ամեն օղակի ղեկավար կիրառում է այս սկզբունքը` իմանալով նաեւ իր ղեկավարի սահմանած առաջնայնությունները եւ հաջողություն է ունենում իր օղակում։ Այն աստիճանաբար բարձրանում է վերեւ։ Մեզ մնում է համընդհանուր նպատակն իջեցնել ներքեւ»։

 

Պաշտոնյայի աշխատավարձը 

 

Տարիներ առաջ ընտանիքը պահելու համար մասնագիտական տարբեր աշխատանքներ է արել։ «Երբ ապրում էի հայրական տանը, մեծ ընտանիք էինք, որն ուներ ընդհանուր եկամուտ։ Բոլորս աշխատում էինք եւ նպաստում դրա ձեւավորմանը։ Ինչ–որ ժամանակահատված ես շատ մտահոգված չեմ եղել ընտանեկան եկամտի ձեւավորմամբ։ 1993-ին ամուսնացա, 1995-ից սկսեցինք առանձին ապրել եւ սկսեցի լրացուցիչ աշխատանքներ անել՝ հաշվապահություն, խորհրդատվություն։ Այդ ժամանակահատվածում պետական ծառայողը չէր վարձատրվում այնքան, որ կարողանար հոգալ բոլոր ծախսերը», - հիշում է նա։

 

Դավիթ Անանյանը Դավիթ Անանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմա աշխատավարձը բավականացնում է բարեկեցիկ կյանք ունենալուն։ Հասարակական ընկալման մեջ պետական պաշտոնյան մեծ եկամուտներ պետք է ունենա։ Անանյանը նշում է, որ աշխատավարձն ու հավելավճարը, որը ստանում է արտաբյուջետային միջոցներից, քիչ չեն. «Իմ աշխատավարձը,  բնականաբար, համեմատաբար ավելի բարձր է։ Եթե աշխատավարձիս գումարեմ այն հավելավճարը, որը հարկային մյուս ծառայողների հետ ես էլ եմ ստանում, ապա կարող եմ ասել, որ բավականին բարձր աշխատավարձ եմ ստանում, որն ինձ բավականացնում է»։

 

Ֆինանսական ոլորտի գայթակղությունները

 

Որքան էլ յուրաքանչյուր պաշտոնյա խոսում է անկաշառ մնալու կարեւորության մասին, գայթակղությունները, հատկապես այս ոլորտում, մեծ են։ Մարդուն բնորոշ է միշտ ցանկանալ ավելին։ «Ավելին ունենալու ձգտումը միշտ կա։ Նույնիսկ մեծահարուստներն ավելին ունենալուց հետո էլ նորն ունենալու ձգտում են ունենում։ Մարդկային ներաշխարհն այնպիսին է, որ, ըստ էության, չենք բավարարվում նրանով, ինչ ունենք, սակայն եթե ավելի փիլիսոփայորեն նայենք հարցին, կհասկանանք, որ մարդիկ չեն գնահատում, թե ինչ ունեն, ֆինանսական միջոցներն առաջնային չեն»,– ասում է նա՝ նշելով, որ կոռուպցիայի նվազեցման առաջին գրավականը պետական աշխատողի բարձր աշխատավարձն է։ 

 

Նրա գնահատմամբ` իրենց ոլորտում սա առավել կարեւոր է։ «Պետական ծառայողը պետք է ունենա արժանապատիվ աշխատավարձ կամ օգտվի մոտիվացիոն համակարգերից։ Մենք մեր բոլոր ջանքերը գործադրում ենք, որպեսզի օրենքով սահմանված ընթացակարգով հատուցման համակարգ կիրառենք թե՛ պետական բյուջեի, թե՛ արտաբյուջետային միջոցներով։ Պետական այլ կառույցների համեմատ` ՊԵԿ-ում հնարավորությունները մի փոքր ավելի բարձր են։ Ունենք արտաբյուջետային ֆոնդ, որից հնարավորություն ունենք մի քիչ ավելի վարձատրություն տալ մեր աշխատակիցներին։ Կառավարության կազմում կան մարդիկ, որոնք ինձ հետ համաձայն չեն եւ կարծում են, որ պետական բոլոր ծառայողներն էլ խոցելի են եւ կարող են կոռուպցիոն ռիսկերի ենթարկվել, ուստի պետք է համահավասար վարձատրվեն։ Բայց ես կարծում եմ, որ ՊԵԿ-ը եթե ոչ բացառիկ, ապա բացառիկ կառույցներից մեկն է, որտեղ վարձատրության առումով պետության ուշադրությունը պետք է տարբերվող լինի։ Ռիսկը փարատելու միակ արդյունավետ միջոցը մարդկանց արժանապատիվ աշխատավարձ տալն է։ Իհարկե, ռիսկ միշտ կա, սակայն բարձր վարձատրության դեպքում այն նվազում է։ ՊԵԿ-ը նման է օրգանիզմի սրտանոթային համակարգին։ Ըստ էության` մենք ենք ապահովում այն վարչարարությունը, որի շնորհիվ ապահովվում են պետական բյուջեի եկամուտների ծրագրավորված ցուցանիշների, իրականացվում են պետական բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերը», - կարծում է նա։

 

Պետք է սիրես ընտրածդ մասնագիտությունը

 

Անանյանը մեծ ոգեւորությամբ է խոսում իր մասնագիտության մասին, թեեւ խոստովանում է` ժամանակին լավ չէր գիտակցում, թե ինչ ճանապարհ է ընտրում։ Նա հոր աշխատանքից ոգեշնչված է ընտրել տնտեսագիտական ուղղությունը։ 

 

«Հայրս իմ կուռքն էր, գնացի իր ճանապարհով, Ֆինանսահաշվային ֆակուլտետն էլ ընտրեցի միայն այն տրամաբանությամբ, որ դիմորդների մրցակցությունը մեծ էր, մեկ տեղի համար 7 դիմորդ էր պայքարում։ Եզրակացրեցի, որ սա լավ մասնագիտություն է տնտեսագիտության մեջ», - հիշում է նա։ 

 

Դավիթ Անանյանը Դավիթ Անանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Այսօր արդեն Դավիթ Անանյանը խոսում է իր մասնագիտությանը նաեւ ստեղծագործական մոտեցում ցույց տալու եւ այն արվեստի մակարդակի հասցնելու մասին։ Որպես կանոն` մարդու մասնագիտությունը մեծ ազդեցություն է ունենում նրա տեսակի վրա։ Անանյանը կարծում է, որ մարդու ազդեցությունն իր մասնագիտության վրա պակաս կարեւոր չէ։

 

«Մասնագիտությունը կարող է որոշակի ազդեցություն ունենալ մարդու վրա, միաժամանակ մարդն իր գաղափարով, արժեհամակարգով ցանկացած մասնագիտություն կարող է հասցնել արվեստի մակարդակի։ Նույնիսկ այս մասնագիտության մեջ կա ստեղծագործ աշխատանք անելու հնարավորություն։ Ես իմ մասնագիտությունը դարձրել եմ ավելի հետաքրքիր։ Կարծում եմ` կարողացել եմ այն հասցնել արվեստի մակարդակի,– ասում է նա, ապա հավելում,– օրինակ, շատերին թվում է` հաշվապահական հաշվառումը կամ հաշվապահություն անելը թվերի համադրում կամ մանիպուլյացիա է, անցած գործընթացների ֆոտոյի էֆեկտ, սակայն այդ մասնագիտության մեջ էլ կան սկզբունքներ, որոնք թվարկելիս զգում ես, որ կարելի է հասցնել փիլիսոփայական կատեգորիաների։ Ասում են՝  հաշվապահները զգույշ են։ Այս մասնագիտության մեջ կա հիմնարար սկզբունք, որը կոչվում է հաշվենկատության սկզբունք։ Այն բնորոշվում է այսպես՝ հաշվենկատությունը բավարար չափի զգուշությունն է, որի նպատակն այն է, որ ակտիվները գերագնահատված չլինեն, պարտավորությունները` թերագնահատված։ Սա սահմանում է, որը կարելի է վերածել նաեւ մարդկային սկզբունքի։ Կամ ձեւի նկատմամբ բովանդակության գերակայության սկզբունքը... Ցանկացած մասնագիտություն կարելի է հասցնել արվեստի եւ փիլիսոփայության մակարդակի»։

 

Պայքարող ուսանողը

 

ՊԵԿ նախագահն առաջին կուրս գնացել է 1988-ին։ Նրա ուսանողական կյանքը նոր էր սկսվել, երբ սկիզբ առավ Ղարաբաղյան շարժումը։ Ասում է` իրենց ուսանողական տարիներն անցել են Ազատության հրապարակում` պայքարի մեջ ։ 

 

«Լիարժեք ուսանողության տարիներ, որը տեսնում եմ զավակներիս դեպքում, մենք չենք ունեցել, որովհետեւ շատ ավելի հիմնարար բաների մասին էինք մտածում։ Կար երկրի անկախության եւ կառուցման խնդիր»,– ասում է նա ու հիշում, թե ինչպես Հայաստանի համար անցումային փուլում ուսանողական տարիները փոխակերպվեցին աշխատանքայինի։ Ուսանողական փորձաշրջանը սկզբնակետ դարձավ Անանյանի համար, քանի որ ստացավ աշխատանքային առաջին հրավերը։

 

«Այն ժամանակ արվում էին պետականաշինության առաջին քայլերը՝ պատերազմին զուգահեռ։ Մենք համընդհանուր ճակատային իրավիճակում էինք` բառիս բուն իմաստով Արցախյան հերոսամարտի եւ բառիս փոխաբերական իմաստով երկիր կառուցելու իմաստով։ Մեր ընտանիքը մասնակցում էր եւ՛ պետականաշինությանը, եւ՛ պատերազմին` ի դեմս եղբորս։ Դա մի մեծ գործընթաց էր, որտեղ բոլորս համախմբված էինք, եւ դա մեզ առաջ էր մղում։ Երբ հետահայաց նայում եմ` ինչի միջով է անցել ոչ միայն մեր ընտանիք, այլեւ ազգը, հասկանում եմ, որ դա մի հերոսական ժամանակաշրջան էր, որից պատվով դուրս եկանք՝ անհավանական ջանքեր գործադրելով։ Այսօր ունենք պետականություն։ Կարող ենք քննադատել այս կամ այն պետական կառույցի կայացած լինել-չլինելը, սակայն շատ կարեւոր է, որ այս 27 տարիների ճանապարհն անցնելով՝ կարողացել ենք ձեւավորել անկախ պետություն։ Այս տարվա իրողություններով վերահաստատեցինք մեր կամքը` շատ ավելի լավ երկիր ունենալու»,– ասում է նա։

 

Արցախյան պատերազմի մասին խոսելիս Անանյանն առանձնակի շեշտադրում է հերոսամարտ բառը։ Չէ՞ որ, բացի որպես հայ պատերազմով անհանգստացած լինելը, նա նաեւ հարազատ ուներ ռազմաճակատում` միջնեկ եղբայրը, որը մասնագիտությամբ բժիշկ է։ 

 

Ամալյա Հովհաննիսյանը զրուցում է Դավիթ Անանյանի հետ Ամալյա Հովհաննիսյանը զրուցում է Դավիթ Անանյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Եղբայրս 19 տարեկանում պատերազմ գնաց ։ Այն ժամանակ տեղեկատվության միակ աղբյուրը փոքրիկ հեռուստացույցն էր, որը ժամանակ առ ժամանակ էինք կարողանում միացնել, էլեկտրականություն չկար։ Մարտկոցներով միացնում էինք հեռուստացույցը եւ հետեւում լուրերին, որովհետեւ եղբայրս մարտնչում էր։ Այդ ամենը սթրեսային էր, բայց մեր ընտանիքը կուռ էր։ Ընտանիքը հենց այն միջավայրն է, որտեղ հաղթահարվում է ցանկացած սթրես։ Ինձ ու իմ ընտանիքին մարտնչելը կամ Արցախյան հերոսամարտի կենտրոնում լինելը շատ բան է տվել։ Հայրս ու մայրս կամովին իրենց որդուն ուղարկել են պատերազմ։ Կարծում եմ՝ դա բնութագրում  է այն միջավայրը, որտեղ ես ծնվել, մեծացել եմ։ Ձեռք եմ բերել պայքարելու արժեհամակարգը, որն ինձ օգնել է, օգնում է եւ հուսով եմ` կօգնի մինչեւ կյանքիս վերջ», - ընդգծում է ՊԵԿ նախագահը։

 

Հայրական ընտանիքն ու մանկությունը

 

Անանյանի հայրը տնտեսագետ էր, մայրը` մաթեմատիկայի ուսուցչուհի եւ 139 դպրոցի ուսմասվար։ Ավագ եղբայրն իր պես ընտրել է հոր ճանապարհը, երկրորդ կրթությամբ իրավաբան է, միջնեկը` ռազմական բժիշկ է։

 

ՊԵԿ նախագահը ծնվել եւ մեծացել է Երեւանում` Նոր Նորքի երկրորդ զանգվածում։ Ընտանիքի կրտսեր զավակը մի քիչ չարաճճի է եղել։ Ասում է`իրեն «երես էին տալիս», ինքն էլ հաջողությամբ «երես էր առնում»։ «Երբ հայրս աշխատանքից վերադառնում էր, երեք եղբայրս զգաստ կանգնում էինք, բայց մեծերը հորս հետ շփումներում, կատակներում չէին կարողանում իրենց թույլ տալ այն, ինչ ես», - ասում է նա, ապա հիշում, թե ինչպես էր կիրակի առավոտները, երբ բոլորը քնած էին, գնում խանութ առեւտուր անելու, որպեսզի բոլորն արթնանային ու հայրն ասեր` «Մեր պապը գնացել-եկել է»։

 

Նրա խոսքով` իր չարաճճի լինելու մասին կարող են վկայել նաեւ դպրոցի ուսուցիչները։ Սա այն դեպքում, երբ մայրը դպրոցի ուսմասվարն էր եւ նրա ներկայությունը կաշկանդող հանգամանք էր չարաճճի աշակերտի համար։ 

 

«Մայրս մեր դպրոցի ուսմասվարի էր եւ մաթեմատիկայի ուսուցչուհին։ Մամայի դպրոցում աշխատելն ինձ առավելություն չէր տալիս, առավել եւս կոմունիստական ժամանակաշրջանում։ Մաման էլ ծագումով Արցախից է, ինչը նշանակում է, որ երեք եղբայրներս եղել ենք մամայի խիստ ռեժիմի եւ հսկողության տակ։ Ավագ եղբայրներս շատ հանդարտ էին ու սիրված բոլոր ուսուցիչների կողմից։ Ես մի քիչ ավելի ժիր եւ աշխույժ էի, բայց... էլի սիրված, այլ կերպ սիրված (ծիծաղում է- հեղ.)։ 

 

Դավիթ Անանյանը Դավիթ Անանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Հետաքրքիր մանկություն եմ ունեցել։ Ամեն օր դպրոցից տուն գալիս մտածում էի՝ տեսնես այսօրվա արածներս մորս պատմե՞լ են։ Մաման գալիս էր տուն ու սկսվում էր բարոյախրատական թեմաներով զրույցը։ Ամենավատն այն էր, որ ասում էր` հայրդ կգա, ամեն ինչ կասեմ։ Մտածում էի, եթե պապան իմանա, բանս բուրդ է լինելու, բայց ոչ մի անգամ չի պատմել։»։ Ասում է` հիմա իրենք էլ են «երես տալիս» կրտսեր դստերը, որը, սակայն, «երես չի առնում»։

 

Ստեղծած ընտանիքն ու ժամանակի բաշխումը

 

Դավիթ Անանյանն ամուսնացել է իր համակուրսեցու հետ։ Նրանց ընտանիքն արդեն 25 տարեկան է, իսկ տնտեսագիտության հանդեպ սերը շարունակում է ժառանգաբար փոխանցվել։ Ավագ աղջիկը` 24–ամյա Իրինան, եւս ընտրել է հոր եւ մոր մասնագիտությունը։ Աշխատում է աուդիտորական ընկերությունում։ Որդին` 21–ամյա Սանասարը, նույնպես չի շեղվել ընտանեկան ավանդույթից։ Հայոց բանակում ծառայելուց հետո շարունակում է ուսումն Ամերիկյան համալսարանում։ Ավանդույթը կոտրել, կարծես թե, պատրաստվում է տանք փոքրը` 11–ամյա Անին. «Մենք շատ ուրախ ենք, որ փոքրն ավելի տարբերվող մոտեցում ունի, նկարում է, քանդակում, արվեստին է հակված»։

 

Երեխաներից յուրաքանչյուրը պահանջում է անհատական շփում։ Անանյանի համար սա ցավոտ հարց է։ Ժամանակը չի բավարարում անհատական շփման համար, բայց ընտանիքի համար անպայման որոշակի ժամանակ գտնում է։ «Որքան էլ հոգնած լինեմ, տուն մտնելիս հոգնածությունս վերանում է։ Որքան էլ ուշ գնամ տուն, երեք երեխաներս էլ սրտատրոփ սպասում են։ Մեր տան մթնոլորտը միշտ հումորային է։ Երեխաներս սպասում են, որ իրենց հայրիկը որքան էլ հոգնած լինի, պետք է իր հումորներով մտնի տուն։ Կեսգիշերն անց էլ լինի, անպայման, համատեղ ժամանակ ենք անցկացնում, օրինակ, երեկ չէինք կարող առանց Comedy club-ը նայելու գնալ քնելու», - ասում է նա։ 

 

Դավիթ Անանյանը Դավիթ Անանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ինչ վերաբերում է երեխաներին անհատական մոտեցում ցուցաբերելուն, իր թողած բացը լրացնում է կինը. «Փոքրի հետ ժամանակ անցկացնելն այն է, երբ իր օրվա աշխատանքն է բերում, գրկում եմ, համբուրում, ոգեւորում, որ լավ է ստացվել։ Փառք Աստծո, ժամանակը, որը ես չեմ կարողանում տրամադրել, մայրիկը լրացնում է։ Տղայիս հետ ավելի հեշտ է, արդեն խելահաս է։ Օրվա ընթացքում կարող ենք 15 րոպե զրուցել եւ իրար հասկանալ։ Քանի որ նա էլ աուդիտոր է, նաեւ մասնագիտական քննարկումներ ենք ունենում։ Մեծ աղջիկս բնավորությամբ շատ նման է ինձ, այսինքն`ավելի շատ հորս է նման, հախուռն է, արդարության  նկատմամբ ընդգծված վերաբերմունք ունի։ Հաճախ ենք հետաքրքիր զրույցներ ունենում»։

 

Պետք է կարողանաս դուրս գալ ծնողներիդ ստվերից

 

Ծնողների ճանապարհով գնացած մարդկանց ուղեկցում է նրանց ազդեցությամբ հաջողության հասնելու կարծիքը։ Ժամանակին իրեն է հետապնդել սա, հիմա երեխաները պետք է ապացուցեն, որ արժանի են լինելու տվյալ տեղում, սակայն Անանյանը սա բնական է համարում։

 

«Ազնիվ չեմ լինի, եթե ասեմ, որ դա ազդեցություն չի ունենում։ Ծնողների հետքերով գնացող երեխայի համար միջավայրում շատ ավելի արագ ճանաչելի դառնալը տալիս է որոշակի առավելություն։ Նույնիսկ եթե աղջիկս հարցազրույցների շարք է անցել, ինչ-որ փուլում իդենտիֆիկացվել է որպես իմ դուստր։ Չեմ կարող ասել, որ դա որոշակի առավելություններ չի տվել իրեն, բայց վստահ եմ, որ աղջկաս աշխատանք են առաջարկել իր ունակությունների համար։ Ժամանակին էլ, երբ ես էի երիտասարդ մասնագետ, հորս շվաքից դուրս գալու խնդիր ունեի։ Ուզում ես ապացուցել, որ ինքդ էլ որոշակի արժեք ես ներկայացում։ Դա ծնողների ճանապարհը շարունակելու անբարենպաստ հետեւանքն է, որը, սակայն, այնքան մեծ չէ, որ ճնշող լինի։ Դրանք կարող ես հաղթահարել մասնագիտական հմտություններիդ ու ժամանակի շնորհիվ եւ ընկալել որպես անհատ, ոչ թե որպես ինչ-որ մեկի որդի կամ դուստր։ Դա ժամանակավոր բարդություն է, որը հաղթահարելի է»,- ասում է նա։

 

Ամալյա Հովհաննիսյան 

 

Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին