«Այբ» դպրոց. «Փնտրում ենք երեխաների, ովքեր փորձում են անել ավելին, քան պահանջվում է» - Mediamax.am

16532 դիտում

«Այբ» դպրոց. «Փնտրում ենք երեխաների, ովքեր փորձում են անել ավելին, քան պահանջվում է»


«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը
«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը

Լուսանկարը` Mediamax


«Այբ» ավագ դպրոցը հայտարարել է 2012-2013թթ. ընդունելության մեկնարկի մասին:

Մինչեւ մարտի վերջ ամեն չորեքշաբթի դպրոցում անցկացվում են բաց դռների օրեր: Փետրվարի 13-ից դպրոցում կմեկնարկեն նախապատրաստական անվճար «մինի-դասերը»:

 

Մարտի 26-ից մինչեւ ապրիլի 6-ն «Այբ» դպրոցում կընդունեն ընդունելության դիմումները` մարտի 15-ից դրանք հասանելի կլինեն www.aybschool.am կայքում: Քննությունները կկայանան ապրիլի 9-ին, 11-ին եւ 13-ին: Մայիսին հարցազրույցներ կանցկացվեն քննությունները հաջող հանձնած երեխաների հետ:

 

Նախորդ տարվա գարնանը մենք զրուցել էինք «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանի հետ: Այդ հարցազրույցում նա մանրամասն խոսել էր աշակերտների ընտրության սկզբունքների մասին: Այսօրվա մեր զրույցը Դավիթ Սահակյանի հետ այս տարվա ընդունելության առանձնահատկությունների մասին է:

 

Լուսանկարը` «Այբ»

 

- Բնականաբար, տարբերություն կա այս եւ նախորդ տարվա ընդունելության միջեւ, քանի որ նախորդ տարվա գարնանը դպրոցը դեռ կառուցման փուլում էր գտնվում, իսկ այսօր այն արդեն գործող կառույց է:

 

- Այս տարի, անշուշտ, ավելի հեշտ է անցկացնել ընդունելությունը կազմակերպչական առումով: Եթե անցած տարի ինչ-որ բաներ դեռ պլանավորվում էին, այսօր այդ ամենն արդեն փորձարկված է: Նախորդ տարի մարդկանց պետք էր ներկայացնել գաղափարը, որը դեռեւս շոշափելի չէր, այսինքն` մարդիկ պետք է պարզապես հավատային մեզ: Այդ տեսանկյունից այս տարի ավելի հեշտ է, քանի որ կես տարվա ընթացքում մենք փորձարկեցինք մեր գաղափարները, անհրաժեշտ շտկումներ արեցինք:

- Քանի՞ երեխա է սովորում դպրոցում եւ քանի՞սն են կրթաթոշակ ստանում:

 

- Այսօր մեզ մոտ սովորում են 72 երեխաներ` սա ներկայումս դպրոցի առավելագույն հնարավորությունն է: Ունենք 18 հոգանոց 4 դասարան: Քննություններին մասնակցել էին 147 երեխաներ: Մինչ այդ մենք անցկացրել էինք «մինի-դասեր», որոնց ընթացքում երեխաները հնարավորություն ունեին ծանոթանալ քննություններին ներկայացվող պահանջներին, ուսուցիչներին, մոտեցումներին: Այդ դասերին մասնակցեցին 200-ից ավելի երեխաներ:

 

Այս տարի եւս 72 երեխա ենք ընտրելու: Հավատարիմ ենք մնում գլխավոր սկզբունքին` երեխաների ընդունելության ժամանակ նրանց ծնողների վճարունակությունը մեզ համար նշանակություն չունի: Այսինքն` «Այբ» դպրոցում չկա ոչ մի երեխա, ով ընդունվել է այն պատճառով, որ իր ծնողը վճարունակ է, եւ հակառակը: Երեխաներն ընդունվել են դպրոց, եւ դրանից հետո միայն ֆինանսական աջակցության հանձնաժողովը որոշումներ է կայացրել դիմումների հիման վրա կրթաթոշակ տրամադրելու կամ չտրամադրելու վերաբերյալ:

 

Լուսանկարը` «Այբ»

 

72 երեխաներից 51-ը ստանում են կրթաթոշակներ (ուսման վճարի փոխհատուցում): 20-ը ընդհանրապես չդիմեցին ֆինանսական աջակցության համար, մեկը դիմեց մասնակի ֆինանսավորման համար, մերժում ստացավ եւ հիմա շարունակում է սովորել ծնողների միջոցներով: 51-ից 22-ը ստանում են ամբողջական կրթաթոշակ, այսինքն` ծնողները ոչ մի կերպ չեն մասնակցում ուսման ֆինանսավորմանը, իսկ մնացածը մասնակի կրթաթոշակ են ստացել: Այսպիսով, երեխաների ավելի քան 70 տոկոսը սովորում է կրթաթոշակներով: 14 երեխաներ, բացի ֆինանսական աջակցությունից, ստացել են նաեւ նոութբուքներ` իրենց ուսման համար:

 

Ի տարբերություն նախորդ ընդունելության, այս տարի մի փոփոխություն կա` մաթեմատիկայի քննությունը պարտադիր է դարձել բոլորի համար՝ անկախ ընտրած մասնագիտական ուղղությունից՝ «Հասարակական գիտություններ» կամ «Գիտություն»:

 

«Այբ» դպրոցն այն երեխաների համար է, ովքեր կյանքը չեն պատկերացնում առանց կրթության, հաճույք են ստանում սովորելուց: Մենք փնտրում ենք երեխաների, ովքեր հետաքրքրվում են, փորձում են անել ավելին, քան պահանջվում է, ընդգրկվում են զանազան խմբակներում, ոչ ստանդարտ մտածելակերպ ունեն: Երեխաները դպրոցում լինում են 08:30-ից մինչեւ 17:00-ն` բացի պարտադիր առարկաներից կան նաեւ արվեստներ, սպորտ, հասարակական աշխատանք: Քանի որ ազատ ժամեր ունեն, երեխաների ինքնակազմակերպումից շատ բան է կախված:

 

Բնականաբար, դպրոցում կան մինիմումներ` եթե գնահատականները տարվա վերջում սահմանված սանդղակից ցածր լինի, կարող է դիտարկվել երեխային դպրոցից հեռացնելու հարցը:

 

Լուսանկարը` «Այբ»

 

- Շատերին հետաքրքրում են վճարունակության գնահատման սկզբունքները:

 

- Վճարունակության գնահատման սկզբունքներն, անշուշտ, մենք չենք հորինել՝ նման ընթացակարգեր կիրառվում են աշխարհի առաջատար բուհերում եւ դպրոցներում, այդպիսի փորձ ունի նաեւ Հայաստանի ամերիկյան համալսարանը: Մենք ունենք 15 էջանոց հարցաշար, որը լրացվում է ծնողների կողմից: Ներկայացվում են ընտանիքի եկամուտները, ծախսերը, որոշակի տեղեկություններ ունեցվածքի վերաբերյալ: Այդ ամենը գաղտնի է պահվում եւ սահմանափակ թվով մարդիկ են առնչվում այդ տեղեկատվությանը: Կան նաեւ անուղղակի չափանիշներ, որոնք թույլ են տալիս ավելի լավ հասկանալ ծնողների իրական վճարունակությունը, նրանց եկամուտների եւ ծախսերի հարաբերակցությունը:

 

Մեզ հաճախ հարցեր են տալիս` կան արդյո՞ք արտոնություններ միակողմանի ծնողազուրկ երեխաների կամ բազմազավակ ընտանիքների երեխաների համար: Չկան, քանի որ մենք զեղչային համակարգ չենք սահմանում: «Այբ» ավագ դպրոցը սոցիալական ծրագիր է: Ուսումը մեր դպրոցում որեւէ կապ չունի ֆինանսական կարողությունների հետ: Եթե ընտրված բոլոր երեխաները 100%-ով անվճարունակ լինեն, մենք բոլորին կրթաթոշակ կտրամադրենք: Սակայն ֆինանսական աջակցությունը ոչ թե ծնողի պարտականությունների ստանձնումն է մեր կողմից, այլ աջակցություն ծնողին՝ իր երեխային որակյալ կրթություն տալու գործում: Կրթաթոշակային ֆոնդը գոյանում է դրամահավաքային միջոցառումների արդյունքում: Դրանք բարերարների գումարներ են: Մենք բարոյական ենք համարում այն սկզբունքը, որ ծնողը պետք է լինի իր երեխայի առաջին բարերարը՝ մասնակցելով այնքանով, որքանով կարող է: Եթե ծնողն ի վիճակի է մասնակցել ֆինանսավորմանը, բայց չի ցանկանում, մենք եւս հետաքրքրված չենք որեւէ քայլ անել այդ ուղղությամբ:

 

Մեր բոլոր ֆինանսական հաշվետվությունները կայքում տեղադրված են: Հոգաբարձուների խորհրդի կողմից ընդունված բյուջեն ներկայացվել է բոլոր ծնողներին, ուսուցիչներին, աշխատակազմին:

 

Լուսանկարը` «Այբ»

 

Դպրոցում սովորելու տարեկան արժեքը սահմանված է 2.250.000 դրամ: Սակայն եթե դիտարկենք այս ուսումնական տարվա բյուջեն, ապա ծախսը մեկ երեխայի հաշվով կազմում է 3,7 մլն դրամ: Եթե հաշվի առնենք նաեւ մաշվածությունը, ապա յուրաքանչյուր երեխային այս տարվա բաժին ընկող ծախսը կազմում է 4,4 մլն:

 

Չնայած մեր ուսուցիչների ժամավճարը բարձր է, այնուամենայնիվ ամսական աշխատավարձն այս տարի այդքան էլ բարձր չէ, քանի որ նրանց զբաղվածությունն էլ մեծ չէ` 72 աշակերտի համար ունենք 50 ուսուցիչ: Եթե դպրոցներում ամբողջական դրույքը շաբաթական 22 ժամն է, մեր մոտ ուսուցչի միջին զբաղվածությունը այսօր կազմում է 3.7 ժամ: Անշուշտ, հաջորդ տարի, երբ երեխաների թիվը կկրկնապատկվի, համապատասխանաբար կավելանան նաեւ ուսուցիչների աշխատանքի ժամերը եւ աշխատավարձերը:

 

Ուսուցիչներին ընտրելիս մենք ձգտում էինք ներգրավել այնպիսի մարդկանց, ովքեր ոչ միայն գիտելիքներ կփոխանցեն երեխաներին, այլեւ հետաքրքիր, կայացած անձնավորություններ կլինեն, ովքեր մոտիվացված են ու դրական են նայում ապագային, ովքեր կսովորեցնեն երեխային ոչ թե անգիր անել, այլ մտածել, կասկածի տակ դնել անգամ հայտնի ճշմարտությունները, պրպտել, սիրել առարկան: Մենք ցանկանում ենք, որպեսզի ուսուցիչը Հայաստանում դառնա հարգված մասնագիտություն, եւ ամեն ինչ անում ենք, որ ուսուցչի ֆինանսական ապահովման մակարդակը պատշաճ լինի:

 

Լուսանկարը` «Այբ»

- Փորձենք համեմատել «Այբ»-ի եւ այլ դպրոցների ուսուցիչների վարձատրության չափը:

 

- Ամբողջական դրույքով աշխատելու դեպքում մեզ մոտ վարձատրությունը մի քանի անգամ ավելի բարձր կլինի: Բայց մի կարեւոր սկզբունք էլ կա, որը որդեգրել ենք ի սկզբանե`   մենք չենք ցանկացել բարձր աշխատավարձի հաշվին այլ դպրոցներից ուսուցիչներ ներգրավվել մեզ մոտ՝ թուլացնելով այդ դպրոցները: Խնդիր էինք դրել, որ դպրոց գան այն մարդիկ, ովքեր դպրոցը չեն դիտարկում որպես լավ գործատու եւ կայացման վայր: Այսօր ունենք միայն մեկ ուսուցիչ, ով ստիպված եղավ թողնել իր դպրոցը եւ գալ մեզ մոտ:

 

 

- Ներկայացրեք «Այբ»-ի ուսուցիչներից մի քանիսին:

 

- Մեր բոլոր ուսուցիչները առանձին ներկայացման արժանի են, սակայն կխոսեմ մի քանիսի մասին:

 

Կենսաբանության ավագ ուսուցիչ Մերի Հովսեփյանը Շվեդիայից ընտանիքով տեղափոխվել է այստեղ: Նա գործող գիտնական է, հիմա եւս նախագծեր է իրականացնում Հայաստանում եւ Շվեդիայում, գիտությունների թեկնածու է: Նա մեր հպարտություններից մեկն է:

 

Վիգեն Բերբերյանը ստեղծագործական գրարվեստի մասնագետ է: ԱՄՆ-ից է, հայտնի նովելիստ է, իր գրքերը թարգմանվել են մի քանի լեզուներով ու բեսթսելերներ են դարձել: Նա երեխաներին գրելու արվեստ է դասավանդում:

 

Թոմ Սամուելյանը Նարեկացուն թարգմանել է հայերենից անգլերեն: Թոմը Ամերիկյան համալսարանում իրավաբանական ամբիոնի վարիչն է, իսկ մեզ մոտ` անգլերենի ավագ ուսուցիչը: Ի դեպ, Թոմը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Հարվարդում նույն կուրսն է ավարտել:

 

Լուսանկարը` «Այբ»

 

Գագիկ Գրիգորյանը ֆիզիկայի ավագ ուսուցիչն է: Նա երկար տարիներ ղեկավարում է ֆիզիկայի միջազգային օլիմպիադաներին մասնակցող Հայաստանի թիմը, Ֆիզիկայի միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ է:

 

Վարազդատ Կարապետյանը` մինչեւ վերջերս ՀՀ վարչապետի խորհրդականն էր, հիմա ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի տնօրենն է: Մեզ մոտ դասավանդում է գործարարություն:

 

Լիսեթ Բաբայանը մեր միակ ուսուցիչն է, ով հայերեն չգիտի: Նա ավարտել է Հարվարդի համալսարանը` կրթության կազմակերպում մասնագիտությամբ, աշխատել է տարբեր երկրներում եւ զբաղվում է ժամանակակից կրթական տեխնոլոգիաների ներդրմամբ: Մեզ մոտ նա երեխաներին անգլերեն է դասավանդում ու միաժամանակ աշխատում է ուսուցիչների հետ` նրանց ծանոթացնելով նոր կրթական տեխնոլոգիաներին:

- Դպրոցի նոր մասնաշենքի շինարարությունն ընթացքի մեջ է` չնայած ձմռան պայմաններին: Փաստորեն` նոր ընդունված երեխաները այդ նոր մասնաշենքում կսովորեն:

 

- Այո, սեպտեմբերին նոր մասնաշենքն արդեն պատրաստ կլինի:

 

Դավիթ Սահակյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին