Իրակլի Ալասանիա. «Երկկողմ համագործակցությունը ռազմական ոլորտում ավելի գործնական է դարձել» - Mediamax.am

9835 դիտում

Իրակլի Ալասանիա. «Երկկողմ համագործակցությունը ռազմական ոլորտում ավելի գործնական է դարձել»

Իրակլի Ալասանիա
Իրակլի Ալասանիա

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը`


Վրաստանի պաշտպանության նախարարի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին

Մարտի 7-ին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան կկատարի իր առաջին այցը Հայաստան: Այցի նախօրեին նա բացառիկ հարցազրույց է տվել Մեդիամաքսին:

 

- Ի՞նչ կարծիքի եք Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ: Համարու՞մ եք արդյոք, որ երկու երկրները պետք է խորացնեն հարաբերություններն այդ ասպարեզում:

 

- Նախեւառաջ, թույլ տվեք ընդգծել, որ մեր երկրներն ունեն շատ լավ բարիդրացիական հարաբերություններ, ինչն արտացոլվում է մեր համագործակցության բազմաթիվ ուղղություններում:

 

Պաշտպանության ոլորտը բացառություն չէ: Մենք երկար տարիներ համագործակցում ենք տարբեր ասպարեզներում` ռազմական կրթություն եւ ուսուցում, փոխանակվում ենք պաշտպանության ռազմավարական պլանավորման եւ պաշտպանական բարեփոխումների ոլորտում ձեռք բերված փորձով:

 

Հայ զինվորականներին պարբերաբար հրավիրում ենք մասնակցելու միջազգային դասընթացներին մեր ռազմական բուհերում: Վերջին տարիների ընթացքում մեր համագործակցությունն աշխուժացել է՝ դառնալով ավելի գործնական: Թույլ տվեք ավելացնել նաեւ, որ տարածաշրջանում կայունության, անվտանգության եւ խաղաղության պահպանման համար անհրաժեշտ է համագործակցել բոլոր հարեւանների հետ:

 

- Որքան մեզ հայտնի է, Հայաստանի ու Վրաստանի միջեւ չկան ստորագրված փաստաթղթեր ռազմական համագործակցության ասպարեզում: Չե՞ք նախատեսում մոտ ապագայում համաձայնագրեր ստորագրել հայաստանյան գործընկերների հետ:

 

- Վրաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունները աշխատում են մի քանի փաստաթղթերի վրա, որոնք կոչված են պաշտոնականացնել մեր համագործակցության կոնկրետ ուղղությունները: Ներկայումս դրանք դեռեւս փաստաթղթերի նախագծեր են, ներքին ընթացակարգերը շարունակվում են, եւ նրանք կստորագրվեն, երբ կողմերը համաձայնեցնեն բոլոր դրույթները:

 

Բացի այդ, 2010 թվականից սկսած մենք ամեն տարի կնքում ենք երկկողմ համագործակցության ծրագրեր պաշտպանության ոլորտում: 

 

- Վրաստանն ու Հայաստանը կարո՞ղ են կազմակերպել համատեղ զորավարժություններ:

 

- Ինչպես արդեն նշեցի, մենք ունենք բավականին աշխույժ համագործակցություն, որը լավ հնարավորություններ է ընձեռում բազմաթիվ համատեղ ձեռնարկների համար: Որպես օրինակ կարող եմ բերել համատեղ մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում գործող Սաչխերիի լեռնային նախապատրաստության եւ կրթության կենտրոնի դասընթացներին:

 

- Հնարավո՞ր է համագործակցությունը եւ փորձի փոխանակումը հայ եւ վրաց խաղաղապահների միջեւ:

 

- Վրաստանյան Զինված ուժերը աշխարհի տարբեր մասերում միջազգային խաղաղապահ գործողություններին մասնակցելու հարուստ փորձ ունեն: 1999 թվականից սկսած մենք մեր զինվորականներին ուղարկում ենք Կոսովո, Իրաք, այժմ՝ Աֆղանստան: Օպերատիվ միջավայրի բազմազանությունը եւ տեւողությունը մեծ փորձ է տվել մեր Զինված ուժերին: Նույնը կարող ենք ասել նաեւ ՀՀ Զինված ուժերի մասին: Անհրաժեշտ է կատարել փորձի փոխանակում եւ միասին վերլուծել այն դասերը, որոնք քաղել ենք այդ առաքելություններին մասնակցելու ընթացքում՝ ընթացիկ եւ հնարավոր հետագա խաղաղապահ առաքելություններում մեր ընդգրկման արդյունավետությունն ապահովելու նպատակով:

 

Այդ առումով արդեն կատարել ենք որոշակի քայլեր: 2011 թվականին Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչներն այցելեցին Վրաստան, որպեսզի մասնակցեն խաղաղապահ գործողություններում ձեռք բերված փորձի փոխանակման վերաբերյալ քննարկումներին: Կարծում եմ, կարող ենք հաջողությամբ շարունակել համագործակցությունն այդ ուղղությամբ:

 

- Վրաստանի որոշ քաղաքական գործիչներ ՀՀ տարածքում ռուսական ռազմական բազայի առկայությունն ընկալում են որպես «հնարավոր սպառնալիք» Վրաստանի համար: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այդ հարցում:

 

- Բոլորին հայտնի է, որ Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 %-ը, ինչը սպառնալիք է ոչ միայն մեր ազգային շահերի ու պետականության համար, այլեւ ապակայունացնող գործոն է հանդիսանում ողջ տարածաշրջանի համար: Ռուսաստանի ռազմական ներկայությունը Վրաստանի տարածքում մենք համարում ենք սպառնալիք տարածաշրջանային կայունության համար:

 

Հաշվի առնելով մեր բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ՝ համոզված ենք, որ ՀՀ տարածքում ռուսական ռազմական բազան չի օգտագործվի մեր դեմ: Մեր տեսլականը հետեւյալն է. տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման համար անհրաժեշտ է աշխատել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Վրաստանի նոր կառավարության առաջնահերթություններից մեկը Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության աստիճանական թուլացումն է: 

 

Կարծում ենք, որ մեր պրագմատիկ մոտեցումը, որը նախատեսում է համագործակցության վերսկսում ռուսաստանյան գործընկերների հետ տնտեսության, մշակույթն ու սոցիալական ոլորտներում, կհանգեցնի կառուցողական բանակցությունների օկուպացված տարածքների հարցում: Միեւնույն ժամանակ, պետք է հստակ լինի, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը տեղի չի ունենա Վրաստանի տարածքային ամբողջականության հաշվին:

 

- Վերջին տարիներին վրաց-թուրքական ռազմական համագործակցությունը անհանգստության առիթ է եղել Հայաստանի համար: Նախատեսու՞մ եք արդյոք այդ հարցը քննարկել Ձեր հայաստանյան գործընկերների հետ:

 

- Ինչպես արդեն ասացի, կարեւոր է համագործակցել բոլոր հարեւանների հետ տարածաշրջանում կայունության, անվտանգության եւ խաղաղության ապահովման նպատակով: Այդ համագործակցությունն ուղղված չէ ոչ մի երկրի ազգային շահերի դեմ եւ ծառայում է բացառապես խաղաղ նպատակների:

 

- 2011թ. գարնանը, երբ Դուք դեռ ընդդիմության ներկայացուցիչ էիք, մեր գործակալության հետ հարցազրույցում ասացիք, որ կցանկանայիք ավելի շատ հայ քաղաքական գործիչներ տեսնել Վրաստանում: «Վրաստանը դրանից միայն կշահի»,- ասացիք Դուք: Իշխող կոալիցիան այսօր պատրա՞ստ է խրախուսել վիրահայերի ակտիվ ներգրավումը քաղաքականության մեջ, եւ ինչպե՞ս կարելի է դա անել:

 

- Այո, ես կարող եմ վերահաստատել իմ հավատարմությունն այդ գաղափարին. քաղաքական բազմակարծությունը եւ բոլոր էթնիկ խմբերի ու քաղաքական դերակատարների ներկայացուցիչների ներգրավումը երկրի քաղաքական գործընթացներում կարեւոր գործոն է պետականության ամրապնդման տեսանկյունից՝ ժողովրդավարական արժեքներին համապատասխան: Մենք վրաց հասարակության բոլոր ներկայացուցիչներին ու խմբերին խրախուսում ենք ավելի ակտիվ մասնակցություն ցուցաբերել Վրաստանի քաղաքական կյանքին` ինչպես կենտրոնական, այնպես էլ տեղային մակարդակներում:

 

Իրակլի Ալասանիայի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին