Դեւիդ Լիդինգթոն. «Կարեւոր է չանել քայլեր, որոնք փառաբանում են մարդասպանին» - Mediamax.am

8107 դիտում

Դեւիդ Լիդինգթոն. «Կարեւոր է չանել քայլեր, որոնք փառաբանում են մարդասպանին»

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Դեւիդ Լիդինգթոնը
Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Դեւիդ Լիդինգթոնը

Լուսանկարը` http://davidpetrie.files.wordpress.com

Լուսանկարը`


Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Դեւիդ Լիդինգթոնի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին

Դեւիդ Լիդինգթոնն այս շաբաթ այցելեց Երեւան եւ հանդիպեց Հայաստանի ղեկավարությանը: Մեկնելուց առաջ նա ամփոփեց այցի արդյունքները Մեդիամաքս-ի թղթակից Արամ Արարատյանի հետ զրույցում:

 

- Այցի նախօրեին Ձեր Twitter-ում գրել էիք, որ վերջին 6 տարիների ընթացքում սա Միացյալ Թագավորության ներկայացուցչի առաջին նախարարական այցն է Հայաստան: Չե՞ք կարծում, որ բավականին երկար ընդմիջում էր:

 

- Այո, եթե անկեղծ լինեմ, երկար ժամկետ էր, եւ ես ուրախ եմ լինել այստեղ: Այցը երկու հիմնական նպատակ ուներ: Առաջին հերթին, հրապարակային կերպով հաստատել, որ Մեծ Բրիտանիան դիտարկում է Հայաստանը որպես բարեկամական գործընկեր, որպես մի երկիր, որը մերձենում է ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ: Հայաստանն իր ներդրումն ունի Աֆղանստանում խաղաղապահ գործողության մեջ: Հայաստանը շարունակում է տնտեսական եւ ժողովրդավարական բարեփոխումները, որոնք մոտեցնում են ձեր երկիրը եվրոպական չափանիշներին: Հուսով եմ, որ Հայաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կկնքի եւ առաջընթաց կարձանագրի Ազատ առեւտրի գոտու բանակցություններում: Այդ ամենը ողջունելի է: 

 

Երկրորդ հերթին, այցը կարեւոր էր երկկողմ հարաբերությունների տեսանկյունից: Ես հանդիպել եմ հայկական բիզնես-միջավայրի ներկայացուցիչների հետ եւ նրանց հետ խոսել այն մասին, թե ի՞նչ պետք է անենք մեր երկրների միջեւ առեւտրային հարաբերությունները եւ ներդրումները էլ ավելի խրախուսելու համար: Դա նաեւ հանդիսանում է մեր ազգային քաղաքականության մի մասը: Վարչապետ Դեւիդ Քեմերոնը քաջալերում է բրիտանական ընկերություններին շուկաներ փնտրել աշխարհի զարգացող երկրներում, ինչպիսինն է Հայաստանը, եւ հակառակը` ողջ աշխարհի ընկերություններին կոչ է անում Մեծ Բրիտանիան դիտարկել որպես բիզնեսի համար բաց, հուսալի գործընկեր, որը կողջունի ներդրումները:

 

Բացի այդ, այցի նպատակն էր ամրապնդել Հայաստանի հետ երկկողմ քաղաքական կապերը:

 

- Այս տարի նշվում է Հայաստանի Հանրապետության եւ Մեծ Բրիտանիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատման 20-ամյակը: Ի՞նչ է արվել այս ընթացքում, եւ ինչպես եք գնահատում հարաբերությունների ներկա մակարդակը:

 

- Մեր երկրների հարաբերությունները գտնվում են բարձր բարեկամական  մակարդակի վրա է, սակայն անհրաժեշտ է շարունակել զարգացնել դրանք: Մասնավորապես, ես հնարավորություններ եմ տեսնում առեւտրային կապերի զարգացման համար: Հայաստանը ցանկանում է շարունակել իր տնտեսության հետագա արդիականացումը: Ես փոխադարձ հնարավորություններ եմ տեսնում, օրինակ, հանքարդյունաբերական ոլորտում: Բրիտանական ընկերությունները հետաքրքրված են այստեղ գործունեության ծավալմամբ, ինչը թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել եւ նոր հարկային մուտքեր ապահովել:

 

Այս տարի մենք նշում  ենք նաեւ Հայաստանում Բրիտանական Խորհրդի աշխատանքի 10 տարին: Մեր երկրում սովորում են բավականին թվով հայ ուսանողներ, նրանք ուսումնասիրում են մեր լեզուն ու մշակույթը, եւ մենք ողջունում ենք դա: Եվ, իհարկե, մենք ուրախ էինք տեսնել նախագահ Սարգսյանին Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացմանը:

 

- Շարունակենք երկկողմ տնտեսական կապերի թեման: Ձեր կարծիքով, որո՞նք են այսօր գլխավոր մարտահրավերները եւ հնարավորությունները այս ոլորտում:

 

- Կարծում եմ, հնարավորությունները շատ մեծ են: Արդեն այսօր, զբոսնելով Երեւանի կենտրոնում, կարող եք տեսնել բրիտանական բրենդեր: Այլ բրիտանական ընկերություններ եւս կարող են հաջողությամբ իրենց տեղը գտնել հայկական շուկայում:

 

Իմ ուղերձ է Հայաստանին՝ շարունակել տնտեսական արդիականացումը: Երբ զրուցում եմ բրիտանական ընկերությունների ներկայացուցիչների հետ ողջ աշխարհում, մասնավորապես, Եվրոպայում, այն մասին, թե ինչպիսի՞ գործոններ են նրանք հաշվի առնում՝ ներդրումային որոշումներ ընդունելիս, պատասխանը հետեւյալն է. գործո՞ւմ է արդյոք այդ երկրում թափանցիկ հարկային օրենսդրություն, կա՞ արդյո՞ք բարենպաստ բիզնես-միջավայր, կարելի՞ է արդյոք վստահ լինել, որ լիցենզավորման եւ թույլտվությունների հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն արդար կերպով: Հայաստանը հսկայական առաջընթաց է գրանցել, ես ընդունում եմ դա, սակայն հենց Հայաստանի ղեկավարներն են շեշտում, որ անելիքները դեռ շատ են: Այս համատեքստում կարծում եմ, որ Հայաստանը պետք է իրեն էլ ավելի գրավիչ դարձնի արտասահմանյան ներդրումների համար, ինչպես նաեւ ձեւավորի մրցակցային ներքին շուկա:

- Ինչպե՞ս եք գնահատում երկու երկրների դեսպանությունների աշխատանքը Երեւանում եւ Լոնդոնում:

 

- Երկու դեսպանատներն էլ շատ ակտիվ են: Գիտեմ, որ այստեղ մեր դեսպանները տրամադրված են աշխատել մեր հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Նրանք շատ մանրամասն հաղորդում են մեզ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական եւ սոցիալական զարգացումների մասին: Ինչ վերաբերում է Լոնդոնում Հայաստանի դեսպանությանը, ապա այն լի է էներգիայով: ՀՀ դեսպանը այցելեց ինձ այցիս նախօրեին` որոշ հարցերի հետ ինձ ավելի մանրամասն ծանոթացնելու նպատակով:

-  Հայկական քաղաքական որոշ շրջանակներում կարծիք կա, որ Մեծ Բրիտանիան հատուկ հետաքրքրություններ չունի Հայաստանում, հատկապես, եթե զուգահեռներ ենք անցկացնում Ադրբեջանի հետ: Որքա՞ն արդարացված եք համարում նման մոտեցումը:

 

- Մենք բարեկամական հարաբերություններ ունենք թե Հայաստանի, եւ թե Ադրբեջանի հետ: Ճիշտ է, մենք Ադրբեջանում շատ կարեւոր բիզնես-շահեր ունենք` կասպյան հանքավայրերում British Petroleum-ի ներդրումների արդյունքում: Բայց իմ փաստարկն այն է, որ Մեծ Բրիտանիայի տնտեսական շահերը թելադրում են նաեւ աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբին: Հարավային Կովկասը քարտեզի վրա ինչ-որ անկյուն չէ, սա մի տարածաշրջան է, որտեղ Մեծ Բրիտանիան իր տնտեսական շահերն ունի, որոնք կարող են վտանգվել նոր հակամարտության պարագայում: Ահա թե ինչու մեր շահերից բխում է, որպեսզի այստեղ խաղաղություն ու կայունություն տիրի: Եվ սա այն է, ինչ մենք ցանկանում ենք տեսնել:

- Դուք բազմիցս նշել եք, որ Կովկասում խաղաղությունը ու կայունությունը բրիտանական կառավարության համար կարեւոր առաջնահերթություններից է: Այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի իշխանությունների քայլը` ներում շնորհել եւ հերոսացնել մարդասպանին: Չե՞ք կարծում, որ նման քայլն էլ ավելի բարդացրեց իրավիճակը տարածաշրջանում:

 

- Մենք չենք ցանկանում տեսնել որեւէ քայլ, որը կարող են մեծացնել լարվածությունը եւ շեղել խաղաղության եւ հաշտեցման գործընթացից: Մենք ողջունել եւ աջակցել ենք այդ խնդրի շուրջ Եվրոպայի Խորհրդի, ԵՄ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից արված հայտարարություններին: Կարեւոր է չձեռնարկել քայլեր, որոնք փառաբանում են մարդասպանին: Պատահածը հաշվի առնելով` կարծում եմ, որ մենք պետք է անհապաղ ուղիներ գտնենք Մինսկի գործընթացը արդիականացնելու համար, քանի որ դա մեր ձեռքին եղած միակ գործիքն է:

 

- Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք ԵՄ անդամ Հունգարիայի գործողությունները:

 

- Հունգարիայի կողմից ընդունված որոշումների բացատրությունն այդ երկրի, նրա ղեկավարների եւ իրավական համակարգի գործն է: Ինձ հաստատ դուր չէր գա, եթե Հունգարիայի առաջնորդները սկսեին մեկնաբանել բրիտանական իրավական համակարգի կողմից ընդունված որոշումները:

 

- 2012 թվականի հունվարին, մեկնաբանելով Ձեր երկրի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ, Դուք նշել էիք Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակությունների համագործակցության անհրաժեշտությունը: Ասել էիք, որ բրիտանական կառավարությունն այսպես կոչված Conflict Pool-ի միջոցով կֆինանսավորի £1,06 մլն արժողությամբ հատուկ ծրագիր: Ավելի մանրամասն կպատմե՞ք այդ նախագծի մասին:

 

- Այն, ինչ փորձում ենք անել այդ սահմանափակ ծրագրի միջոցով, մարդկանց միջեւ շփումները հնարավոր դարձնելն է: Լեռնային Ղարաբաղի խնդրի հիմնական մարտահրավերներից մեկն այն է, որ հասարակ մարդկանց, տարբեր հասարակությունների միջեւ գրեթե ոչ մի շփում չկա: Կարծում եմ, դա վերաբերում է երկու հարեւան երկրներին` Հայաստանին եւ Ադրբեջանին, բայց ավելի շատ բուն Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց: Մարդկանց միջեւ շփման խրախուսումը, իհարկե, չի կարող լուծել բոլոր խնդիրները, սակայն դա մի փոքր քայլ է, որը մենք փորձում ենք իրականացնել առանց Մինսկի խմբի հիմնական աշխատանքին միջամտելու, որն այդ քաղաքական գործընթացում հիմնական դերն է խաղում: Սա բխում է Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության մեր սեփական փորձից, որտեղ սկզբում մարդկանց միջեւ շատ քիչ շփում կար, սակայն դա օգնեց հետագա քաղաքական հաշտեցման համար դրական պայմաններ ստեղծել:

 

Երբեք չի կարելի ամբողջովին վերցնել եւ տեղափոխել հակամարտության փորձը աշխարհի մի մասից մյուսը: Բայց կարելի է այլ դեպքերից որոշ դասեր քաղել եւ օգտագործել` ձեր սեփական հակամարտությունը լուծելու համար:

 

- Չնայած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչերին` Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի դիմում այդ քայլին: Ո՞րն է պատճառը:

 

- Մենք ընդունում ենք, որ 1915 թվականին տեղի ունեցածը մեծ ողբերգություն էր: Մեծ թվով մարդիկ ահռելի տանջանքների ենթարկվեցին: Ես չեմ ցանկանում նսեմացնել այդ փաստը, սակայն կարծում եմ, որ Հայաստանը եւ Թուրքիան պետք է հաշտվեն միասնական պատմության հետ, այլ ոչ թե մենք որակումներ տանք:

- Անցյալ տարի մեզ հետ այդ թեմայի շուրջ խոսելիս՝ Հայաստանում Իսրայելի դեսպանը նշեց, որ այդ մասին հարկավոր է խոսել` հաշվի առնելով “realpolitik”-ը: Համաձա՞յն եք դրա հետ: 

 

- Գիտեք, նախարար դառնալուց հետո ինձ կոչ են արել բազմաթիվ պատմական իրադարձություններ որակել որպես ցեղասպանություն: Մենք կարծում ենք, որ դա պատմական վերքեր են, որոնց բուժմանը չեն օգնի մեր կողմից արվող որակումները:

 

Եթե նայենք անգլո-իռլանդական պատմությունը, ապա կտեսնենք, որ մենք շատ դրվագներ ունենք, երբ բազմաթիվ մարդիկ են զոհվել, եւ այս կամ այն կողմը կարող է մատնանշել դրանք: Պատմաբանները շարունակում են մեր պատմության այս կամ այն դրվագի մասին բանավեճերը: Վերջ ի վերջո, մենք գալիս ենք այն եզրակացության, որ ժամանակակից պետությունները եւ ժամանակակից հասարակություններն աշխատում են ընդհանուր պատմության մեջ միմյանց նկարագրությունը, լավ եւ վատ էջերը գտնելու եւ, ամենակարեւորը, խաղաղ ուղու նոր սկիզբ ունենալու համաձայնության ուղղությամբ: 

 

- British Airways ընկերությունը որոշում է կայացրել դադարեցնել Լոնդոն-Երեւան ուղիղ չվերթները: Չե՞ք կարծում, որ այդ որոշումը կարող է սխալ ուղերձ լինել Հայաստանի համար: 

 

- Ցավում եմ, որ այդպես եղավ, բայց դա առեւտրային որոշում է: British Airways-ը բրիտանական կառավարության սեփականությունը չէ, այն մասնավոր անկախ ընկերություն է: Դա բիզնես որոշում է: Կարծում եմ, որ դա մարտահրավեր է Հայաստանի համար, որը պետք է մտածի, թե ինչպես կարող է հետաքրքրել այլ ավիաընկերություններին` հայկական շուկա մուտք գործելու եւ ուղիղ չվերթներ ապահովելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին