Ժոզե Բառոզու. «ԵՄ-ն ակնկալում է, որ ընտրությունները կհամապատասխանեն միջազգային չափանիշներին» - Mediamax.am

12283 դիտում

Ժոզե Բառոզու. «ԵՄ-ն ակնկալում է, որ ընտրությունները կհամապատասխանեն միջազգային չափանիշներին»

Ժոզե Մանուել Բառոզու
Ժոզե Մանուել Բառոզու

Լուսանկարը`


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին

Եվրոպական հանձնաժողովի նախագահը նոյեմբերի 30-ին կժամանի Երեւան` Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արեւելյան գործընկերության համաժողովին մասնակցելու համար: Այցի նախօրեին նա Մեդիամաքս-ին հարցազրույց է տվել:

 

- Հայ պաշտոնյաներն ասում են, որ 2012 թվականի ընթացքում Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերություններում մեծ առաջընթաց է գրանցվել: Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը: Ո՞րն էր գլխավոր ձեռքբերումը եւ ի՞նչն է հետագա ջանքեր պահանջում:

 

- Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերություններն էլ ավելի ակտիվացան 2012 թվականին: Լավ առաջընթաց է գրանցվել Ասոցացման համաձայնագրի բանակցություններում, որը նախատեսում է Հայաստանի եւ Եվրամիության քաղաքական ասոցացում եւ տնտեսական ինտեգրում: Այդ շրջանակներում ս.թ. հուլիսից անց են կացվել Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի բանակցային երեք փուլեր: Այդ համաձայնագիրը հայկական արտահանումը դեպի ԵՄ 30%-ով ավելացնելու ներուժ ունի: Հուսով ենք, որ 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին մենք մոտ կլինենք բանակցությունների ավարտին` երկու ուղղություններով: 

 

2012 թվականի փետրվարին բանակցություններ սկսեցինք մուտքի արտոնագրերի դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերի վերաբերյալ: Բանակցությունները ռեկորդային կարճ ժամանակահատվածում ավարտվեցին եւ հոկտեմբերին նախաստորագրվեցին: Ակնկալում ենք, որ երկու համաձայնագրերը զուգահեռաբար ուժի մեջ կմտնեն 2013 թվականի կեսերին: ԵՄ եւ Շենգենի գոտու երկրների քաղաքացիների համար կարճաժամկետ արտոնագրերի վերացման Հայաստանի որոշման հետ մեկտեղ, այդ գործընթացը կաջակցի փոխադարձ շարժունակության աճին: Թույլ տվեք նաեւ ասել, որ Հայաստանը հավելյալ €15 միլիոնի աջակցություն է ստացել «ավելին` ավելիի դիմաց» (more for more) սկզբունքին համաձայն, որով ԵՄ-ն խրախուսում է բարեփոխումները:

 

- Դուք Հայաստան կայցելեք նախագահական ընտրություններից 2,5 ամիս առաջ: Ի՞նչ եք ակնկալում այդ ընտրություններից եւ որքանո՞վ կարեւոր են դրանք Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունների ապագայի համար:

 

- ԵՄ-ն ակնկալում է, որ ընտրությունները կանցնեն միջազգային չափանիշներին համապատասխան: Մենք լիովին աջակցում ենք այն առաջարկներին, որոնք խորհրդարանական ընտրություններից հետո արվեցին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից: Այդ առաջարկները պետք է իրագործվեն որքան հնարավոր է շուտ: Ինչպես գիտեք, մեր քաղաքականությունը հիմնվում է «ավելին` ավելիի համար» սկզբունքի վրա. որքան խորն են բարեփոխումները, այդքան ավելի շատ կարող է օգնել ԵՄ-ն: 

- ՀՀ կառավարությունը եւ Եվրոպական հանձնաժողովը բանակցություններ են վարում  Դոնորների համաժողովի անցկացման վերաբերյալ: Արդյո՞ք այդ համաժողովի անցկացումը կապվա՞ծ է ՀՀ ընտրությունների եւ միջազգային չափանիշներին դրանց համապատասխանության հետ:

 

- ԵՄ-ն պատրաստ է օգնել Հայաստանին կազմակերպել դոնորների համաժողով` միջազգային այլ դոնոր-կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Ակնհայտ է, որ Հայաստանը պետք է իրականացնի հիմնական նախապատրաստական աշխատանքները, որպեսզի համաժողովի արդյունքները լիովին համապատասխանեն իր սպասելիքներին: Եթե նախապատրաստական աշխատանքները իրականացվեն բարձր մակարդակով, եւ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունները շարունակեն դրական ուղղությամբ զարգանալ, ապա մենք կարող ենք աջակցել համաժողովի կազմակերպմանը:

 

- ԵՄ-ն միշտ էլ կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին փոխզիջումների գնալ: Ադրբեջանի նախագահը նախորդ շաբաթ հրապարակավ հայտարարեց, որ «Հայաստանը դրսից վերահսկվող գաղութ է», Հայաստանն անվանեց «ոչ մի արժեք չունեցող երկիր»: Չե՞ք կարծում, որ նման հայտարարությունները նվազեցնում են Հայաստանի` փոխզիջումներ որոնելու ցանկությունը: 

 

- Լեռնային Ղարաբաղի հարցում փոխզիջում որոնելը բխում է Հայաստանի շահերից: Նույնը վերաբերում է Ադրբեջանին: Այդ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Հակամարտության վերսկսումը կարող է լրջորեն վնասել բոլոր ներգրավված կողմերին: ԵՄ-ն չափազանց հետաքրքրված է կայուն հարեւանության մեջ, հենց դա է Եվրոպական հարեւանության եւ Արեւելյան gործընկերություն քաղաքականության հիմնական իմաստը: ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է միջնորդական գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, մենք հակամարտության կողմերի միջեւ վստահության միջոցներին նպաստելու կարևոր ծրագրեր ունենք: Հարավային Կովկասի եւ Վրաստանի հակամարտության հարցերով զբաղվող մեր հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ֆիլիպ Լեֆորը նույնպես լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

 

Մեր ընտրանին