Քեթրին Էշթոն. “Այլ տարբերակներ առաջարկող հռետորաբանությունն օգտակար չէ” - Mediamax.am

10212 դիտում

Քեթրին Էշթոն. “Այլ տարբերակներ առաջարկող հռետորաբանությունն օգտակար չէ”

Քեթրին Էշթոն
Քեթրին Էշթոն

Լուսանկարը` http://www.euinside.eu

Լուսանկարը`


ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին

- Հայաստանի վարչապետը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ վերջերս հայտարարել են, որ 2012 թվականին նպատակ ունեն անցկացնել “ամենաթափանցիկ եւ արդար ընտրությունները Հայաստանի անկախության 20-ամյա պատմության ընթացքում”: Որքա՞ն կարեւոր են նմանատիպ խոստումները ԵՄ եւ Հայաստանի քաղաքական երկխոսության համար:

 

- Դա շատ կարեւոր է: Սա մեծ դրական ազդանշան է, եւ մենք ակնկալում ենք, որ այն կվերածվի կոնկրետ քայլերի ընտրությունները լավ կազմակերպելու համար: Ինչպես միշտ, մենք պատրաստ ենք սատարելու եւ խորհուրդ տալու ընտրություններում եւ շատ այլ ոլորտներում, որոնք միասին ձեւավորում են “խորը ժողովրդավարության” գաղափարը, որը դրված է Արեւելյան Գործընկերության հիմքում` միավորման, խոսքի եւ հավաքների ազատություն, անկախ դատական համակարգի կողմից իրականացվող օրենքի գերակայություն եւ իրավունք դեպի արդար դատավարություն, արդյունավետ պայքար կոռուպցիայի դեմ, ինչպես նաեւ բարեփոխումներ անվտանգության եւ իրավապահպանության ոլորտներում:

 

- Եվրոպացի պաշտոնյաներն ասում են, որ ԵՄ պետք է ավելի ակտիվ դերակատարում ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Հաշվի առնելով այն փաստը, որ ԵՄ չի ցանկանում փոխարինել ԵԱՀԿ Մինսկի Խումբը, ինչպիսի՞ն եք տեսնում այդ “ավելի ակտիվ դերակատարումը”:

 

- Մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի Խմբին` հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու իր ջանքերում` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա:

 

ԵՄ-ի չի ցանկանում փոխել ձեւաչափը կամ ազդեցություն ունենալ տարբեր կողմերի վրա, մենք առաջարկում ենք ավելի ակտիվ եւ ուժեղ աջակցություն: Մենք կարող ենք օգնել ստեղծել դրական մթնոլորտ, ներառյալ վստահության ստեղծման միջոցներ:

 

Մեր սեփական պատմությունից մենք ունենք հակամարտությունների կարգավորման եւ հաշտեցման փորձ, որով ցանկանում ենք կիսվել ձեզ հետ: Մենք նաեւ կարծում ենք, որ վաղուց ժամանակն է կարգավորման հասնելու համար, քանի որ դա կնպաստի տարածաշրջանի զարգացմանը, կօգնի կայունություն հաստատել, տարածաշրջանի մարդկանց համար ավելի դյուրին կդարձնի առեւտուրը եւ ճամփորդելը: Այն կօգնի ստեղծել աշխատատեղեր եւ կխթանի տնտեսական աճը: Այլեւս պետք չէ հապաղել: Հակամարտությունը տարածաշրջանին պատանդ է պահում:

- Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի նախագահը եւ կառավարության անդամները հաճախակի ռազմատենչ հայտարարություններով են հանդես գալիս` ասելով, որ պատերազմը կարող է ԼՂ հարցի կարգավորման միջոց լինել: Այս տարվա ընթացում դուք առնվազն երկու անգամ հրապարակավ քննադատել եք:

 

Ադրբեջանին` մարդու իրավունքների ոտնահարման համար: Ինչո՞ւ նաեւ կոչ չեք անում Ադրբեջանին դադարեցնել պատերազմի քարոզչությունը:

 

- Հակամարտության կարգավորմանը հնարավոր է հասնել միայն բանակցությունների միջոցով, եւ այլ տարբերակներ առաջարկող հռետորաբանությունն օգտակար չէ` անկախ նրանից, թե ո՞ր կողմն է այն հնչեցնում: Կարեւորը բանակցություններում առաջընթացն է եւ դժվարին փոխզիջումներ անելու երկու կողմերի պատրաստակամությունը:

 

- Այս տարվա ապրիլին Եվրոպական Խորհրդարանն ընդունեց “Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման” բանաձեւը: Այն կոչ է անում զարգացնել “ոչ պաշտոնական շփումները եւ խորհրդատվությունը անջատված տարածքների հասարակությունների հետ”: Իրատեսակա՞ն է ակնկալել, որ Եվրոպական Հանձնաժողովը կհետեւի այս կոչին:

 

- Վստահության ձեւավորումը` ներառելով շփումները մարդկանց միջեւ, անհրաժեշտ է փոխըմբռնումը խթանելու համար: ԵՄ կարող է օգնել երկու կողմերին շփվել միմյանց հետ, հիմքեր պատրաստել լուծում գտնելու համար, ցույց տալ խաղաղության եւ ԵՄ-ի հետ ամուր կապված խաղաղ Կովկասի առավելությունները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին