WikiLeaks. հնարավոր է, որ հայկական թեմաներով նոր նյութեր հասնեն մեզ - Mediamax.am

15205 դիտում

WikiLeaks. հնարավոր է, որ հայկական թեմաներով նոր նյութեր հասնեն մեզ

Ջուլիան Ասանժը
Ջուլիան Ասանժը

Լուսանկարը`


Վիքիլիքսի մամուլի խոսնակ Քրիստինն Հրաֆընսոնի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին

Քրիստինն Հրաֆընսոնը իսլանդացի հետաքննող լրագրող է, մի շարք աղմկահարույց հետաքննությունների հեղինակ: 2004, 2007 եւ 2010 թվականներին ճանաչվել է Իսլանդիայի տարվա լրագրող: 2010-ից Վիքիլիքսի մամուլի խոսնակն է: Ջուլիան Ասանժի մտերիմ ընկերն է:

 

- Վիքիլիքսի բացահայտումներում որքա՞ն է կազմում Հայաստանին վերաբերող մասը:

 

- Ընդհանուր առմամբ, մենք հրապարակել ենք 1700 փաստաթուղթ Հայաստանից, եւ դրանց կեսն այս կամ այն կերպ գաղտնազերծումներ է պարունակում: Սա շատ փոքր թիվ է այն 250 հազար համաշխարհային դիվանագիտական խողովակներից (cables), որոնցից մենք ինֆորմացիա ենք ստանում: Հայաստանը հիշատակված է ավելի քան 5000 խողովակներում, եւ հնարավոր է, որ, սրանցից բացի, հայկական բովանդակությունն ավելի մեծ լինի, եթե որոնման համակարգում ոչ թե «Հայաստան» բառն որոնենք, այլ, ասենք, հետաքրքրության կենտրոնում գտնվող հայ պաշտոնյաների, բիզնեսմենների անուններ: Գոյություն ունեն որոնման համակարգեր, որոնց միջոցով կարելի է Վիքիլիքսի քոնթենթում գտնել այն ամենը, ինչ հետաքրքրում է: Դրանցից լավագույնը http://www.cablegatesearch.net-ն է:

 

 - Հայ պաշտոնյաներից, բիզնեսմեններից որեւէ մեկը կապվե՞լ է Վիքիլիքսի ներկայացուցիչների հետ, ասենք, բողոքել կամ սպառնացել իր անվան հետ կապված հրապարակումների պատճառով:

 

- Ես տեղյակ չեմ հայ որեւէ պաշտոնյայի` Վիքիլիքսի հետ կապվելու փորձերի մասին: Նաեւ տեղյակ չեմ Հայաստանի հետ հարաբերություններ ունեցողների, այդ երկրով հետաքրքրվողների այդ կարգի քայլերի մասին: Բոլորն էլ գիտեն, որ մենք չենք խոնարհվի որեւէ արտաքին ճնշման առջեւ: Մեր հրապարակումների քաղաքականության մասին բոլորն էլ գիտեն:

 

Վիքիլիքսի մամուլի խոսնակ Քրիստինն Հրաֆընսոնը

 

- Հայ հասարակությունը մոտ ապագայում պե՞տք է սպասի հայկական թեմաների շուրջ վիքիլիքսյան նոր բացահայտումների:

 

- Ինչպես նախկինում ենք նշել, մենք նախապես չենք ընտրում թիրախը` երկիր, ընկերություն կամ անձ: Ամեն դեպքում, եթե կա նյութ, որը քաղաքացիական պարտքի զգացում ունեցող անձինք համարում են, որ պետք է հրապարակվի, մենք դա պարտադիր անում ենք: Շատ հնարավոր է, որ հայկական թեմաներով նոր նյութեր կհասնեն մեր կազմակերպությանը, եւ մենք դրանք կհրապարակենք:

 

- Վիքիլիքսի համար աշխատող ազգությամբ հայեր կա՞ն:

 

- Անվտանգության նկատառումներից ելնելով՝ չեմ կարող քննարկել մեզ համար աշխատող անձանց ազգությանը վերաբերող հարցեր: Վիքիլիքսում աշխատողներից միայն մի քանիսի ինքնության մասին է հրապարակային խոսվում: Բայց Վիքիլիքսն իր համար աշխատող մարդիկ ունի ողջ աշխարհում:

 

- Որո՞նք են Վիքիլիքսի գործունեության ողջ ընթացքում արված ամենակարեւոր գաղտնազերծումները:

 

 - Դրանք շատ են, դժվար է առանձնացնելը: Դեռ շատ վաղուց Վիքիլիքսը բացահայտեց Քենիայում առկա կոռուպցիոն երեւույթները, անօրինական եւ թունավոր թափոնների առկայությունը Կոտ Դ՛Իվուարում, կոռուպցիան իսլանդական բանկերում: Կարեւոր եմ համարում իրաքցի խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունը պատկերող տեսանյութը, որը ցույց տվեց պատերազմի իրական դեմքը (խոսքը 2007-ի հուլիսի 12-ին Բաղդադում տեղի ունեցած ողբերգության մասին է, երբ ԱՄՆ զինված ուժերի երկու ուղղաթիռների կրակահերթի արդյունքում սպանվեց 18 մարդ, որոնցից շատերը կապ չունեին ապստամբական խմբավորումների հետ, այդ թվում երեխաներ եւ կանայք, ինչպես նաեւ «Ռոյթերսի» երկու լրագրող: 2010-ին ուղղաթիռից նկարված այդ գործողության  37 րոպեանոց տեսանյութը հրապարակվեց Վիքիլիքսի կողմից, որը մեծ հասարակական արձագանք առաջացրեց  – հեղ.): Դա միակ դեպքը չէր, երբ մենք հրապարակեցինք իրաքյան պատերազմին վերաբերող սենսացիոն նյութեր: Բոլոր այս հրապարակումները եւ ծրագրերը շատ կարեւոր էին, բայց ամենամասշտաբային արտահոսքը Վիքիլիքսի պատմության մեջ Cablegate նախագիծն էր:

 

Վիքիլիքսի մամուլի խոսնակ Քրիստինն Հրաֆընսոնը

 

- Դուք Ջուլիան Ասանժի մտերիմ ընկերն եք: Ասանժը մինչ օրս տնային կալանքի տակ է, բայց դա նրան չի խանգարում շարունակել զբաղվել հասարակական գործունեությամբ: Ըստ Ձեզ, դեռ որքա՞ն ժամանակ կշարունակվի Ասանժի հետապնդումը եւ ինչպիսի՞ն կլինի հանգուցալուծումը:

 

- Այսօրվա դրությամբ գիտենք, որ դատական նիստը տեղի է ունենալու մայիսի 30-ին Մեծ Բրիտանիայում, որտեղ Ասանժը պայքարում է Շվեդիա էքստրադիցիայի դեմ: Այդ դեպքում գոյություն ունի նրան ԱՄՆ էքստրադիացիա ենթարկելու վտանգը, որտեղ, ըստ մեր տեղեկությունների, արդեն կա Ասանժի դեմ դատարանի մեղադրական վճիռը: Նման վճիռ գոյություն ունի նաեւ մյուսների մասով, ովքեր ասոցացվում են Վիքիլիքս նախագծի հետ: Վիքիլիքսի, նրա հիմնադրի ու աշխատակազմի դեմ հետապնդումները կարծես վերջ չունեն:

 

- Արաբական հեղափոխությունների ողջ շղթայի մեջ ի՞նչ աստիճանի էր վիքիլիքսյան բացահայտումների ազդեցությունը:

 

- Ողջ աշխարհը գիտի, որ Թունիսը դոմինոյի առաջին քարն էր, որն ընկավ, ու դարձավ հետագա իրադարձությունների սկզբնաղբյուրը: Իհարկե, Վիքիլիքսի դերն այստեղ ակնհայտ է: Բեն Ալիի բռնապետության կոռուպցիոն երեւույթների մասին մեր բացահայտումները թունիսցիներին շատ զայրացրին: Ըստ նախկին ընդդիմադիրների, Թունիսի ներկայիս նախագահի եւ ակտիվիստների, Վիքիլիքսը մեծ դեր է խաղացել 2010-ի դեկտեմբերից 2011-ի հունվարը Թունիսում տեղի ունեցած դրամատիկ իրադարձություններում:

 

Քրիստինն Հրաֆընսոնի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը` հատուկ Մեդիամաքս-ի համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին