Ֆահրադին Աբոսզոդա. «Թալիշները կգնան մինչեւ վերջ» - Mediamax.am

9958 դիտում

Ֆահրադին Աբոսզոդա. «Թալիշները կգնան մինչեւ վերջ»

Ֆահրադին Աբոսզոդա
Ֆահրադին Աբոսզոդա

Լուսանկարը`


Ադրբեջանի թալիշական համայնքի առաջնորդի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին:

Ֆահրադին Աբոսզոդան թալիշ գիտնական, քաղաքագետ եւ հասարակական գործիչ է: Նա ավարտել է Բաքվի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:

 

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու է, դոցենտ: 1981-1995 թթ. դասավանդել է Բաքվի պետական համալսարանում: 1993թ. հուլիս- օգոստոս ամիսներին թալիշների անջատողական ազգային ապստամբության լիդերներից մեկն էր:

 

Թալիշ-մուղանյան ինքնահռչակ ինքնավարության սահմանադրական ակտի հեղինակն է, այդ նույն ինքնավարության Ազգային Մեջլիսի խոսնակը: 1993-1995թթ. «Թալիշի ձայն» թերթի խմբագիրն էր: Հետագայում հեռանալով Ադրբեջանից՝ 2002-2005 թվականներին Սանկտ- Պետերբուրգում հիմնել է «Թալիշ» թերթը:

 

2005 թ-ին Երեւանում մասնակցել է Թալիշագիտության առաջին միջազգային գիտաժողովին, որը կազմակերպել էին ԵՊՀ-ն եւ Իրանական հետազոտությունների կենտրոնը: 2005-ին համաներում ստանալով՝ Աբոսզոդան վերադառնում է Ադրբեջան եւ սկսում հրատարակել «Գիշերային հավաքներ» թերթը:

 

2007-ին նրա դեմ հարուցվում է քրեական գործ ազգամիջյան թշնամանքի հրահրման մեղադրանքով. պատճառը «Գիշերային հավաքներ»-ում հրապարակված թալիշական ազգային շարժման հայտարությունն էր, որը դեմ էր արտահայտվում թալիշական գյուղերից մեկի անվանման փոփոխությանը թուրքական անվանման:

 

Այժմ Աբոսզոդան բնակվում է Մոսկվայում:

 

-Պարոն Աբոսզոդա, մեզ հետաքրքիր է, թե ներկայումս որքանո՞վ են պաշտպանված Ադրբեջանի տարածքում բնակվող էթնիկ փոքրամասնությունների իրավունքները: Բանն այն է, որ պաշտոնական Բաքուն առաջին անգամ չէ, որ հայտարարում է, թե երկրում որեւէ խնդիր չկա՝ կապված ազգային փոքրամասնությունների հետ, ու որ նրանց զարգացման համար ստեղծված են բոլոր պայմանները: Բայց Գուբա քաղաքում կատարված վերջին անկարգություններն ապացուցում են հակառակը: Ուստի կցանկանայինք Ձեզանից լսել, թե ի՞նչ խնդիրների են հանդիպում ազգային փոքրամասնություններն Ադրբեջանում:

 

- Այսպես կոչված «ազգային փոքրամասնությունների» մասին (մեծամասամբ՝ թալիշներ, լեզգիններ, ավարներ, պարսեր եւ այլն, նրանց չի կարելի անվանել «փոքրամասնություն», քանի որ սրանք բոլորը հանդիսանում են պետականաստեղծ ազգեր. անձամբ ինձ համար թալիշներին փոքրամասնություն կոչելը խորը վիրավորանք է) արդեն շատ է խոսվել ու գրվել: Դրա արդյունքն այն է, որ, եթե մի քանի տարի առաջ դեռ հակասություններ կային այս հարցի շուրջ, հատկապես Արեւմուտքում, ապա այսօր համարյա ոչ ոք չի կասկածում, որ ներկայիս Ադրբեջանն իսկական բանտ է ոչ թուրքական ազգերի համար. ազգեր, որոնք այդ երկրի բնիկներն են: Եթե անգամ Գուբայում տեղի չունենային զանգվածային բողոքի վերջին ցույցերը, միեւնույն է, դրությունը հենց այդպիսին կլիներ: Իսկ բողոքի վերջին ցույցերը դարձան հերթական ապացույցը, թե ինչքան փխրուն եւ կեղծ է այդ այսպես կոչված «ազգային համաձայնությունը» Ադրբեջանում, «ազգային համաձայնություն», որի մասին այդքան սիրում են խոսել Իլհամ Ալիեւը եւ նրան «սպասարկող» լրագրողները: Եվրոպական իրավապաշտպան կազմակերպությունների բազմաթիվ փաստաթղթեր հստակ խոսում են այն մասին, որ արեւմտյան երկրները հասել են կոնսենսուսի Ադրբեջանի գործող ռեժիմի հետ կապված հարցերում, ավելի կոնկրետ՝ այդ ռեժիմի խորը հակաժողովրդական եւ հակադեմոկրատական սկզբունքներին հակասող էության հարցում: Առաջին հայացքից, այդ փաստաթղթերում ոչ այնքան հաճախ, որքան ցանկալի կլիներ, խոսվում է ազգային փոքրամասնությունների վիճակի մասին: Մյուս կողմից, դրա կարիքն այնքան էլ չկա, քանի որ, եթե նրանք խոստովանում են, որ երկրում բնակիչները գտնվում են իրավազուրկ կարգավիճակում, ապա դա, անկասկած, ունի նաեւ ազգային երանգ: Այսինքն, ոչ թուրքական ազգերը, ազգային իրավունքների ոլորտում ընդհանուր իրավազրկության պայմաններում, իշխանությունների բռնությունների մեջ տեսնում են նաեւ ազգային կոնտեքստ: Բնականաբար, դա ամենեւին չի նշանակում, որ այսօր այդ խնդրի շուրջ այլ տեսակետներ չկան: Օրինակ, Ադրբեջանում Ռուսաստանի ներկայիս դեսպանը շարունակում է Մոսկվա ուղարկել զեկույցներ այն մասին, որ իբր Ադրբեջանում ազգային փոքրամասնությունները չեն ենթարկվում հետապնդման: Ստացվում է, ամբողջ աշխարհը գիտի այդ մասին, բացի մեկ չարաբաստիկ դեսպանից: Ի դեպ, տարօրինակ զուգադիպությամբ վերջին տարիներին ռուսաստանցի դեսպանները Բաքվում իրենց դիվանագիտական առաքելության ավարտից հետո նախընտրում են գնել թանկարժեք վիլլաներ եվրոպական երկրների ծովափնյա հատվածներում ու ապրել այնտեղ: Ահա ձեզ պատճառ, թե ինչու է ռուսաստանյան դեսպանը նման գնահատական տալիս Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների վիճակի մասին իր զեկույցում: Սրա հետ մեկտեղ, այսօր համաշխարհային քաղաքականության ասպարեզում Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների հարցը դիտարկվում է ոչ միայն որպես այդ երկրի ներքին խնդիր, այլեւ որպես այս տարածաշրջանի եւ Մերձավոր Արեւելքի աշխարհաքաղաքական հարց: Ջրի երես է դուրս գալիս միջազգային եւ տարածաշրջանային հարաբերությունների նոր ձեւաչափ, ձեւավորվում է նոր համաշխարհային կարգ, աշխարհընկալում, որտեղ որոշիչ դերն ոչ թե այնպիսի արհեստական պետություններին է պատկանում, ինչպիսին է Ադրբեջանի Հանրապետությունը, այլ առանձին ազգերին, որոնք մինչ օրս պահպանել են իրենց ազգային դեմքը, ու դրան գումարած, նաեւ բարձրաձայնում են իրենց իրավունքների մասին: Այսպիսով, չարժե ընդհանրապես ուշադրություն դարձնել Ադրբեջանի ղեկավարության բարբաջանքների վրա, թե իբր ոչ թուրքական ազգերը լավ վիճակում են այդ երկրում, խոսքը վերաբերում է նաեւ բաքվեցի լրագրողների նույնանման հրապարակումներին: Ինչ վերաբերում է կոնկրետ թալիշներին, ապա մեր ժողովրդից լավ ոչ ոք չի կարող իմանալ մեզ:

 

Ավելի հստակեցնեմ, նշելով հետեւյալը. եթե մեզ մոտ ամեն ինչ այնքան լավ լիներ, ինչպես հայտարարում է Ալիեւը, ապա թալիշների մասսայական շարժումն իրենց պետականության վերականգնման համար գոյություն չէր ունենա:

 

Մեր ժողովուրդն արժանի է ավելիին, ու մենք կգնանք մինչեւ վերջ, որպեսզի հասնենք ցանկալի նպատակին: Մենք ունենք իրավունք ապրելու մեր պետության մեջ, խոսելու եւ սովորելու մեր մայրենի լեզվով, բարեկամություն անելու մեր հարեւանների հետ:

 

-Նրանց համար, ովքեր չունեն պատկերացում այն մասին, թե ինչ է իրենց ներկայացնում Գուբա քաղաքը, խնդրում եմ կարճ պատմեք տեղանքի ու նրա բնակչության մասին:

 

- Գուբան հարավային Կովկասի դրախտային անկյուններից մեկն է, թալիշական ցածրավանդակի, Թալիշի Գիրկանյան անտառների, Ղարաբաղի եւ այլ գեղատեսիլ վայրերի շարքում: Սասանյանների կառավարման տարիներին պարսիկ տիրակալներն իրենց հյուսիսային սահմաններն ամրապնդելու համար այս վայրերում վերաբնակեցրին մեծ թվով մարտնչող իրանական ժողովուրդների` պարսերի, թալիշների, մասագետների: Այսօր վերջիններիս անվանում են թաթեր: Եթե խորանանք պատմության մեջ, կարող ենք նկատել, որ «թաթը» ընդհանուր անուն էր, որն իրանցի ազգերին տալիս էին իրենց շրջապատող թուրքական ցեղերը: Բայց անգամ այսօր թաթ անվանումը հենց Գուբայի բնակիչների կողմից ընդունվում է որպես վիրավորանք, նրանք գերադասում են իրենց անվանել լեռնեցիներ:

 

Տասնամյակներ շարունակ Ադրբեջանի իշխանությունները ներշնչում են այս ժամանակին հպարտ ու մարտնչող ժողովրդին իր «թերարժեքության» մասին՝ այդպիսով դրդելով նրանց մոռանալ իրենց արմատները եւ թուրք դառնալ: Մենք ակտիվ կապ ենք պաշտպանում թաթերի մտավորական ներկայացուցիչների հետ: Նաեւ մեր ջանքերի շնորհիվ վերջին տարիներին ազգությամբ թաթ ազգային երգիչները, ովքեր հայտնի են Ադրբեջանում հանպատրաստից բանաստեղծություններ հորինելու տաղանդով, քիչ-քիչ սկսեցին այդ բանաստեղծություններն իրենց մայրենի լեզվով կատարել: Այս առումով Գուբայի դեպքերն ունեն մեծ նշանակություն, դա վկայում է այն մասին, որ թաթերը եւս մտնում են ազգային-ազատագրական պայքարի ասպարեզ, մեր ընդհանուր պայքարին են միանում հանուն անկախության:

 

- Քաղաքագետ Իբրահիմ Նասիրովի խոսքերով, Գուբայի բնակիչները դուրս եկան փողոց ոչ քաղաքական պահանջներով: Նրանց մի մասն անգամ Ալիեւի նկարով պաստառներ էր պահել՝ դրանով փորձելով մատնանշել, որ ոչ թե պետությունից են դժգոհ, այլ տեղական իշխանության ղեկավար Ռաուֆ Հաբիբովի գործողություններից: Ըստ Ձեզ, սա իրո՞ք բողոք է տեղական իշխանության դեմ, եւ իրո՞ք Ալիեւը ազգային փոքրամասնությունների մոտ աջակցություն է վայելում:

 

-Անկեղծ ասած ես չեմ ճանաչում ոչ մի Իբրահիմ Նասիրով: Բայց նման մտքեր իրենց հրապարակումներում արտահայտում են համարյա բոլոր ադրբեջանցի վերլուծաբանները: Նրանց մի մասը, հնարավոր է, իրականում այդպես են մտածում, եւ իսկապես համոզված են Ադրբեջանի ողջ ազգաբնակչության սիրուն` առ նախագահ Ալիեւ: Հնարավոր է, որ նրանք անգամ, այսպես ասենք, հաճույք են ստանում դրանից: Կարծում եմ, չարժե նշել, թե ովքեր են այդ մարդիկ եւ թե ինչու են նրանք այդպես մտածում, քանի որ թե Ադրբեջանի ներսում, թե նրա սահմաններից դուրս արդեն լավ հայտնի է, թե ինչի վրա են հիմնված այդ մարդկանց համոզմունքները: Կա հեղինակների եւս մի խումբ, ովքեր իրականում գիտեն, թե ինչ է կատարվում երկրում, բայց նախընտրում են լռել այդ մասին մինչեւ «գան ավելի լավ ժամանակներ», եւ, ինչպես ասում են, փորձում են ժամանակից շուտ «չարթնացնել քնած վերեւներին»:

 

Ամեն դեպքում, ճշմարտությունը մեկ այլ տեղում է: Այո, Գուբայի ցույցի մասնակիցներից ոմանց ձեռքերում կային Ալիեւի նկարով պաստառներ: Դժբախտաբար, վերջին տարիներին ադրբեջանցի լրագրողների հրապարակումների ուշադիր վերլուծությունը ցույց է տալիս, որ ներկայիս Ադրբեջանում լրագրողներից շատ քչերն են գլուխ հանում բարդ աշխարհաքաղաքական իրադրությունից: Դրա արդյունքում նրանց հրապարակումները մեծամասամբ անգամ սովորական ընթերցողի մոտ են ժպիտ առաջացնում, էլ չենք խոսում մասնագետների մասին: Այնուհանդերձ, այնպիսի խնդրահարույց երկրում, ինչպիսին է Ադրբեջանը, հեղափոխություն կարող է տեղի ունենալ նպատակասլաց եւ որոշ չափով ավելի անցավ, քան ավելի բարեկեցիկ երկրներում, որովհետեւ վերջին տարիներին Ադրբեջանը դարձել է իսկական վառոդի տակառ, որը պատրաստ է պայթել ցանկացած պահի: Այս իմաստով, Ադրբեջանում արմատական ազգերի պայքարը կարեւոր լոկոմոտիվ է, որն արագացնում է այդ պրոցեսը: Ուստի էական չէ, թե ինչ պաստառներ էին բռնել ցուցարարները: Կարեւոր է այն, որ Գուբայի պես բարեկեցիկ քաղաքում բնակչությունն իր մեջ ուժ գտավ մասսայական բողոքի գործողությունների ձեւով պաշտպանել իր ոտնահարված իրավունքները: Արդյո՞ք դա կդառնա Ադրբեջանի համար ճակատագրական գործընթացների սկիզբ, այսօր դժվար է ասել: Բայց այն, որ այս իրադարձությունները նպաստեցին Ադրբեջանի բոլոր ժողովուրդների «քնից արթնանալուն», փաստ է: Կարելի է ասել, որ սառույցն արդեն կոտրվել է:

 

- Ձեր հարցազրույցներում նշել էիք, որ թալիշական ազգային շարժման գլխավոր նպատակը Ադրբեջանի կազմում ինքնավարություն հռչակելն է: Դուք առաջարկում էիք Ադրբեջանի իշխանություններին իրականացնել ադմինիստրատիվ բարեփոխումներ, ու երկրի տարածքը բաժանել շրջանների` ըստ պատմական հիմքի: Արդյունքում յուրաքանչյուր շրջան ու էթնոս ստանալու էր որոշ ինքնուրույնություն: Հետաքրքիր է, ինչու՞ այդ միտքը Ադրբեջանում այդքան ցավագին ընդունեցին:

 

- Այդ խոսքերը ես շուտ եմ ասել: Դրանք արտացոլում են այդ ժամանակ մեր շարժման մակարդակը եւ պատրաստվածության աստիճանը: Այսօր իրավիճակն արմատապես փոխվել է, փոխվել են նաեւ մեր հայացքները: Այո, այն տարիներին մենք շատ անգամ ենք առաջարկել Ադրբեջանի իշխանություններին բարեփոխումներ իրականացնել, որպեսզի երկրի մասշտաբով ողբերգական իրադարձություններ տեղի չունենան: Բայց նույնիսկ այդ ժամանակ մենք շատ հեռու էինք իշխանություններից ինչ-որ բան խնդրելու մտքից: Մենք ուղղակի զգուշացնում էինք նրանց մոտեցող փոթորկի մասին, որը վաղ թե ուշ հասնելու է Ադրբեջան: Ավաղ, մեզ չլսեցին: Այն, որ նրանք մեր առաջարկն այդքան ցավագին ընդունեցին, մեզ չի տխրեցնում: Մենք հասկանում ենք, որ ոչ մեկին ազատություն ու անկախություն «սիրուն աչքերի համար», հենց այնպես չեն տալիս: Ազատությունն ու անկախությունը պետք է վաստակել՝ վաստակել պայքարով, անհաշտ ու անվերջ պայքարով: Հենց սրանով ենք մենք զբաղվում վերջին տարիներին: Մենք համոզված ենք, որ ճիշտ ենք, համոզված ենք մեր ուժերին, եւ նրան, որ հաջողության ենք հասնելու:

 

- Հետաքրքիր է, որ նախկինում նմանատիպ դեպքերը արեւմտյան եւ հատկապես ռուսաստանյան ԶԼՄ-ների կողմից այդքան չէին լուսաբանվել, որքան Գուբայի վերջին դեպքերը: Արդյո՞ք դա ապացուցում է, որ պաշտոնական Մոսկվան ու Արեւմուտքը գոհ չեն Ալիեւի վարած քաղաքականությունից: Եվ ինչի՞ դա կարող է հանգեցնել: 

 

- Կներեք, իհարկե, բայց Ադրբեջանի ներկայիս վիճակի մասին այդպիսի տեսակետը համարում եմ շատ մակերեսային: Իհարկե, քաղաքականության մեջ անձնական համակրանքներն ու հակակրանքներն որոշակի դեր են խաղում: Բայց ոչ այնքան էական դեր: Իմ կարծիքով, այստեղ խնդիրը Արեւմուտքի կողմից Ալիեւին համակրելը կամ հակակրելը չէ: Այստեղ պետք է գլոբալ մտածողություն, պետք է խորանալ հարցի արմատների մեջ: Ադրբեջանը հանդիսանում է «Մեծ Մերձավոր Արեւելքի» երկրներից մեկն ու շատ թույլ օղակ է այդ շղթայում: Դա բացատրվում է այն պատմական ու աշխարհաքաղաքական նախադրյալներով, որոնց շնորհիվ ձեւավորվեց Ադրբեջան կոչվող պետությունը: Հայտնի է, որ մինչ այդ այն ընդհանրապես չկար: Դրանք ժամանակներ էին, երբ մեր տարածաշրջանը բաժանված էր մեծ տերությունների միջեւ` Անտանտի երկրների եւ Խորհրդային Ռուսաստանի, հիմնված այն ժամանակ գործող համաշխարհային քաղաքական իրականության վրա: Այս պարագայում կուզենայի նշել, որ ոչ բոլորը գիտեն, որ այն ժամանակվա Անգլիայի ղեկավարությունը, օրինակ, կտրականապես դեմ էր, որ ձեւավորվի Ադրբեջան անունով պետությունը: Բոլշեւիկներն այդ ժամանակ իրականացնում էին Տրոցկու այսպես կոչված “աշխարհաքաղաքական պլանը”, որի համաձայն այն ժամանակվա սահմանները համարվում էին ժամանակավոր, քանի որ սպասվում էր համաշխարհային կոմունիստական հեղափոխություն, որի արդյունքում ապագա սոցերկրների միջեւ բոլոր սահմանները պետք է ոչնչանային: Բայց արդյունքում նրանք ստիպված եղան հրաժարվել այդ մտքից, քանի որ պարզ դարձավ, որ ոչ մի համաշխարհային հեղափոխություն չի նախատեսվում: Այս նորաստեղծ երկրների սահմանների որոշակիությունը հետագայում հեշտացավ, ինչը եւ Ստալինի ջանքերով վարպետորեն իրականացվեց: Իսկ Ստալինը, չնայած իր անձի մասին տարբեր պատկերացումներին, աշխարհաքաղաքական իրադրությունը ճիշտ էր ընկալում: Այսօր աշխարհն արմատապես փոխվել է: Նոր աշխարհաքաղաքական դրությունը պահանջում է լրիվ այլ իրականություն: Այսօր միայն հիմարները կարող են դիմակայել Արեւմուտքին ու Ռուսաստանին աշխարհաքաղաքական խնդիրների լուծման որոշումների կայացման հարցում, ու սա առաջին հերթին Հարավային Կովկասի տարածաշրջանին է վերաբերում: Պատահական չէ, որ այս մասին հստակորեն խոսում է Ստանիսլավ Տարասովը “Ռեգնում”-ում. «…Արեւմուտքն … աստիճանաբար հրաժարվում է աջակցել ստալինյան պետական կազմավորումներին Անդրկովկասում եւ առաջարկում է «Մեծ Մերձավոր Արեւելքի» գաղափարը: Մասնավորապես, դրա շրջանակներում ուրվագծվում են Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պետականությունները  (www.regnum.ru/news/polit/1509856.html):

 

Մեզ մնում է այս ցուցակին ավելացնել անկախ Թալիշստանը, Լեզգինստանը եւ այլ պետական կազմավորումներ, որոնց հայտնվելն աշխարհի քարտեզի վրա ժամանակի խնդիր է: Այսպիսով, այժմ հարցն ամենեւին էլ Արեւմուտքի ու Ռուսաստանի վերաբերմունքը չէ Ալիեւի կերպարի նկատմամբ, այլ նրա` իշխանության ղեկին լինելը: Այն, որ այս ռեժիմը պետք է հեռանա քաղաքական ասպարեզից, անձամբ ինձ մոտ կասկած չի հարուցում: Գլխավոր հարցը հետեւյալն է. կմնա՞  Ադրբեջան պետությունն աշխարհի քարտեզի վրա որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ, թե՞  ոչ:

- Դուք նշում եք, որ Գուբայի շրջանն արդեն գտնվում է բաքվեցի օլիգարխ-չինովնիկների անմիջական վերահսկողության ներքո, որոնք քաղաքը բաժանել են իրար մեջ. «…Հենց թեկուզ հարցի այս կողմը կարող է սիմվոլիկ ապացույց դառնալ այն բանի, թե ինչքան է Ադրբեջանը մոտ արաբական երկրներին, որտեղ վերջին տարիներին մոլեգնում են բազմագույն հեղափոխություններ…»: Ինչքանո՞վ են իրատեսական այն կանխատեսումները, որ Գուբայի դեպքերը կարող են դառնալ Ադրբեջանում բնակվող ժողովուրդների պայքարի սկիզբը:

 

- Ոչ միայն Գուբան է բաժանված բաքվեցի օլիգարխների միջեւ: Երկրի ողջ տարածքն է բաժանված Ալիեւների կլանի ներկայացուցիչների մեջ, որոնք ամենաբիրտ ձեւերով թալանում են բնակչությանը: Այս առումով, Գուբայում մասսայական բողոքի ակցիաներն ինքնատիպ պատասխան էին Ալիեւի բարձրագոչ հայտարարություններին այն մասին, իբր երկրում տիրում է «միջազգային համաձայնություն եւ համընդհանուր բարեկեցություն»: Մեզ համար ընդհանրապես որեւէ նշանակություն չունեն խոսակցություններն այն ներքին կամ արտաքին ուժերի մասին, որոնք իբր կանգնած են այս իրադարձությունների թիկունքում: Մեզ համար կարեւորն այն է, որ այսպիսի անկարգություններ կարող են բռնկվել յուրաքանչյուր պահի եւ յուրաքանչյուր ադրբեջանական քաղաքում: Հարցը, թե արդյո՞ք Ադրբեջանի ճակատագիրը կորոշվի բնակչության` նման մասսայական ակցիաների ընթացքում, մնում է բաց: Որովհետեւ, ինչպես քիչ առաջ նշեցի, այդ հարցը լուծվելու է այն ընդհանուր եւ համընդհանուր աշխարհաքաղաքական գործընթացների արդյունքում, որոնք արագորեն մոտենում են Ադրբեջանին:

 

- Իսկ Իլհամ Ալիեւի վայրկենական արձագանքը վերջին իրադարձություններին կարո՞ղ է փաստել, որ իշխանությունն իսկապես զգում է իր խոցելիությունն ազգային զայրույթի դեմ:

 

- Ալիեւի այս արձագանքն ոչ միայն այն բանի ապացույցն է, որ նա վախենում է եւ զգում, թե ինչքան խոցելի է իր վարչակարգն ազգային զայրույթի առջեւ, այլեւ նա հասկանում է իրադրության ողջ դժվարությունը: Այսինքն, նա հասկանում է, որ այն այլանդակությունները, որոնք արել է իր հարազատների կլանն իշխանության գլխին լինելու ողջ ընթացքում, ներառյալ իր անփառունակ կառավարումը, շատ շուտով ավարտվելու են:

 

-Ինչպիսի՞ դիրք է բռնել ադրբեջանական ընդդիմությունն այս հարցում:

 

- Պետք է նշեմ, որ մեզ ամենաքիչն է հետաքրքրում ու անհանգստացնում այն հարցը, թե ինչ դիրք է բռնել ընդդիմությունը, որովհետեւ մեզ չի հետաքրքրում իշխանության համար նրանց պայքարը: Այդ պայքարը մեր` այս տարածաշրջանի բնիկ ազգերի հետ, որեւէ առնչություն չունի: Ավելի կոնկրետ, մենք չենք պայքարում այս երկրում իշխանությունը վերցնելու համար: Մեր պայքարն ուղղված է սեփական երկիր ստեղծելուն եւ, հետեւաբար, մեր ժողովուրդների համար սեփական իշխանական համակարգ ունենալուն: Ինչ վերաբերում է ադրբեջանական ընդդիմության տեսակետին Գուբայի դեպքերի հետ կապված, այն կարելի է ձեւակերպել այսպես. որեւէ վերաբերմունքի բացակայություն: Այդ այսպես կոչված ընդդիմությունը միշտ հավատարմորեն ծառայել ու ծառայում է կլանին եւ հրաշալիորեն կատարում վերջինիս հրահանգները: Սա սիստեմային ընդդիմության ամենապրիմիտիվ օրինակն է: Նման «ընդդիմություններ» եղել են նաեւ Մուբարաքի ժամանակ Եգիպտոսում, Բեն Ալիի ժամանակ` Թունիսում: Պատահական չէ, որ մտավորականության մի որոշ ստվար զանգված օրերս լքեց ադրբեջանական ընդդիմության շարքերը եւ ստեղծեց «Մտավորականության ֆորում», որի մեջ մտան նաեւ իմ կողմից շատ հարգված գիտնականներ: Չնայած այսօր այդ ֆորումի մասնակիցները բավարարվում են երկրի հասարակական-քաղաքական կյանքի տարատեսակ ոլորտներում չհասունացած բարեփոխումների մասին վախվորած հայտարարություններով, բայց հետագայում նրանք, ըստ իս, կարող են դառնալ մասսայական հասարակական ակցիաների գլուխը, բայց դա միայն այն դեպքում, եթե չգնան ներկայիս «ընդդիմության» հետքերով:

 

- Ըստ ձեզ, ինչպե՞ս պետք է լուծվի ԼՂՀ հակամարտությունը:

 

- Չնայած իմ համեստ կարծիքը որեւէ ազդեցություն չի ունենալու կարգավորման գործընթացի վրա, բայց կարծում եմ, որ հակամարտության կարգավորման լուծումը կա: Ասեմ ավելին, այդպիսի լուծումը թաղված չէ այնքան խորը, ինչպես թվում է որոշ դիտորդների: Իմ կողմից ասեմ հետեւյալը. մենք ինքներս էլ ենք պայքարում մեր ժողովրդի իրավունքների համար, ուստի մեր կողմից ապերախտություն կլիներ չընդունել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ղարաբաղի ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ ինչպես եւ ում հետ է ուզում ապրել: Այս խոսքերն արտահայտում են թե թալիշ ժողովրդի, թե մեր հողերում բնակվող մյուս ժողովուրդների տեսակետը:

 

- Ինձ հայտնի է, որ Դուք եղել եք Հայաստանում: Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները Հայաստանի մասին:

 

- Այո, ես եղել եմ Հայաստանում: Բայց դա շատ վաղուց էր: Այդ այցից շատ հաճելի հուշեր են մնացել ձեր գեղեցիկ երկրի ու աշխատասեր ժողովրդի մասին: Նախկինում ժողովուրդներն ու երկրները դանդաղորեն էին փոխվում: Հետեւաբար, մեկ անգամ այցելելով որեւէ երկիր, մարդը կարող էր երկար տարիների համար տպավորություն կազմել տվյալ երկրի մասին: Հիմա ամեն ինչ այլ է, աշխարհն արագորեն փոխվում է: Ուստի դժվարանում եմ որեւէ բան ասել այսօրվա Հայաստանի մասին:

 

Բացի այդ, երբ խոսում ենք որեւէ երկրի մասին, առաջին հերթին ի նկատի ունենք այդ երկրում առկա քաղաքական իշխանությունը ու նրա վարած քաղաքականությունը: Չկան աշխարհում վատ երկրներ ու ժողովուրդներ: Հայաստան կատարած իմ այցից հետո իշխանությունն այնտեղ փոխվել է: Դժվարանում եմ ասել, թե ինչպիսի իշխանություն է դա եւ կոնկրետ ինչպիսի քաղաքականություն է իրականացնում երկրի ներսում: Կարող եմ մի բան ասել. Հայաստանում ապրում են ոչ քիչ թվով մարդիկ, որոնց ես վստահաբար կարող եմ անվանել իմ ու իմ ժողովրդի ընկերներ:

 

Ֆահրադին Աբոսզոդայի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին