Վիլեմ վան դեր Գիսթ. Ի՞նչ կտա Հայաստանին Եվրամիության հետ ԽՀԱԱՀ-ի կնքումը - Mediamax.am

6679 դիտում

Վիլեմ վան դեր Գիսթ. Ի՞նչ կտա Հայաստանին Եվրամիության հետ ԽՀԱԱՀ-ի կնքումը

Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի առեւտրի գծով քաղաքականության խորհրդատու Վիլեմ վան դեր Գիսթը
Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի առեւտրի գծով քաղաքականության խորհրդատու Վիլեմ վան դեր Գիսթը

Լուսանկարը`


Այս տարվա փետրվարին Եվրոպական Միության Առեւտրային Քաղաքականության Հանձնաժողովը միաձայն որոշում է կայացրել Հայաստանի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի (ԽՀԱԱՀ) շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ: Այս համաձայնագիրը զգալիորեն կնվազեցնի առեւտրային պատնեշները երկու կողմերի միջեւ, ինչի նախապայմանը Հայաստանի տնտեսության զգալի որակական փոփոխություններն են: ԽՀԱԱՀ շուրջ բանակցությունների առաջին փուլը կմեկնարկի հունիսի 19-ին Բրյուսելում, որտեղ մայիսի սկզբին կայացել է նախապատրաստական հանդիպումը՝ այսպես կոչված «զրոյական փուլը»:

 

Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի առեւտրի գծով քաղաքականության խորհրդատու Վիլեմ վան դեր Գիսթը Մեդիամաքս-ի եւ Banks.am-ի հետ հարցազրույցում պատմել է, թե ինչ փոփոխություններ են սպասում Հայաստանի տնտեսությանը համաձայնագիրը ստորագրելու համար եւ որքան է դա տեւելու:

 

- Հայաստանի եւ ԵՄ միջեւ սկսվում են ԽՀԱԱՀ շուրջ բանակցությունները: Ինչպե՞ս եք գնահատում դրանց մեկնարկը, եւ ի՞նչ հարցեր են գտնվում օրակարգում:

 

- Հայաստանի հետ ԽՀԱԱՀ շուրջ բանակցություններն, իրոք, այլեւս իրականություն են: 2009-ին Եվրահանձնաժողովը Հայաստան ուղարկեց մեծ փաստահավաք խումբ, որը մատնանշեց բարեփոխման ենթակա բազմաթիվ ոլորտներ, որոնցից, որպես առաջնահերթություն բանակցություններ սկսելու համար, ընտրվեցին 3-ը՝ առեւտրի տեխնիկական պատնեշները, սանիտարական եւ բուսասանիտարական ստանդարտները, ինչպես նաեւ մտավոր սեփականության պաշտպանությունը:

 

Այսպիսով, 3 տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը ձեռնարկել է անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ եւ 2012թ. մայիսի 3-ին Բրյուսելում կայացել է բանակցությունների պաշտոնական մեկնարկը՝ այսպես կոչված «զրոյական փուլը», որի ընթացքում քննարկվել են հիմնականում կազմակերպչական հարցեր. ինչպե՞ս են բանակցություններն ընթանալու եւ որ ոլորտներն են դառնալու քննարկման առարկա:

 

Բանակցությունների առաջին փուլը կկայանա հունիսի 19-20-ին` Բրյուսելում: Դեռ վաղ է գնահատական տալ բանակցություններին, բայց դրանց մեկնարկը շատ կառուցողական եւ դրական էր: Կարծում եմ, ԵՄ եւ Հայաստանի միջեւ առկա է լավ փոխըմբռնում:

- Հայ-ռուսական համալսարանում վերջերս տեղի ունեցած դասախոսության ժամանակ դուք նշեցիք, որ բանակցությունները կարող են տեւել 3 տարի կամ ավելի՝ կախված Հայաստանի կողմից ձեռնարկվող տնտեսական բարեփոխումների արագությունից: Հայաստանում այժմ ընթանում են բարեփոխումներ սննդի անվտանգության, հակամենաշնորհային կարգավորման, հարկային եւ մաքսային ոլորտներում: Դատելով այս բարեփոխումների տեմպերից՝ ի՞նչ եք  կարծում, կհասցնի՞ արդյո՞ք Հայաստանը հասնել համաձայնագրի կնքմանը 3 տարում:

 

- Կարծում եմ՝ 3 տարին իրատեսական ժամկետ է: Ավելի կարճ ժամանակահատվածում նպատակին հասնելն իրատեսական չէ, քանի որ բարեփոխումները վերաբերում են բազմաթիվ ոլորտներին: Բարեբախտաբար, Հայաստանն արդեն ունի մաքսատուրքերի բավականին պարզ կառուցվածք, այսպիսով՝ փոփոխությունը տեղի կունենա համեմատաբար սահուն: Բացի այդ, Հայաստանը փոքր տնտեսություն է, եւ այս առումով 3 տարին ամբողջովին իրատեսական ժամանակահատված է:

 

- Սպասվող անցումն ավելի շատ վերաբերում է օրենսդրակա՞ն, թե՞ վարչարարական փոփոխություններին:

 

- Տեղի կունենան բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ, որոշ ինստիտուտներ պետք է դառնան ավելի ուժեղ, հետեւաբար, օրենքների կատարումը պետք է եւս ուժեղանա: Որոշ ոլորտներում, ինչպիսիք են, օրինակ, սննդի անվտանգությունը, աշխատանքներն արդեն մեկնարկել են. 2011-ի նոյեմբերին կառավարությունը ընդունել է սննդի անվտանգության ռազմավարություն, որն այժմ սկսել է իրականացվել: Այլ ոլորտներում աշխատանքները դեռ սկսվում են: Օրինակ, դեռ շատ քիչ է արվել առեւտրի եւ ծառայությունների ոլորտում:

 

Այսպիսով` բանակցությունների ընթացքում բարեփոխվելու են բազմաթիվ ոլորտներ: Այն հատվածներում, որտեղ փոփոխությունները լինելու են առավել հիմնավոր, միջազգային չափանիշներին հասնելու համար ավելի երկար ժամանակ է պահանջվելու, եւ այդ ոլորտներին տրվելու է անցումային շրջան ԽՀԱԱՀ ստորագրումից հետո:

 

- Այնպիսի տպավորություն է, որ տնտեսական բարեփոխումները Հայաստանում դանդաղ են ընթանում: Երբ համեմատում ենք Հայաստանը Վրաստանի հետ, թվում է, որ թեեւ երկու երկրներում ընթանում են նույն բարեփոխումները, Վրաստանում դրանք շատ ավելի արագ են արդյունք տալիս: Ի՞նչ եք կարծում այդ հարցի շուրջ:

 

- Արդարացի էք, բարեփոխումները Հայաստանում փոքր-ինչ դանդաղ են ընթանում, բայց դա անսովոր երեւույթ չէ: ԵՄ-ին անդամակցած Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում, օրինակ, Ռումինիայում եւ Բուլղարիայում, եւս մի քանի տարի պահանջվեց անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ անցկացնելու եւ պետական ինստիտուտների անհրաժեշտ վերակազմավորման համար, այնպես որ այս գործընթացը դանդաղ է, բայց ոչ տարօրինակ:

 

Ես այնքան էլ լավատեղյակ չեմ Վրաստանից՝ Հայաստանի հետ այն համեմատելու համար, բայց գիտեմ, որ որոշ բարեփոխումներ այնտեղ իրոք բավականին սրընթաց էին, հատկապես՝ 2004-ին եւ 2005-ին: Բայց միջազգային դիտորդների կողմից ընկալում կա, որ այդ բարեփոխումների մի մասը չեն տվել սպասված արդյունքները: Այսպիսով` որոշ դեպքերում ավելի լավ է գնալ փոքր-ինչ դանդաղ, բայց անել դա հիմնավոր, քան շտապել եւ իրականացնել պոպուլյար քայլեր՝ ավելի ուշ հայտնաբերելով, որ դրանք անօգուտ էին: Այնպես որ, քանի դեռ կա շոշափելի եւ կայուն առաջընթաց, աստիճանական մոտեցումն ընդունելի է:

 

- ԽՀԱԱՀ հիմնական նախապայմաններից է ներքին շուկայում ազատ տնտեսական մրցակցությունը եւ մենաշնորհների խիստ վերահսկողությունը: Ինչպե՞ս է այս գործընթացը տեղի ունենալու Հայաստանում: Ինչպիսի՞ն է մենաշնորհների կասեցման լավագույն եվրոպական, կամ գուցե համաշխարհային փորձը, հատկապես երբ, եւ դա Հայաստանում գաղտնիք չէ, դրանցից շատերը սերտաճած են իշխանությունների հետ:

 

- Մենաշնորհների ետմղումը որոշիչ քայլ է: Ցանկացած տնտեսությունում՝ լինի այն Ֆրանսիան, Գերմանիան, Հայաստանը թե Վրաստանը, կան մենաշնորհներ: Կան որոշակի մենաշնորհներ, որոնք կոչվում են բնական, քանի որ դրանք հիմնված են միասնական ցանցերի վրա, ինչպիսիք են օդանավակայանը, բնական գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի բաշխումը, երկաթուղին եւ այլն: Սրանք միշտ էլ մնալու են ամբողջ աշխարհում: Հարցն այն է, որ դրանք կարգավորվեն: Եվ կարգավորումը պետք է լինի այնպիսին, որ նոր ձեռնարկատերը կարողանա մուտք գործել շուկա եւ օգտվել այդ ցանցերից: 

- Բայց Հայաստանում կան տասնյակ անբնական մենաշնորհներ: Ինչպե՞ս վարվել նրանց հետ:  

 

- Այստեղ առաջ է գալիս մրցակցային քաղաքականության հարցը: Ձեռնարկատերերը, որոնք ցանկանում են մուտք գործել որեւէ շուկա, օրինակ` սննդամթերքի, մեքենաների կամ բջջային հեռախոսների ներկրման եւ այլն, պետք է վստահ լինեն, որ իրենց չեն խանգարի վերոհիշյալ ոլորտների գործող սուբյեկտները:

 

ԵՄ-ում մենք ունենք Մրցակցության գծով Գլխավոր Դիրեկտորատ, որը վերլուծում է, արդյոք առկա են գնային ֆիքսման դեպքեր, հակամրցակցային պայմանավորվածություններ, անբարեխիղճ մրցակցություն դեպքեր, եւ այս կառույցը մեծ տուգանքներ է նշանակում: Երեւի, տեղյակ եք Մայքրոսոֆթի հայտնի գործի մասին. Եվրահանձնաժողովը տուգանել է կորպորացիային $ 500 մլն-ով` հակամրցակցային համարելով վերջինիս կողմից իր ինտերնետ բրաուզերի առաջխաղացման եղանակը: Կան նույնիսկ ավելի մեծ տուգանքների դեպքեր. թանկարժեք ապակի արտադրող երեք ընկերություններ Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Ճապոնիայից պայմանավորվել են ֆիքսել գներն իրար միջեւ, ինչը խստիվ արգելված է: Հանձնաժողովը գտավ գնային պայմանավորվածության ապացույցներ եւ $ 1.5 մլրդ-ական տուգանքներ նշանակեց, ինչը բերեց վերոհիշյալ ընկերությունների սնանկացմանը:

 

Այսպիսով, Հայաստանի համար կարեւոր է, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ունենա բավարար լիազորություններ` նմանատիպ միջոցառումներ ձեռնարկելու համար: Հանձնաժողովի համար պետք է հասանելի դառնան խախտումների մեջ կասկածվող ձեռնարկությունների բոլոր հաշիվները: Օրինակ` նրանք պետք է կարողանան անցկացնել անակնկալ ստուգումներ: Եվ եթե հանձնաժողովը գտնի մրցակցային օրենսդրության խախտման դեպքեր, տուգանքը պետք է այնքան մեծ լինի, որպեսզի օրինախախտի մոտ այլեւս խախտելու գայթակղություն չմնա:

 

Իհարկե, մենք գիտենք, որ ընկերությունները միշտ կփորձեն քողարկված գործարքներ կնքել: Ահա այդ պատճառով կարգավորող մարմինը պետք է ուժեղ լինի: Եվ դա նշված խնդրի լուծման համար Հայաստանում սպասվող օրենսդրական եւ ինստիտուցիոնալ փոփոխություններից միայն մեկն է:

 

Անիմաստ է ակնկալել, որ բոլոր մենաշնորհները կվերանան մեկ օրվա ընթացքում: Դա կտեւի ավելի երկար, քանի որ դրանք ուժեղ են եւ ճյուղավորված: Հնարավոր է, կոռուպցիոն ճանապարհներով նրանք ստանում են որոշ պաշտոնյաների եւ գերատեսչությունների հովանավորչությունը, այնպես որ, կարծում եմ, հակամենաշնորհային քաղաքականության կարեւոր բաղկացուցիչներից է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը: Սա միջոցառումների մի ամբողջական ծրագիր է եւ չի վերաբերում զուտ մրցակցությանը վերաբերող հարցերի լուծմանը:

 

- Ի՞նչ է փոխվելու ԵՄ հետ առեւտրային հարաբերություններ ունեցող միջին հայկական ընկերության համար ԽՀԱԱՀ ստորագրումից հետո: Ի՞նչ է փոխվելու Հայաստանի հետ առեւտուր անող, կամ մեր երկրում ներդրումներ իրականացնող ԵՄ ռեզիդենտ ընկերությունների համար, եւ ի՞նչ է փոխվելու Հայաստանի միջին բնակչի համար:

 

- Եվրոպական շուկան շատ ավելի հասանելի կդառնա հայկական ընկերությունների համար: Եթե նրանք արտահանող են, ԵՄ արտահանելը շատ ավելի հեշտ կլինի: Եթե նրանք կախված են ԵՄ-ից եկող ներմուծումներից կամ ներդրումներից, երկուսն էլ շատ ավելի կհեշտանան, ինչը ձեր ընկերություններին կդարձնի շատ ավելի մրցունակ: Առայժմ դեպի ԵՄ արտահանում իրականացնող հայկական ընկերությունները սակավաթիվ են, բայց գրեթե բոլորը ինչ-որ բան այնտեղից ներմուծում են: Հայաստանի համախառն ներմուծման շուրջ կեսը ԵՄ-ից է:

 

ԵՄ ռեզիդենտ ընկերությունների գործունեությունը եւ պետական մարմինների կողմից վերաբերմունքը Հայաստանում այլեւս ոչնչով չի տարբերվի հայաստանյան կապիտալով ընկերությունների առջեւ դրվող պայմաններից, ինչը հեշտացնելու է ԵՄ ռեզիդենտ ընկերությունների գործունեությունը Հայաստանում: Հայաստանն իրենց համար կդառնա ավելի հրապուրիչ եւ ապահով երկիր, ինչը կհանգեցնի ներդրումների աճին:

 

Հայաստանի միջին քաղաքացուց ժամանակ կպահանջվի փոփոխությունները զգալու համար, քանի որ մենք խոսում ենք 5-7 տարվա ժամանակահատվածի մասին, մինչեւ որ փոփոխություններն արդյունք տան: Բայց ավելի երկարաժամկետ հատվածում Հայաստանի բնակիչները կտեսնեն ապրանքների եւ ծառայությունների ավելի մեծ ու բազմազան առաջարկ: Ապրանքները նաեւ կէժանանան` ներմուծման խոչընդոտների նվազեցման շնորհիվ, եւ, իհարկե, արտահանման աճն իր հետ աշխատատեղերի աճ կհարուցի:

 

- Հայաստանի ձեռնարկատերերի շրջանում տեսակետ կա, որ ԽՀԱԱՀ-ը կդժվարացնի Հայաստանում բիզնես վարելը: Ի՞նչ եք կարծում այս դիտարկման մասին:

 

- Կարծում եմ, դա սխալ ըմբռնում է, եւ մենք փորձում ենք  դա բացատրել: Իհարկե, բազմաթիվ ինդուստրիաներ պետք է բարելավեն իրենց արտադրանքի որակը` արտասահմանյան շուկաներ մտնելու համար: Սա գլոբալացում է; դուք չեք կարող շարունակել արտադրել ցածրորակ ապրանքներ: Համոզված եմ, բարձրորակ տեղական արտադրանքի մեջ հետաքրքրված է նաեւ Հայաստանի բնակչությունը: Անշուշտ, սա մարտահրավեր է բազմաթիվ ինդուստրիաների համար, բայց եթե նրանք չներդնեն զարգացման մեջ, նրանք կպարտվեն: Ահա թե ինչու ենք մենք խոսում անցումային փուլի մասին: Մենք չենք իրականացնում փոփոխությունները մեկ օրում. ինդուստրիաները համաձայնագրի ստորագրումից հետո 2-5 տարի կունենան տեխնոլոգիական արդիականացման համար:

 

Օրինակ` մենք ասում ենք, որ անհրաժեշտ են սննդի անվտանգության ավելի բարձր ստանդարտներ: Սա նաեւ ձեր երկրում շարքային գնորդների պահանջն է եւ միաժամանակ նախապայման ԵՄ շուկա մուտք գործելու համար: Այնպես որ ընկերությունները պետք է ներդրումներ իրականացնեն` անհրաժեշտ պահանջներին համապատասխանելու համար: Այլ ճանապարհ չկա:

Վիլեմ վան դեր Գիսթի հետ զրուցել է Ռուբեն Հարությունյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին