Ռուբեն Վարդանյան. «Գլխավոր ակտիվը ստեղծագործ մարդիկ են, ովքեր ձգտում են ինչ-որ բանի հասնել» - Mediamax.am

18672 դիտում

Ռուբեն Վարդանյան. «Գլխավոր ակտիվը ստեղծագործ մարդիկ են, ովքեր ձգտում են ինչ-որ բանի հասնել»

Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը`


Բրիտանական Coutts ընկերությունը հրատարակել է իր Coutts Million Dollar Donors Report ամենամյա հաշվետվությունը, որում ներկայացված է հարցազրույց Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի հետ:  

 

Մեդիամաքս-ը ներկայացնում է հարցազրույցում շարադրված որոշ մտքեր:

 

Վերոնիկա Զոնաբենդ: Մեր ընտանիքն առաջին անգամ սկսեց բարեգործությամբ զբաղվել բավական վաղուց՝ փոքր նվիրատվություններ անելով կոնկրետ անձանց եւ ծրագրերին: Օրինակ, մենք միջոցներ ենք հատկացրել կրթաթոշակների եւ դրամաշնորհների համար, ֆինանսավորել ենք գրքերի հրատարակությունը Հայաստանի պատմության ու Հայոց Ցեղասպանության մասին, ինչպես նաեւ non-fiction գրականության ռուսերեն թարգմանություն ու հրատարակություն Ռուսաստանում:

 

Ռուբեն Վարդանյան: Մեր ընտանիքը գործընկերների հետ միասին մասնակցում է Ռուսաստանում բարեգործության համակարգի զարգացմանն ու դրա թափանցիկության բարձրացմանը: Օրինակ, ոլորտում արհեստավարժ մասնագետներ ընդգրկելու համար մենք վճարում ենք բարձր որակավորում ունեցող մենեջերների աշխատավարձը 6 բարեգործական հիմնադրամներում, ինչպիսին է, օրինակ, «Նվիրիր կյանք»-ը:  

 

Վերոնիկա Զոնաբենդ: Մոտ հինգ տարի առաջ Ռուբենի հետ որոշեցինք, որ չի կարելի ընդգրկել անսահմանությունը եւ հարկավոր է կենտրոնանալ սահմանափակ թվով ծրագրերի վրա, որոնցում մենք կներդնենք ֆինանսական միջոցներ, մեր ջանքերն ու ժամանակը, քանի որ դա ամենաարժեքավորն է, ինչ մենք ունենք:

 

Դիլիջանի միջազգային դպրոցը

 

Վերոնիկա Զոնաբենդ: Եթե խոսենք աշխարհագրական մոտեցման մասին, ապա մենք մեր ծրագրերն իրականացնում ենք Հայաստանում եւ Ռուսաստանում, քանի որ հավատում ենք, որ այդ երկրներում մեր ջանքերը առավելագույն արդյունք կտան:

 

Այժմ իմ ամբողջ ժամանակը նվիրում եմ Դիլիջանի միջազգային դպրոցին, որը սկսվում էր որպես ամառային ճամբարի համեմատաբար փոքր ծրագիր: Հետո հայեցակարգի զարգացման գործընթացում հասկանալի դարձավ, որ տարածաշրջանում առկա է կրթության շատ մեծ պահանջարկ, սակայն չկան բավարար թվով բարձր մակարդակի միջազգային դպրոցներ: Այդ պատճառով մեր ծրագիրն աստիճանաբար վերածվեց ավելի քան 100 մլն դոլար ծավալի կապիտալ ներդրումներով միջազգային դպրոցի, որտեղ սովորելու են երեխաներ ամբողջ աշխարհից: Հինգ տարվա ընթացքում մենք թիմի եւ ճարտարապետի հետ եղանք տարբեր երկրների առաջատար ուսումնական հաստատություններում, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում աշխարհում, ընկալենք նոր գաղափարները, ընդհանրացնենք փորձն ու փորձենք խուսափել սխալներից, որոնք թույլ են տրվում նոր դպրոցների կառուցման ընթացքում:   

 

Պայքար մարդկային ռեսուրսների համար

 

Ռուբեն Վարդանյան: Կարծում եմ, որ XXI դարում հիմնական պայքարը լինելու է մարդկային ռեսուրսների համար, գլխավոր ակտիվը լինելու են կրթված ու ստեղծագործ մարդիկ, ովքեր իսկապես ձգտում են ինչ-որ բանի հասնել: Այժմ, երբ երկրների միջեւ շփումներն ավելի սերտ են դառնում, իսկ մարդկանց անձնական եւ գործնական շահերը տեղաբաշխված են ամբողջ աշխարհում, տարբեր մշակույթների ընկալումը հսկայական նշանակություն է ձեռք բերում: Եվ դա է ցանկացած պետության, ցանկացած վերնախավի եւ ցանկացած հանրության հաջող ապագայի բանալին:  

 

Վերոնիկա Զոնաբենդ: Այսօր գոյություն ունեցող կրթական համակարգերը չեն համապատասխանում ժամանակակից հասարակության պահանջներին: Այս դարում մարդկանց անհրաժեշտ հմտություններն ու կարողություններն, անկասկած,  տարբերվում են նրանցից, որոնք պետք էին անցյալում: Օրինակ, ամենապահանջված որակներն են դառնալու լայն աշխարհայացքն ու ստեղծագործական մտածելակերպը՝ այն, ինչը ժամանակակից կրթությունը մարդկանց մեջ չի դաստիարակում:

 

Պարզապես չեկ դուրս գրելն ամենահեշտն է

 

Վերոնիկա Զոնաբենդ: Բարեգործության մեջ չեկ դուրս գրելն ամենահեշտ գործողությունն է: Բայց եթե իսկապես ցանկանում եք այս աշխարհում ինչ-որ բան դեպի լավը փոխել, ապա պետք է ձեր ծրագրերին տաք ամենաարժեքավորն, ինչ ունեք՝ ձեր էներգիան ու ժամանակը, եւ ծրագրերով զբաղվեք խանդավառությամբ ու սիրով: Չնայած բոլոր դժվարություններին եւ շատ լարված ժամանակացույցին, աշխատանքս ինձ էներգիա է տալիս եւ կյանքին նոր իմաստ է հաղորդում:   

 

Ռուբեն Վարդանյան: Ինձ դուր է գալիս անձամբ ակտիվ մասնակցություն ցուցաբերել այն ծրագրերի իրականացմանը, որոնց մենք աջակցում ենք: Օրինակ, մենք ծրագրում ենք Շոտլանդիայում մասնակցել Դամֆրիս Հաուս պատմական վայրի վերանորոգման ծրագրին, որի նախաձեռնողը արքայազն Չարլզն է: Ծրագրով նախատեսված է կրթական փոխանակման ծրագիր Շոտլանդիայի քոլեջների եւ Դիլիջանի միջազգային դպրոցի սաների համար: Մենք հույս ունենք նաեւ ընդօրինակել արեւմտյան խոշորագույն այնպիսի հիմնադրամների փորձը, ինչպիսին է Bosch Foundation եւ այլ մասնավոր ընտանեկան հիմնադրամներ:     

 

Չտալ խոստումներ, որոնք չես կարող կատարել

 

Վերոնիկա Զոնաբենդ: Պարզվում է, մարդիկ, ովքեր ցանկանում են բարի գործ կատարել եւ ձգտում են օգնել, աշխարհում ավելի շատ են, քան ես ենթադրում էի: Լավ արարքների մասին ավելի քիչ են խոսում, քան վատերի:   

 

Կարեւոր է հնարավորինս շատ պատմել լավ արարքների մասին: Տարբեր տարածաշրջաններում բազմաթիվ մարդիկ պարզապես անհավանական բաներ են անում, թեեւ տեղի իշխանություններից ոչ միշտ է կարելի օգնություն ակնկալել: Օրինակ, վերջերս ես ծանոթացա մի աղջկա հետ, որը որբ երեխաների համար օնլայն-ուսուցման ծրագիր է իրականացնում ինքնուրույն, առանց պետության օժանդակության: Այդպիսի մարդիկ արժանի են շրջապատի ճանաչմանն ու հարգանքին:

 

Ռուբեն Վարդանյան: Հարկավոր է լինել շատ ու շատ հետեւողական եւ կատարել խոստումները, ինչպես նաեւ` չտալ այնպիսի խոստումներ, որոնք չես կարող կատարել:

 

Վերոնիկա Զոնաբենդ: Եթե իսկապես ցանկանում եք բարի գործ անել, պատրաստ եղեք նրան, որ բարեգործությունը դառնալու է ձեր կյանքի կարեւոր մասը: Խուսափե՛ք երկակի ստանդարտներից եւ անկեղծ եղեք ձեր արած գործում: Օրինակ, եթե ես ասում եմ, որ մենք կառուցում ենք աշխարհի լավագույն դպրոցներից մեկը, ուրեմն իմ երեխաները սովորելու են այնտեղ:  

 

Ռուբեն Վարդանյան: Սահմանե՛ք, թե ձեզ համար ինչ է նշանակում հաջողությունը, եւ զինվե՛ք համբերությամբ:  

 

Երեխաներն ու փողը

 

Ռուբեն Վարդանյան: Մենք պայմանավորվել ենք մեր երեխաների հետ, որ նրանց մեծ ժառանգություն չենք թողնելու, որպեսզի ազատենք մեծ կարողության հետ կապված խնդիրներից: Դրա փոխարեն մենք գումարները կծախսենք բարի գործերի վրա, եւ հուսով եմ, որ նրանք կմիանան դրան եւ կշարունակեն այն, ինչ մենք սկսել ենք:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին