Պասկալ Զեմպ. «Copy/Paste անողները հիմարներ են» - Mediamax.am

3601 դիտում

Պասկալ Զեմպ. «Copy/Paste անողները հիմարներ են»

Շվեյցարացի մեդիա-փորձագետ Պասկալ Զեմպը
Շվեյցարացի մեդիա-փորձագետ Պասկալ Զեմպը

Լուսանկարը` http://www.cosifu.ch

Լուսանկարը`


Շվեյցարացի փորձագետ Պասկալ Զեմպը տարիներ շարունակ ղեկավարել է կոնվերգենտ (փոխակերպված) խմբագրությունների կազմակերպման գործընթացը: Նա երկար տարիներ աշխատել է թերթերում եւ մուլտիմեդիա խմբագրություններում,  ղեկավարել է նոր համակարգերի եւ գործելաոճի ներդրման աշխատանքները: Արդեն 5 տարի է` հետամուտ է տարբեր երկրներում խմբագրությունների միավորման (տպագիր, առցանց, մոբայլ) գործընթացին: Օրերս փորձագետը Հայաստանում հանդես էր եկել «Խմբագրությունների զարգացման միջազգային միտումներ» թեմայով դասախոսությամբ:

 

Մեդիամաքս-ի թղթակցի հետ Պասկալ Զեմպը խոսել է հայաստանյան լրատվամիջոցների խմբագրական աշխատանքի, առկա խնդիրների մասին:

 

- Հայաստանում մի շարք խմբագիրների հետ եք շփվել, ի՞նչ խնդիրներ նկատեցիք եւ ի՞նչ լուծումներ կառաջարկեք:

 

- Հայաստանյան լրատվական դաշտում պետք է անցկացնել խմբագիրների կոնֆերանս` հավաքվեն, խոսեն առկա խնդիրների մասին, որոշեն` ինչպես վարվել:

 

Համոզված եմ` դրանից ոչ ոք չի տուժի, բարեհաջող քննարկման արդյունքում ամեն բան իր տեղը կընկնի: Պետք է գիտակցել` եթե նույն նավակի մեջ չեն, ապա նույն ծովի վրա են: Այս օրերին երկու խմբագիրների հետ հասցրեցի ծանոթանալ: Նրանք ճիշտ հարցեր էին տալիս, համոզված եմ, որ շուտով կգտնեն դրանց ճիշտ պատասխանները:

 

- ԶԼՄ-ներում հեղինակային իրավունքի խնդիրն բավական սուր է: Ինչպիսի՞ն է Ձեր փորձն այս հարցում:

- Կայքերում եւ առհասարակ լրատվամիջոցներում հեղինակային իրավունքի խնդիրները վկայում են վատ կրթության մասին: Հայաստանում մի խմբագրի հետ էի խոսում այս հարցի շուրջ, նա էլ դժգոհություն հայտնեց: Նրան առաջարկեցի, որ հեղինակային իրավունքը խախտողին «ինվոյս» ուղարկի այնքան ժամանակ, մինչեւ դրանց ընդհանուր գումարը հատի 2 500 դոլարի սահմանը, ապա ասի, որ պատրաստ է «ինվոյսները» պատռել, եթե նա խոստանա այլեւս չխախտել իր հեղինակային իրավունքը: Copy/Paste անողները հիմարներ են:

 

- Հինգ տարի է` հետամուտ եք տարբեր երկրներում խմբագրությունների միավորման (տպագիր, առցանց, շարժական) գործընթացին: Հայաստանում ինչպե՞ս կարող է ընթանա տպագիր, առցանց եւ շարժական խմբագրությունների միավորումը:

 

- Այս օրերի ընթացքում պարզեցի, որ Հայաստանում ունեք շատ լավ 3G ցանցեր եւ բավական լայն WiFi-ի ծածկույթ: Քիչ երկրներում եմ նման հնարավորություններ տեսել: Ներկայումս խմբագրության աշխատանքն անհնար է նաեւ առանց լայնաշերտ ինտերնետի: Երբ Հայաստանում սմարթֆոն օգտագործելու մակարդակն աճի, այս շուկայում բում կլինի: Մարդիկ փոխել են ԶԼՄ-ից օգտվելու սովորությունները. Արդեն այսօր աշխարհի բնակչության 30%-ը լրատվություն ստանալու համար օգտվում է ինտերնետից, 40%-ը` մամուլից, իսկ 80%-ն ունի բջջային հեռախոս, որը հանդիսանում է ԶԼՄ-ից օգտվելու միջոց:

 

- Ի՞նչ է պետք խմբագրություններում նոր համակարգերի եւ գործելաոճի հաջող  ներդրման  համար:

- Նախեւառաջ, հաջողության հասնելու համար խմբագիրները պետք է կարողանան ճիշտ համադրել ու փոխկապակցել անալոգային եւ թվային աշխատանքի հոսքը:

 

Պասկալ Զեմպի հետ զրուցել է  Սիրանուշ Եղիազարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին